Արցախը արտաքին աշխարհին կապող հաղորդակցությունը չի կարող լինել սակարկման առարկա. Արցախի ժողովրդի կոչ-ուղերձն աշխարհին

  • 25.12.2022
  • 0
  • 60 Views

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին հավաքված ժողովուրդն իր կոչ-ուղերձն է ուղղել աշխարհասփյուռ հայությանը, համաշխարհային հանրությանը և ազատության ու համամարդկային արժեքների համար պայքարող յուրաքանչյուր անհատի։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի Տեղեկատվական շտաբից։

«Դեկտեմբերի 12-ից սկսած Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ. ավելի քան 120 000 մարդ, այդ թվում` շուրջ 30 000 երեխաներ հայտնվել են ծանր կացության մեջ` իսպառ զրկված լինելով ազատ տեղաշարժի ու դրա հետ կապված բազմաթիվ կենսական հնարավորություններից: Հերթական անգամ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայատարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Արցախի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհի անխափան գործարկումը չի կարող լինել որևէ բանակցությունների և սակարկման առարկա: Արցախը արտաքին աշխարհին կապող հաղորդակցությունը պետք է առանց նախապայմանների ու անհապաղ վերականգնվի և պայմաններ ստեղծվեն դրա հետագա անխափան գործունեությունն ապահովելու համար;

Հայ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և խտրական քաղաքականությունը, որը նոր թափ է ստացել 2020թ. աշնանը մեզ պարտադրված պատերազմից ու դրա թողած աղետաբեր հետևանքներից հետո, նպատակ ունի հայաթափել հայկական Արցախը` շարունակելով 1915թ. Թուրքիային կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության բեմագիրը;

Իր պատմական հայրենիքում ազատ և անկախ ապրելու համաժողովրդական կամքն է 1988 թվականին հենց այս հրապարակից ուղղորդել մեր ժողովրդին ազատագրական պայքարի, որի արդյունքում մենք ունենք միջազգային իրավունքի նորմերին համապատասխան հռչակված ինքնիշխան պետություն և նրա կենսունակությունն ապացուցող քաղաքական, տնտեսական ու սոցիալական տեսանելի ձեռքբերումներ:

Այսօր, երբ վտանգված է համայն հայության երազանք Արցախի Հանրապետության լինելիությունը, մենք, խոնարհվելով մեր ազատագրական պայքարի ճանապարհին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակի առջև, վերանորոգում ենք մեր ուխտը` մեր սուրբ նահատակների գործը շարունակելու և մեր արժանապատվությունը վերականգնելու համար:

Շարունակվող պայքարի ընթացքում մենք, ինչպես նախորդ տարիներին, այսօր էլ ունենք մայր Հայրենիքի և համայն հայության համակողմանի աջակցության կարիքը: Անցած տարիներին Արցախը եղել է հայկական ինքնության և արժանապատվության խորհրդանիշ: Այսօր, երբ հայկական երկրորդ հանրապետությունը կանգնած է նոր մարտահրավերների առջև, Արցախը պետք է դառնա այն առանցքը, որի շուրջ պետք է միավորել համազգային ներուժը: Արցախի Հանրապետության ապագան համազգային նշանակության հարց է և պահանջում է համահայկական համախմբում ու համերաշխություն:

Արցախի Հանրապետությունը շարունակելու է ջանքեր գործադրել իր ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանունակությունը ամրապնդելու համար` համադրելով սեփական կարողություններն ու Ռուսաստանի Դաշնության Խաղաղապահ առաքելության հնարավորությունները;

Արցախի Հանրապետությունը` որպես միջազգային հիմնարար իրավունքների գերակայությամբ առաջնորդվող պետություն, շարունակելու է հավատարիմ մնալ համամարդկային արժեքներին և լինել կառուցողական: Ծավալապաշտական նկրտումներն ու տնտեսական շահերը չպիտի թելադրող լինեն ժամանակակից միջազգային հարաբերություններում: Արցախն աշխարհի քարտեզի վրա այն կետն է, որից, ինչպես 1988 թվականին, կարող է սկիզբ առնել 21-րդ դարի` բարոյական աշխարհակարգի ձևավորումը»,- ասվում է կոչ-ուղերձում:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում