Պրահայի Կարլի համալսարանի կանոնադրության առեւանգումը եւ առեղծվածային պատմությունը

  • 26.12.2022
  • 0
  • 266 Views

Թեև համացանցն ու ԶԼՄ-ներն այսօր դարձյալ ողողված են ղարաբաղյան հակամարտության «խաղաղ կարգավորման» խնդիրներով, վատթարացող իրադարձություններով ու հակառակորդի անկանխատեսելի սանձազերծություններով, այնուամենայնիվ որոշեցի ՕՐԵՐ-ի բազմաժանր կայքէջի հետևորդների ուշադրությանը հրավիրել, այդ ամենի հետ բարեբախտաբար կապ չունեցող, պարզապես եվրոպական միջնադարյան ակունքներից բխող, պատմական մի վարկածի վրա , որն առնչվում է Պրահայի Կարլի (Կարոլինյան ) համալսարանի հիմնադիր փաստաթղթերին։

Պրահայի Կարլի համալսարանի պատմության մասին վերլուծական հոդվածը հրատարակվել է չեխական ՄՖ ԴՆԵՍ օրաթերթի (13.12.2022թ.) համարում, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ԱՌԵՎԱՆԳՈՒՄԸ»

Ինչպես տեղեկացնում է ՄՖ ԴՆԵՍ օրաթերթը, Պրահայի Կարլի համալսարանը գնել է հազվագյուտ մի փաստաթուղթ, որը գողացված է եղել։ 2018 թվականի հունիսի 29-ը շատ նշանակալից օր է եղել չեխերի ամենամեծ ու ամենահին հայրենական *ԲՈՒՀ-ի՝ Կառելի համալսարանի համար։

Ծանոթություն. (* Կարոլինյան համալսարանը, որի լատինական անունն է՝ Universitas Carolina, Իտալիայի հյուսիսում և Փարիզից արևելք ընկած, թերևս, ամենահին համալսարանն է Եվրոպայում։ Հիմնադրվել է 7-ը ապրիլի, 1348 թ.-ին՝ բարձր միջնադարյան կարևորագույն տիրակալներից մեկի, Չեխիայի ու Գերմանիայի թագավորի և հռոմեական կայսր՝ Կարել IV-ի կողմից, որի համար կրթությունը եղել է շատ կարևոր ու առաջնային։ Անձամբ ինքը՝ միապետը, շատ ընդարձակ կրթություն է ստացել Ֆրանսիայում։ Բոհեմիա վերադառնալուց հետո, Փարիզի, Բոլոնիայի և Նեապոլի համալսարանների օրինակով, Պրահայում հիմնել է ողջ կայսրության կրթության կենտրոնը՝ Կարելի անվ. համալսարանը – խմբ. նշում)։

73 տարի անց համալսարանին կրկին հետ է վերադարձվել դեռևս 26-ը հունվարի, 1347 թ.-ից կնքված իր Կանոնադրության հիմնադիր փաստաթուղթը՝ Չեխիայի պատմության գրեթե ամենահիմնական արձանագրություններից մեկը, որն այդ օրը Պրահայի Կարոլինայի շենք է բերվել փայտե տուփով և առաջին անգամ ցուցադրվել է լրագրողներին համալսարանի այդ ժամանակվա ռեկտոր՝ Տոմաշ Զիմայի կողմից։

«Ուրախ եմ, որ համալսարանի հիմնադրման 670-ամյակին և Չեխոսլովակիայի ստեղծման հարյուրամյակին հաջողվեց մի բան, որի իրականացման հարցում որևէ մեկը հույս չուներ։ Սա միայն պատմական իրադարձություն չէ համալսարանի և Չեխիայի Հանրապետության համար։ Այն բացառիկ նշանակություն ունի նաև եվրոպական կրթության բնագավառում»,-լրագրողների առջև ելույթի ժամանակ հպարտորեն շեշտել է ռեկտոր Զիման և տուփից մագաղաթյա փաստաթուղթն ի ցույց հանելով՝ սպիտակ ձեռնոցներով պահել է լուսանկարչական ապարատների փայլատակումների դեմ։ Ներկայումս՝ 2022 թ.-ի դեկտեմբերից, փաստաթուղթն այլևս չի պահվում համալսարանում։ Այն գտնվում է Չեխիայի Ազգային արխիվում՝ ոստիկանական կնիքի ներքո: Քանզի պարզվել է, որ այսպես կոչված՝ «հազարամյակի հայտնությունը», այսինքն՝ վերոհիշյալ հայտնաբերված կանոնադրությունն ունի անսպասելի հանցավոր դավադրություն։ Գրեթե չորս տարի առաջ ամռանը, լրագրողների կողմից համալսարանի ղեկավարությանն ուղղված այն հարցին, թե հիշյալ փաստաթուղթը, (որի գոյության մասին մինչ օրս չի եղել անգամ որևէ նշույլ), ինչպես է հանկարծ հայտնվել Չեխիայում, չի հնչել և ոչ մի բավարար պատասխան։

Կարլի համալսարանի Հիմնադրման կանոնադրությունն ի սկզբանե բաղկացած է եղել երկու փաստաթղթից։ • Առաջինը եղել է հենց համալսարանում պահվող բնօրինակը, որն անհետացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում՝ Պրահայից գերմանացիների հեռանալուն պես։ • Երկրորդը՝ անսպասելիորեն հայտնաբերվածն է, որը ենթադրաբար եղել է այդ ժամանակվա երբեմնի արքեպիսկոպոսի արխիվում։

(• Առաջին արձանագրությունը ներկայացնում է Հռոմի պապ Կլեմենտ /Կղեմես/ VI-ի փաստաթղթի բնօրինակը՝ (թվագրված 26-ը հունվարի, 1347 թ.), որը փաստում է Պրահայում բարձրագույն կրթօջախ հիմնելու պապական հաստատումը:

• Երկրորդ փաստաթուղթը՝ հայտնաբերվածը, Պրահայի մասնաճյուղի կողմից նախաձեռնված նոտարական գործիք է՝ (թվագրված 30-ը հունիսի, 1347 թ.) պապական փաստաթղթի ներդիրով՝ (պատճենով) և վերը նշված պապական փաստաթղթի պատճենի իսկությունը հաստատող վկաների ցուցակով – խմբ. նշում):

«Չգիտենք երբ է անհետացել։ Հարյու՞ր, թե՞ հարյուր հիսուն տարի առաջ։ Քանի որ այն ժամանակ արդեն գույքագրման մեջ չի եղել։ Անգամ նրա լուսանկարը չի եղել»,-ՄՖ ԴՆԵՍ օրաթերթին է հայտնել պատմաբան՝ Յան Ռոյտը, երբ խմբագիրները հետաքրքրվել են փաստաթղթի ճակատագրով: Անշուշտ գաղտնիքները շատ են։ Ըստ օրաթերթի՝ համալսարանը թաքցրել է, թե որքան է վճարել փաստաթղթի դիմաց։ Նույնիսկ չի բացահայտել, թե ումից է այն գնել: Վաճառողը ցանկացել է մնալ անանուն։ Հետևաբար, փաստաթուղթը նախ գնել է J&T բանկը, որից հետո այն ձեռք է բերել համալսարանը։ «Սա, իհարկե, դետեկտիվ ժանրի աշխատանք է։ Ընթացքում կպարզվի, թե փնտրելով դեռ ուր ենք հասնելու»,-նշել է ռեկտոր Զիման՝ գաղափար չունենալով անգամ, որ այդ դետեկտիվ աշխատանքով, համալսարանի պատմաբանների հետ զուգընթաց, զբաղվելու են նաև Պրահայի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ոստիկանական ջոկատի աշխատակիցները։ »

«Հնաոճ իրերի առևտուրը հաճախ սկսվում է մի գողտրիկ անկյունում վաղուց մոռացված, զիզի-բիզի իրերով լի, փոշեծածկ արկղերում արժեքավոր բան փնտրելուց։ Երբեմն դա արժեքավոր փոստային նամականիշ է։ Շատ հաճախ՝ վաղուց մոռացված որևէ հազվագյուտ նկար։ Երբեմն էլ սկիզբ է առնում թողած ժառանգության մեջ ինչ-որ որոնումների պատահական դիպվածից»,- նշվում է հոդվածում և ներկայացվում, որ 2018 թվականի ապրիլին, ոմն հնավաճառ՝ Ալեշ Լ.-ն, նման առիթով այցելել է Պրահայի Հոլեշովիցե թաղամասի կոնկրետ հասցեով մի բնակարան։ «Դա մի այցելություն էր, որի նմանը, հավանաբար, գործնականում չէր ունեցել գուցե հարյուրավոր հնաոճ իրերի հետ իր քսան տարիների աշխատանքի ընթացքում»,-գրում է հեղինակը: Մինչ Ալեշն այդ բնակարանում նամականիշների և այլ հինավուրց իրերի (օրինակ՝ թատրոնի դիտակ, ծխախոտի տուփ և նմ.) հավաքածուն է ուսումնասիրել, իրեն դիմավորող Միլան Դվորսկին, ցանկանալով վերջապես ազատվել հինավուրց իրերից, սկսել է այցելուին պատմել իր ընտանիքի մասին՝ (հիշելով նույնիսկ, թե ինչպես է մանուկ հասակում հին փաստաթղթերով խաղացել ու կտրել-հանել դրանց վրայի կնիքները)։ «Հավաքածուն պատկանել է իր նախապապ՝ Ֆրանտիշեկ Դվորսկիին, որն Ավստրո-Հունգարիայի ժամանակներում եղել է Ազգային արխիվի տնօրենը և համագործակցել է մի շարք հանրահայտ անձանց հետ, ինչպիսիք են՝ Տոմաշ Գարիկ Մասարիկը, Յան Օտտոն կամ Ֆրանտիշեկ Պալացկին*»,-կարևորում է օրաթերթը՝ չմոռանալով ընդգծել, որ Ֆրանտիշեկ Դվորսկին եղել է նաև արխիվների ջերմեռանդ «կոլեկցիոներ»։ Սակայն նրա մահից ավելի քան հարյուր տարի անց պարզվել է, որ վերջինիս արխիվային հավաքածուի մեջ ներառված են եղել և իրեն չպատկանող իրեր։

(* Ծանոթություն. • Տոմաշ Գարիկ Մասարիկ – (7.3.1850 – 14.9.1937թթ.) Պետական ​​գործիչ, փիլիսոփա, սոցիոլոգ և մանկավարժ։ (14.11.1918 – 14.12.1935թթ.) Չեխոսլովակիայի Հանրապետության առաջին նախագահը։

• Յան Օտտո – (8.11.1841 – 29.5.1916թթ.)։ Չեխ գրավաճառ և հրատարակիչ, ամենամեծ չեխական տպագիր հանրագիտարանի՝ Օտտոյի կրթական բառարանի հրատարակիչ։ (Պրահայում նրա անվամբ գործում է նաև մեծ տպարան, որտեղ երկար տարիներ հրատարակվել է նաև բոլորիս քաջածանոթ համաևրոպական ՕՐԵՐ ամսագիրը)։

– • Ֆրանտիշեկ Պալացկի – (14.6.1798 – 26.5.1876թթ.) Չեխ պատմաբան, քաղաքական գործիչ, գրող: Այդ ժամանակվա Պրահայի հասարակական, մշակութային և գիտական ​​կյանքի կազմակերպիչ։ Համարվում է չեխական ժամանակակից պատմագրության հիմնադիրը։ Ստացել է «ժողովրդի հայր» մականունը։ – խմբ. նշում):

«Գայլը գառին պահապան»

Օրաթերթի մանրամասնումներից տեղեկանում ենք, որ պատմական փաստաթղթերից բոլորովին անտեղյակ Ալեշ Լ.-ն, պահարանում դասավորված արխիվային հավաքածուից ընտրել ու դուրս է հանել տասնհինգ փաթեթ՝ դրանք գնելու միտումով։ «Գաղափար անգամ չի ունեցել, որ իր ձեռքում կան տասնյակ միլիոնների հասնող արժեքավոր փաստաթղթեր։ Նույնիսկ երկմտել է գնել-չգնելու շուրջ՝ ի վերջո դիմելով ռիսկի»,-խնամքով ներկայացնում է հոդվածի հեղինակը և ավելացնում, որ հին նամականիշների հավաքածուի ու արխիվային տասնհինգ փաթեթի դիմաց վերջինս Դվորսկիին մուծել է հարյուր հազար չեխական կրոնի հասնող գումար։ Այնուհետև, տեղ չունենալու պատճառով, գնված իրերով արկղերը պահ է տվել Պրահայում բնակվող գործընկերոջը՝ հնաոճ արժեքավոր իրերի խանութի սեփականատեր, այդ ոլորտում փորձառու ու հայտնի հնավաճառ՝ Յոզեֆ Սալմոնին, միաժամանակ խնդրելով գտնել գների մի հմուտ գիտակի, ով կկարողանա վերագնահատել գնված փաստաթղթերի ինքնարժեքը։ Նշենք, որ հենց այդ փաթեթներում է թաքնված եղել Կարելի համալսարանի վաղուց անհայտացած Կանոնադրության հիմնադիր փաստաթուղթը։

Առեղծվածային որոնողը

Յոզեֆ Սալմոնը՝ այս ողջ պատմության «խորհրդավոր հերոսը», որոշ ծանոթների միջոցով գտնում է արխիվային ոլորտում ավելի քան երեսուն տարվա փորձ ունեցող մի փորձագետի՝ Վլադիմիր Ռուժեկին՝ փաթեթների պարունակությունը գնահատելու համար: Վերջինս, չորս անգամ այցելելով Սալմոնի խանութ, հնաոճ իրերի փորձագիտական ​​գնահատում է սահմանում ու ներկայացնում, որի վերջնական արդյունքը, սակայն, չի գոհացնում վերոհիշյալ դիմորդին։ Քանզի եզրակացության մեջ շեշտվում է, որ «փաստաթղթերը սկիզբ են առնում լեգենդար՝ Ֆրանտիշեկ Դվորսկիի հավաքածուից, ով դրանք յուրացրել է Ազգային արխիվից»։ Այդուհանդերձ, փորձագետը նախազգուշացնում է Սալմոնին, որ դրանք, այսպես կոչված՝ «պատմական գոհարներ են», որոնք, Ֆրանտիշեկ Դվորսկիի մահից հետո, Դվորսկիների ընտանիքը պետք է վաղուց վերադարձրած լիներ համապատասխան պետական մարմնին։ Ուստի հանձն է առնում փաստաթղթերն անձամբ առաջարկել ՉՀ-ի Ազգային արխիվին։ Այն պահից, երբ նա իրագործում է իր խոստումը՝ անձնական «հետազոտությունների» մասին հայտնելով Ազգային արխիվի ղեկավարությանը, իրադարձությունները բոլորովին անսպասելի ընթացք են ստանում։ «Թերևս որոշ փաստաթղթեր նախապես հասցրել են չքվել փաթեթներից, քանզի Սալմոնը, դրանք Ալեշ Լ.-ից ստանալուն պես, վաղօրոք գիտակցել է, որ ձեռք է բերել բացառիկ ապրանքներ և գործել է շատ արագ»,-նրբանկատորեն հավելում է օրաթերթը։ Չսպասելով նույնիսկ Ռուժեկի փորձագիտական եզրակացություններին, իսկ ավելի ուշ՝ վերջնական դատավճռի համաձայն, գործի է դրել իր կապերը։ Վստահորեն դիմել է J&T բանկի տնօրենի կնոջը, ով իր մշտական հաճախորդն է եղել՝ տիկին Կարլա Ա.-ին՝ հաշվի առնելով նրա շփումներն ու լայն կապերը նյութապես ապահովվածների հետ, ում կհետաքրքրեր արժեքավոր «պատմական գանձը»։ Փորձել է տիկնոջը համոզել, թե փաստաթուղթը գնել է Ավստրիայում: Սակայն Կարլա Ա.-ն ցանկություն է հայտնել, նախ առաջարկով ներկայանալու համալսարանին՝ առավել քան համոզված լինելով, որ միայն նա է փաստաթղթի սեփականության յուրահատուկ իրավասուն։ Եվ շատ չանցած, հազվագյուտ մագաղաթի լուսանկարը, գնման առաջարկով նամակին կցված, հայտնվել է ռեկտոր՝ Տոմաշ Զիմայի էլեկտրոնային փոստարկղում, որից հետո Զիման անհապաղ ահազանգել, ոտքի է հանել պատմաբաններին։ Կարլա Ա.-ի աշխատասենյակում մանրակրկիտ զննումներից հետո, երբ հաստատվել է, որ դա պապական հավանությամբ համալսարանի հիմնադիր կանոնադրությունն է, համալսարանի ղեկավարությունը բանակցություններ է սկսել փաստաթղթի գնման շուրջ: Սալմոնի կողմից սեղմ ժամկետում պահանջվող գինը եղել է ամրագրված՝ քսան միլիոն չեխական կրոն, ի հեճուկս որի՝ համալսարանն այդքան արագ չի կարողացել նշված գումարը հայթհայթել։ Մտահոգվելով, թե վաճառքի ձախողման դեպքում փաստաթուղթն այլ գնորդի ձեռքում կհայտնվի, Կարլա Ա.-ն հարցրել է ամուսնուն՝ արդյոք բանկը չի կարող գնել այդ մագաղաթյա արձանագրությունը հնավաճառից (որի համար հետագայում արժանացել է Կարելի համալսարանի պատմական շքանշանի)։ Գործարքը հենց այդպես էլ կայացել է։ Փաստաթուղթը գնել է J&T բանկը և անմիջապես վերավաճառել համալսարանին։ Սալմոնն այդպիսով քողարկված է մնացել գործարքում:

Աննկուն հետաքննողը

Այս պատմությունը հենց այսպես էլ կավարտվեր՝ գործարքից գոհ մնացած բոլոր կողմերի համար, եթե գործին չմիջամտեր վերոհիշյալ Յիտկա Կ.-ն, որին փորձագետ Ռուժեկը պատմել էր Դվորսկիի հավաքածուների մասին։ ԲՈՒՀ-ի հիմնադիր փաստաթղթի հայտնաբերման լուրերը, որոնք այդ ժամանակ շրջանառվել են լրատվամիջոցներում, տիկնոջը հետաքրքրել են թերևս այն առումով, որ 1985 թ.-ից եղել է ՉՀ-ի Ազգային արխիվի եկեղեցական հաստատությունների բաժնի պատասխանատու աշխատակցուհին, որին Մ. Դվորսկիի հավաքածույի հայտնվելու և փաստաթուղթը համալսարանին վաճառելու ժամանակահատվածի համընկնումն ամենևին չի թվացել պատահական։ Հենց սա է կասկած հարուցել ու դրդել վերջինիս՝ անցնելու հետաքննության։ Արդյունքում Յիտկան դիմել է համալսարանին, փորձագետ Ռուժեկին, նույնիսկ այցելել է Ֆ. Դվորսկիի ծոռանը, որպեսզի պարզի թողած ժառանգության ողջ պարունակությունը։

Յոզեֆ Սալմոնի հնաոճ իրերի խանութը, ուր տիկին Յիտկան այցելել է 2018թ.-ի հոկտեմբերին, գտնվում է Պրահայի Հին քաղաքային շրջանի քաղաքապետարանի հարևանությամբ։ Հնավաճառը, որի հաշվեհամարին այդ ժամանակ եղել է վաճառքից ստացված 20 միլիոն կրոնի խոշոր գումար, վստահաբար պնդել է, իբր Ֆ. Դվորսկիից մնացած ունեցվածքի սեփականատերն իր գործընկերն է, որից հետո հետաքննող տիկնոջը հնարավորություն է ընձեռել ծանոթանալու արխիվային արկղերի պարունակությանը։ Մանրակրկիտ զննումների հետևանքով՝ Յիտկա Կ.-ին հաջողվել է արխիվային փաստաթղթերի մեջ հայտնաբերել դատարկ ծրար՝ «Constitutio Clementis VI» / Կլեմենտիս VI-ի Կանոնադրություն/ մակագրությամբ, (որը նախկինում եղել է համալսարանի Կանոնադրության հիմնադիր փաստաթղթի անվանման կարճ հապավումը)։ Այսպիսով Ազգային արխիվի աշխատակցուհու նախաքննությունը համարվել է ավարտված։

Փաստաթուղթ թիվ 461

2019 թ.-ի փետրվարին ՉՀ-ի ոստիկանությունը Յոզեֆ Սալմոնին մեղադրանք է առաջադրել առևանգված իրերի վաճառքից ստացված փողերի լվացման մեջ։ Իսկ 2021թ.-ին Պրահա 1-ի Շրջանային դատարանը հնավաճառին մեղավոր է ճանաչել (իրերի գողացվածության մասին տեղյակ լինելու և դրանց վաճառքից շահույթ ստանալու) հանցակցության մեջ՝ արժանացնելով երեք տարվա պայմանական դատապարտման, հարկադրելով վճարելու հինգ միլիոն չեխական կրոնի տուգանք և փաստաթղթի վաճառքից 20 միլիոն կրոնը վերադարձնելու Կարլի համալսարանին։

«Պարտադիր չէ լինել իրավական փորձագետ՝ հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր դատել մեկին, ով մեղադրվում է Ավստրո-Հունգարական միապետության օրոք գողության հանցակցության մեջ։ Ի վերջո, Ֆրանտիշեկ Դվորսկիի հանցանքը, վաղեմության ու ժամկետանցության պատճառով, պետք է արդեն կարճված լիներ։ Բայց արի տես, դատարանին ուղղված իրավական ակտերի համաձայն, ամենևին էլ այդպես չէ։ Քննարկելով բոլոր պատմական իրավական կարգավորումները՝ փորձագետները եկել են այն եզրակացության, որ Ֆրանտիշեկ Դվորսկիի, հետագայում նաև նրա ժառանգների վարույթը համապատասխանում է քրեական հանցագործության հատկանիշներին»,-նշում է հոդվածի հեղինակը՝ օրաթերթում։

Սալմոնը դատարանում հերքել է այն փաստը, թե Կարելի համալսարանի կանոնադրության հիմնադիր փաստաթուղթը երբևէ կարող էր դուրս բերված լինել Ֆ.Դվորսկիի հավաքածուից: -Այնուհետև շեշտել է, թե այն գնել է Վիեննայում մեկ այլ հնավաճառից՝ 12 հազար եվրոյով (մոտ. 300 հազար չեխական կրոնով)՝ Դվորսկիի ծոռի արխիվային արկղերի երևան գալուց կես տարի առաջ։

Դատարանը նրա խոսքին չի հավատացել։ Սրանում առանցքային դեր են խաղացել երկու գործոն՝ հոգատարությունը, որով Դվորսկիները կազմակերպել են իրենց հավաքածուն և անխոհեմությունը, որով, ըստ դատարանի, Սալմոնը փորձել է սրբել իր թողած հետքերը:

Ֆրանտիշեկ Դվորսկիի որդին փաստաթղթերն ու արձանագրությունները խնամքով թաքցրել է ծրարների մեջ, իսկ դրանցով կազմված արխիվային փաթեթները համարակալել է կպչուն թերթիկների միջոցով։ J&T բանկի տնօրենի կնոջ էլեկտրոնային փոստից համալսարանին ուղարկվելիս՝ մագաղաթի վրայի կնիքն ու 461 թիվը դեռ պահպանված են եղել լուսանկարում, սակայն 2018թ.-ի ամռանը, ռեկտորի կողմից լրագրողներին ցուցադրվելիս, Դվորսկիի նշումներն այլևս չեն գտնվել փաստաթղթի վրա։ Դատարանում Սալմոնը չի թաքցրել իր վրդովմունքը՝ նույնիսկ ավելացնելով, որ հնաոճ իրը կարող էր աճուրդով վաճառել արտասահմանում։ «Իմ միակ սխալն այն էր, որ մեկ զրոյով ավել թանկ չեմ վաճառել մեկ ուրիշին՝ Լոնդոնում»,-վկաների ներկայությամբ բարձրաձայնել է հնավաճառը։ Այնուհանդերձ, դատավճիռը բողոքարկել է։ Իսկ Քաղաքային վերաքննիչ դատարանը դեռ գործը չի քննել։

ՄՖ ԴՆԵՍ օրաթերթը մի քանի անգամ փորձել է անմիջականորեն փաստաբանի միջոցով կապ հաստատել Յոզեֆ Սալմոնի հետ, բայց ապարդյուն։ Ազգային արխիվից Յիտկա Կ.-ն, մինչ գործի ավարտը, չի ցանկացել որևէ կարծիք հայտնել այդ կապակցությամբ։ J&T բանկը հայտարարել է, որ գործին կապված է միայն բանկային ներքին գաղտնիքների առընչությամբ։ Կարելի համալսարանի Կանոնադրության հիմնադիր փաստաթուղթը մինչ օրս գտնվում է ՉՀ-ի Ազգային արխիվում՝ ոստիկանական կնիքով կնքված։

Սովորաբար նման առեղծվածային պատմությունների դրական ավարտից հետո, պատմողը դանդաղ հանում է ակնոցներն ու հարցնում. «Դե՞…, առակս ի՞նչ կցուցանե»։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում