Այս օրը առիթ է ինքնամաքրման ու միասնականության վերականգնման համար. Արցախի թեմակալ առաջնորդ

  • 25.12.2022
  • 0
  • 171 Views

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Տերունական աղոթքով ու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության խոսքով մեկնարկեց համաժողովրդական հանրահավաքը, որին մասնակցում են հազարավոր արցախցիներ՝ տարբեր շրջաններից ու բնակավայրերից:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշեց, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համախմբվելու նպատակն ցույց տալու միասնականությունն ու վճռականությունը:

«Կարող ենք արձանագրել, որ այս հարցում մենք հաջողել ենք: Սսրանով հանդերձ մեզ այսօր միավորել է նաև բազում խնդիրների լուծման ու ապագայի հանդեպ վստահության վերականգնման ընդհանուր մտահոգությունը: Այս նեղությունները հաճախ մեզ օգնում են սթափվելու, միավորվելու և փրկության ուղիներ որոնելու: Այս ամենը ինքնանպատակ ու անպտուղ չպետք է լինի, այլ առիթ պետք է տա գործնական ու շոշափելի քայլերի: Հոգևոր իրականության ու մարդկային փորձառության մեջ կան երկու զուգահեռ և փոխկապակցված բանաձև դարձած ճշմարտություններ, որ բավականին արդիական է նաև մեզ համար. առաջինն ասում է փրկիր ինքդ քեզ և քո շուրջը կփրկվեն շատերը, իսկ երկրորդը՝ հաղթիր ինքդ քեզ և քո առաջ կխոնարհվեն բոլորը: Վստահաբար բոլորս էլ մտածում ենք, որ եթե Արցախյան վերջին պատերազմում հաղթած լինեինք , ապա այսօր կանգնած չէինք լինի այսպիսի դժվարությունների առջև: Բայց ուզում եմ, որ կարողանանք իրողություններն ավելի խորությամբ քննել և հասկանալ, որ արտաքին թշնամիներից առավել վտանգավոր թշնամիները ներսում են՝ մեր մեջ: Ինչպես պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ հաճախ հաղթանակից հետո գլուխ են բարձրացնում մեր ներքին թշնամիները՝ եսը, նյութապաշտությունը, անձնական շահը և 8-րդ մահացու մեղքը՝ անտարբերությունը դիմացինի և ազգի հանդեպ, որը փչացնում է մեր նկարագիրը, մոռացնում՝ Աստված ու եկեղեցի՝ ներկան համարելով որպես վերջնական և մնայուն մի վիճակ, բոլորը սկսում են աշխարհիկ գանձերը գերադասել երկնայինից: Ահա այս մահացու շրջապտույտից դուրս գալը պետք է լինի ազգային մեր կյանքի հիմնական խնդիրը»,-ընդգծեց Սրբազանը՝ հավելելով, որ աշխարհից մեկուսացած լինելու այս օրը առիթ է ինքնամաքրման ու միասնականության վերականգնման համար:

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հորդորեց իրար ավելի շատ սիրել, ներել ու գնահատել , որովհետև բոլորով են նույն նավի մեջ և բոլորի մտածումներն ու հոգսերը նույնն են:

«Արցախի ապագան այսօր դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը և, որպեսզի այդ քննությունը ստանա պատվաբեր գնահատական պետք է ազգովի սթափվենք ու զգաստանանք: Արցախը և ձեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա մեր հոգու և ազգի խղճի զարթուցիչը»,-համոզմունք հայտնեց Թեմակալ առաջնորդը:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից նա կոչ-հորդորով դիմեց նաև մայր Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում սփռված արցախցիներին

«Արցախն ամեն մի հայի սեփականությունն է, բայց առաջին հերթին կարիքն ունի իր ծոցից ծնված զավակների: Արցախն այսօր իր համար աղոթելուց, արցախցի լինելու համար հպարտանալուց առավել ունի իր բնիկ զավակների ֆիզիկական ներկայության կարիքը: Ուստի սիրելի արցախցիներ, նայեք ձեր հոգու ներսը, փորձեք հասկանալ, թե Աստծո մոտ, ինչ պիտի այս կյանքից շահեք, եթե կորցնեք ձեզ վստահված գանձը՝ ձեր ինքնության հենարանը: Խնդրում եմ և հորդորում՝ վերադարձեք Արցախ և տեր կանգնեք ձեզ վստահված այս սրբազան մասունքին»,-ասաց Արցախի հոգևոր առաջնորդը՝ հավաքի մասնակիցներին փոխանցելով Ն.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Հայրական օրհնությունն ու եկեղեցու աջակցույունն արցախցու արդար պայքարին: Նա իր խոնարհումն ու աղոթքն է առաքել առ Աստված հերոս նահատակների հիշատակի համար և երախտիքն ու օրհնությունը բոլոր այն արցախցիներին, որ դժվարություններից հետո էլ կառչած են մնում իրենց արմատներին ու հայրենի հողին:

Սրբազանը նաև բարձր գնահատեց Արցախի պետականության գոյաբանական պայքարի այս ընթացքում Արցախի Հանրապետության պետական այրերի նվիրյալ ծառայությունը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի առաքելությունը։

Մինչեւ վերջ պայքարելու եւ Արցախի անկախության աջակցության ելույթներով հանդես են եկել արցախցի մտավորականներ, իսկ վերջում՝ նաեւ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

orer.eu

Լուսանկարները՝ Կարեն Օհանջանյանի ֆեյսբուքյան էջի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում