Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լաչինի միջանցքի հարցը

  • 27.12.2022
  • 0
  • 35 Views

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի առանձնազրույցը

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը:

Վլադիմիր Պուտինն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, բոլորովին վերջերս տեղի է ունեցել միջկառավարական հանձնաժողովի նիստը, գործընկերներն արձանագրել են, որ մեզ մոտ տնտեսության ոլորտում իրավիճակը բավականին դրական է զարգանում: Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության աճը կազմել է 73 տոկոս, դա լավ արդյունք է:

Մենք Ձեզ հետ դեռևս երեկվանից սկսեցինք, հաջողվեց նաև երեքով զրուցել, իհարկե, գլխավոր հարցը ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է, հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն ամենը` ինչ կապված է Ղարաբաղի հետ: Եվ ինչպես պայմանավորվեցինք, մանրամասն քննարկում ենք բոլոր այդ հարցերը»:

Իր հերթին Վարչապետ Փաշինյանն ասել է. «Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի կազմակերպման համար: Սա արդեն լավ ավանդույթ  է դառնում:

Իհարկե, Դուք ճիշտ եք, տվյալ պահին գլխավոր հարցը, ամենաօպերատիվ հարցն այն ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում: Գիտեք, արդեն գրեթե 20 օր է Լաչինի միջանցքը փակված է: Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Ցանկանում եմ  հիշեցնել, որ համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի  եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և ցանկանում եմ քննարկել այդ իրավիճակը, թե ինչպիսի տարբերակներ կան:

Շնորհակալություն հանդիպման համար»:

Մինչ առանձնազրույցը, Միխայիլյան պալատում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների աշխատանքային նախաճաշը, որից հետո նրանք շրջել են Ռուսական թանգարանի ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված նմուշներին:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում