Չեխիայի նախագահ Զեմանը հրաժեշտ է տվել չեխ ժողովրդին. «Առաջին հերթին ձգտել եմ պաշտպանել Չեխիայի ազգային շահերը»

  • 30.12.2022
  • 0
  • 143 Views

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հրաժեշտ է տվել չեխ ժողովրդին՝ մորավացի բանաստեղծի քառյակով. ,, A kdybychom se víckrát neviděli, bylo to krásné a bylo toho dost. Sbohem a šáteček. ,, Vítězslav Nezval «Թե չտեսնվենք շատ անգամներ, Այսքանն էլ գեղեցիկ ու բավական էր: «Մնաք բարով» եմ ձեզ մաղթում, Եվ վզկապս թափահարում…» Վիտեսլավ Նեզվալ ——-/ ։

Երկուշաբթի կեսօրին (26.12.2022թ.) Չեխիայի Հանրապետության նախագահ՝ Միլոշ Զեմանը, Պրահայից արևմուտք ընկած Կլադնոյի շրջանի Լանի ամրոցից հանդես է եկել իր վերջին Սուրբծննդյան և Ամանորի հեռուստաուղերձով՝ ազդարարելով գալիք տարվա գարնանն իր նախագահական լիազորությունների ավարտը։ Ուղերձին ամենայն մանրամասնությամբ անդրադարձել են՝ (27.12.2022 թ.) չեխական ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ, ՄՖ ԴՆԵՍ և ՊՐԱՎՈ օրաթերթերը։

Նախագահ Զեմանի հրաժեշտի ելույթը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև՝ ամբողջությամբ. «Բարի՛ օր, հարգելի համաքաղաքացինե՛ր, արդեն տասներորդ անգամն է, ինչ հանդիպում ենք հանրապետության նախագահի տոնական ուղերձին։ Եվ քանի որ տասներորդն է, այն նաև մեր վերջին հանդիպումն է։ Ուստի այսօրվա ուղերձը բաժանել եմ երկու մասի։ Առաջինում, որպես կանոն, կցանկանայի կենտրոնանալ անցնող տարվա ընթացիկ իրադարձություններին։ Իսկ երկրորդում կցանկանայի ամփոփել իմ քաղաքական կյանքի երեսուներկու տարիները, քանի որ ձեր առջև ունեմ հաշվետվության պարտավորություն։ Ուստի կխնդրեի ներողամիտ լինել, եթե խոսքս մի փոքր երկարի։ Ի վերջո սա, ինչպես ասացի, վերջին անգամն է։

Երեք խնդիրներ

Եթե խոսքը գնում է ընթացիկ իրադարձությունների մասին, ապա դրանցից ամենաէականը, անկասկած, Ռուսաստանի ագրեսիան է Ուկրաինայի դեմ։ Միշտ եղել եմ Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական պատշաճ փոխհարաբերությունների կողմնակիցը՝ մասնավորապես էժան էներգետիկ հումքի մատակարարման ոլորտում։ Բայց լինում են իրավիճակներ, երբ տնտեսական շահերն իրենց տեղը պետք է զիջեն անվտանգության շահերին։ Քանզի նշված ագրեսիան սպառնալիք է թե՛ համաշխարհային և թե՛ Չեխիայի անվտանգության համար։ Հետևաբար, այդ պայքարում, Չեխիայի կողմից Ուկրաինային օգնության ցուցաբերման լիովին աջակիցն եմ և հավատում եմ, որ վաղ թե ուշ ազատ երկրների ճնշումը կստիպի Ռուսաստանին լքել Ուկրաինայի տարածքը։

Երկրորդ խնդիրը, որին պետք է առնչվեինք այս տարի, էներգետիկ ճգնաժամն էր։ Թեև էներգիայի գները մինչ այդ արդեն բարձրանում էին, ռուսական ագրեսիան զգալիորեն նպաստեց դրանց աճին։ Էլեկտրաէներգիայի գնաճի մեկ այլ անտեսված գործոն է հանդիսանում նաև, այսպես կոչված, «Կանաչ գործարք» – Green Deal ֆանատիզմը։ Ներքին այրման շարժիչներով մեքենաներն արգելելու, ածուխով աշխատող էլեկտրակայանները և նույնիսկ ատոմակայանները հարևան Գերմանիայի օրինակով սահմանափակելու, ինչպես նաև վերջերս մթնոլորտային օդը վնասող սահմանային արտանետումների թույլտվությունների ընդլայնման փորձերը նույնպես զգալիորեն նպաստում են էներգիայի գների բարձրացմանը։

Երրորդ և վերջին խնդիրը, որի մասին կցանկանայի խոսել, արժեզրկումն ու Չեխիայի թանկացումներն են, որը ներկայումս մեր տնային տնտեսություններին անհանգստացնող խնդիրն է։

Արժեզրկումն ունի մի քանի գործոն։ Դրանցից մեկը, ինչպես նշեց պրոֆեսոր Յան Շվեյնարը, տոկոսադրույքների բարձրացումն է Չեխիայի Կենտրոնական բանկի կողմից։ Տոկոսը ինքնին ծախս է, իսկ ծախսն արտացոլվում է գնի մեջ։ Այդ իսկ պատճառով, գործի դնելով իրավական լիազորություններս, ընտրեցի թե՛ բանկի կառավարչին, թե՛ խորհրդի անդամներին՝ այն փորձագետների շարքից, ովքեր տոկոսադրույքների բարձրացման ընդդիմախոսներ էին։ Իրականում նշված դրույքաչափերը խորացնում են հիփոթեքային ճգնաժամը և նվազեցնում վարկերի հասանելիությունը։

Արժեզրկման հաջորդ գործոնը բյուջետային դեֆիցիտն է, ինչն արտահայտվում է փողերի քանակի ավելացման ձևով։ Վետո դրեցի 2022 թվականի պետական ​​բյուջեի մասին օրենքի փոփոխության վրա՝ 375 միլիարդ կրոնի խելահեղ դեֆիցիտով։ Ենթադրում եմ, որ հատկապես եկամտային մասով, կառավարությունը պետք է ընդունի տնտեսագետների առաջարկները*, որոնք վերաբերվում են մասնավորապես հարկային ոլորտին»։

(* Նախագահը հիշեցրել է Կառավարության ազգային տնտեսական խորհրդի (ԿԱՏԽ/NERV) առաջարկները, օրինակ՝ բուհերի կողմից ուսման վարձավճարների հետաձգումը՝ (մինչև շրջանավարտների որոշակի եկամուտներ ունենալը), կենսաթոշակային տարիքը փոխելը, գուցե նաև բանտարկյալների թիվը նվազեցնելը – խմբ. նշում)։

«Իսկ հիմա թույլ տվեք անդրադառնալ քաղաքականության մեջ իմ երեսուներկու տարիների գնահատականին։ Դեռևս նորմալացման ժամանակաշրջանում ես ավելի շատ քաղաքականության օբյեկտ էի, քան քաղաքականության սուբյեկտ։ Քանիցս հեռացվել եմ աշխատանքից՝ իմ քաղաքական հայացքների պատճառով։ Առաջին անգամ՝ սովետական ​​օկուպացիայի դեմ ընդդիմանալու, իսկ վերջին անգամ՝ 1989թ.-ի սեպտեմբերին տեխնիկական ամսագրում լույս տեսած քննադատական ​​հոդվածիս համար, որը մեծ արձագանք ունեցավ, տպաքանակը բազմապատկվեց և այդպիսով գուցե մի փոքր նպաստեց նոյեմբերյան Թավշյա հեղափոխությանը։ Հիշյալ հեղափոխությունից հետո ընտրվել եմ որպես Դաշնային ժողովի անդամ՝ հանձն առնելով նրա բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Այդ ժամանակվանից, թերևս իմ ողջ քաղաքական կյանքի ընթացքում, զբաղվել եմ բյուջեով։ Այնուհետև, 1993թ.-ի գարնանն ընտրվել եմ որպես ՉՀ-ի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ։ Այդ ժամանակ կուսակցությունն ուներ ընտրողների ընդամենը 7% աջակցությունը։ Հինգ տարվա քրտնաջան աշխատանքի ընթացքում մեզ հաջողվեց այդ աջակցության մակարդակը հասցնել 32%-ի։ Զգալի հաջողություն ենք ունեցել արդեն 1996թ.-ի ընտրություններում, որի ընթացքում ընտրվել եմ որպես Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ։ 1998թ.-ի հերթական ընտրություններից հետո դարձել եմ Չեխիայի վարչապետ՝ իրագործելով այն խոստումս, որ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կառավարության շենք կմտնի ոչ թե ծառայողական, այլ գլխավոր մուտքով։ Կառավարությունն իր ֆունկցիոնալ ժամանակահատվածի արդյունքում իրականացրել է երեք հիմնական բարեփոխումներ:

• Առաջինը՝ մարզերի ինքնավարչական կենտրոնների ստեղծումն էր։ Քանզի այդ ժամանակ պատկանում էինք Եվրոպայի այն սակավաթիվ երկրների շարքին, որոնք չունեին մարզային ինքնավարչություն, և ամեն բան կենտրոնացված կառավարվում էր Պրահայից։

• Երկրորդ բարեփոխումը բանակի մասնագիտացումն էր։ Տասնյակ հազարավոր երիտասարդներ ստիպված չէին անցնելու պարտադիր զինվորական ծառայության։ Մյուս կողմից տեխնոլոգիապես պահանջկոտ չեխական բանակը համալրված էր մասնագիտացված զինվորներով։

• Վերջապես երրորդ և վերջին բարեփոխումը՝ բանկերի սեփականաշնորհումն էր։ Պետական ​​բանկերը ծանրաբեռնված էին (հաճախ քաղաքական դրդապատճառներով) չվերադարձված վարկերով և կանգնած էին սնանկության վտանգի առաջ։ Այժմ բանկային ոլորտը առողջ է։ Գուցե և՝ չափազանց առողջ։

Այս կառավարության օրոք մենք միացել ենք Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ավարտելով նաև Տեմելինի ատոմակայանի նախնական շինարարությունը։

Այդ ժամանակ, կառավարության նկատմամբ, ՉՀ-ի ամենաուժեղ ընդդիմադիր կուսակցության կողմից ցուցաբերվում էր հանդուրժողականություն՝ պետական ​​բյուջեի դեֆիցիտը շարունակաբար կրճատելու պայմանով։ Պայմանը կատարված էր։ Իմ իշխանության վերջում, առանց Համախմբման գործակալության ներկայացրած կորուստների*, այդ դեֆիցիտը կազմում էր տասը միլիարդ չեխական կրոն։

(* Ծանոթություն՝ Չեխիայի համախմբման գործակալությունը (ČKA) հաստատություն էր, որը նախատեսված էր ապահովելու կառավարության տնտեսական ծրագրերը և ռազմավարական նախագծերի ֆինանսավորումը՝ ենթակառուցվածքների ու շրջակա միջավայրի ոլորտում – խմբ. նշում) ։

– 2003 թ.-ին, ներկուսակցական հանրաքվեի արդյունքներով առաջադրվել եմ հանրապետության նախագահի թեկնածու, որին, սակայն, չեմ ընտրվել՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցության որոշ առաջատար ներկայացուցիչների վերաբերմունքների հիմունքով։ Ուստի ապաստանել եմ Վիսոչինայում՝* անցկացնելով տասը գեղեցիկ տարիներ։

– (* Վիսոչինայի շրջանը ինքնավարչական մարզ է Չեխիայում, որը գտնվում է Չեխիայի և Մորավիայի սահմանին)։

Երբ ուղղակի ընտրություններն օրինականացվեցին, քաղաքացիների կողմից, առաջին և երկրորդ անգամ, ընտրվեցի հանրապետության նախագահի պաշտոնում, որի համար ուզում եմ շնորհակալությունս հայտնել։ Որպես նախագահ, առաջին հերթին ձգտել եմ պաշտպանել Չեխիայի ազգային շահերը։ Այժմ անհրաժեշտ է սահմանել, թե որն է ազգային շահը։

Չեխիան փոքր և միջին երկիր է, որտեղ համախառն ներքին արդյունքի 80%-ը կազմված է արտահանումից։ Ուստի տնտեսական ցուցանիշները, հետևաբար նաև կյանքի կենսամակարդակը բարձրացնելու համար, մեր ազգային շահը հանդիսանում է՝ արտահանմանն աջակցելը, տնտեսական դիվանագիտությանը խթանելը և, հնարավորինս, պատշաճ փոխհարաբերությունների ձևավորումը աշխարհի գրեթե բոլոր կարևոր երկրների հետ։

Իմ պաշտոնավարության ընթացքում ձեռնարկել եմ մի շարք արտասահմանյան այցեր՝ գործարար պատվիրակությունների ուղեկցությամբ։ Բացի այդ հոգ եմ տարել, որ Չեխիան պահպանի իր ինքնիշխանությունը և չենթարկվի որևէ արտաքին ճնշման։

Ընթացիկ օրինակ են հանդիսանում Եվրամիության ներսում ձայների մեծամասնությամբ որոշումներ ընդունելու ջանքերը, ինչը կարող է նշանակել, որ Չեխիան կկորցնի իր ինքնիշխանության մի մասը՝ հօգուտ մեծ երկրների։ Անձամբ նման որոշմանը դեմ եմ։ Եզրափակելով խոսքս՝ կցանկանայի նշել, որ իմ ողջ գործունեության ընթացքում սրտիս մոտ են եղել Իսրայելի հետ փոխհարաբերությունները։

Այդ փոքր և խիզախ ժողովուրդը, որը մարդկությանը տվել է հսկայական թվով ականավոր դեմքեր, անցել է սարսափելի ողբերգությունների ու մեծ տառապանքների միջով։ Այդ իսկ պատճառով արել եմ հնարավորինս, որ Իսրայելի հետ մեր փոխհարաբերությունները դուրս գան ցանկացած այլ երկրի հետ ստանդարտ միջազգային հարաբերությունների սահմաններից։ Ու թեև կրում եմ բազմաթիվ օտարերկրյա պարգևներ, վերջերս արժանացել եմ նաև Իսրայելի բարձրագույն Պատվո շքանշանի՝ (ենթադրաբար որպես առաջին օտարերկրյա քաղաքական գործիչ), խոնարհությամբ ու հարգանքով ստանալով այն Իսրայելի նախագահի ձեռքից։

Սիրելի՛ ընկերներ, մարտի 8-ից կգնամ թոշակի, կկարդամ հետաքրքիր գրքեր և կունենամ փոքր հիշողություններ։ Ինչպես ցանկացած քաղաքական գործիչ, քաղաքական մեկնաբանների, ձախողված քաղաքական գործիչների կամ այլոց միջև, ուղղակի կամ անուղղակի, երբեմն հանդիպել եմ նախանձ ու «կոմպլեքսավորված զրոների»։ Այդ «զրոներին» կմոռանամ ծերությանս թոշակի հենց առաջին օրվանից։ Սակայն երախտագիտությամբ և հարգանքով կհիշեմ բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու հանուն Չեխիայի Հանրապետության։

Սիրելինե՛րս, ժամանակն է հրաժեշտ տալու։ Իսկ ի՞նչ կերպ, եթե ոչ՝ բանաստեղծի խոսքերով. «Թե չտեսնվենք շատ անգամներ, Այսքանն էլ գեղեցիկ ու բավական էր: «Մնաք բարով» եմ ձեզ մաղթում, Եվ վզկապս թափահարում…»։

Միլոշ Զեման՝ ՉՀ-ի Նախագահ,

Լանի ամրոց, 26-ը դեկտեմբերի, 2022 թվական։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում