
Հայտարարություն «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի մասնակիցների
(Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 22 դեկտեմբեր, 2022 թ․)
Մենք՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան համատեղ կազմակերպած «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի մասնակից հայ քրիստոնյաներս և իրանցի մուսուլմաններս՝ որպես համաշխարհային և ավանդական կրոնների ներկայացուցիչներ, առաջնորդվելով հանուն կայուն, անվտանգ խաղաղության անհրաժեշտությամբ և հաստատելով ընդհանուր մարդասիրական արժեքների կարևորությունը մարդկության հոգևոր և ընկերային կյանքի զարգացման, համընդհանուր խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում՝
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ
Ճանաչել ազգային-կրոնական և հոգևոր-բարոյական ուղենիշների առանցքային նշանակությունը և կարևորությունը հասարակական հարաբերությունների կայուն զարգացման գործում։
Դատապարտել և մերժել ընկերային, էթնոմշակութային և կրոնական տարբերությունների հիմամբ անհանդուրժողականությունը, այլատյացությունը, խտրականության դրսևորումները և հակամարտությունները։
Կարևորել ժողովուրդների կրոնական բազմազանությունը՝ որպես համամարդկային ժառանգության պահպանման գործոն։
Խրախուսել բարեգործությունը, կարեկցանքը, ողորմությունը, ընկերային արդարության և համերաշխության կատարելատիպերի ձևավորումը՝ նպաստելով հասարակությունների մերձեցմանը։
Ընդունել կրթության և մասնավորապես կրոնական կրթության արժեքն անձի ինքնակրթության, ինչպես նաև այլ կրոնների ու մշակույթների նկատմամբ հարգալից վերաբերմունքի զարգացման գործում։
Ընդգծել հասարակության մեջ և ընտանիքի պահպանման ու ամրապնդման գործում կնոջ դերը, հատկապես մոր կարևորությունը մատաղ սերնդի դաստիարակության հարցում։
Աներկբա դատապարտել ծայրահեղականությունը, արմատականությունն ու ահաբեկչությունը, հատկապես կրոնական հողի վրա, որոնք ոտնձգություն են մարդկային կյանքի ու արժանապատվության, խաղաղության ու անվտանգության նկատմամբ։
Դատապարտել աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում հակամարտությունների և լարվածության օջախների ստեղծմանը նպաստող որևէ գործողություն և խոսք։
Խստիվ դատապարտել կրոնական դրույթների և գաղափարների կեղծման և դիտումնավոր շահարկումն ազգերի և ժողովուրդների միջև հակամարտություն և լարվածություն հրահրելու նպատակով։
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան շեմին Սուրբ Էջմիածնից աղոթում ենք առ Բարձրյալը՝ հայցելով խաղաղություն համայն աշխարհին և համերաշխություն բոլոր ժողովուրդների միջև։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, տեղի ունեցավ «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով գիտաժողովը՝ կազմակերպված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան կապերի և մշակույթի կազմակերպության հետ համատեղ:
Համաժողովը բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի ողջույնի խոսքերով:
Նաթան արքեպիսկոպոսն իր ողջույնի խոսքում ներկաներին փոխանցեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանքն ու բարեմաղթանքները:

Այնուհետև օրվա թեմայի շուրջ բանախոսեցին Երևանի պետական համալսարանի կրոնագիտության ամբիոնի վարիչ, փ․գ․թ․Պարգև Բարսեղյանը («Հայերը Իրանի հասարակական և մշակութային կյանքում (20-21-րդ դարեր)), Իրանի կանանց և ընտանիքի մասին հետազոտությունների կենտրոնի գիտական կազմի և կանանց կրոնագիտական դպրոցի քաղաքական խորհրդի ու կանանց սոցիալ-մշակութային խորհրդի անդամ փ,գ․դ. տիկին Ֆարիբա Ալասվանդը («Կանանց դերը տարբեր կրոնների հետևորդների միջև խաղաղ համակեցության զարգացման գործում»), ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ բ․գ․թ․, դոցենտ Վարդան Ոսկանյանը («Իրանական ծագման քրիստոնեական եզրույթների որոշ նմուշներ հայերենում») և դոկտոր տիկին Էնսիյե Ղանազադեհը («Կրոնների խաղաղ գոյակցություն Իրանում»)։
Գիտաժողովի երկրորդ նիստին զեկույցներով հանդես եկան դոկտոր Սեյյեդ Մոնզեր Հաքիմը («Հավատացյալների սոցիալական պատասխանատվությունն այլ կրոնների հետևորդների նկատմամբ»), ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս Վարուժան Գեղամյանը («Հայ Առաքելական Եկեղեցու դերը մերձավորարևելյան սոցիալ-մշակութային և քաղաքական ժամանակակից համակարգերում»), դոկտոր Ջավադ Ջաֆարին («Կրոնական երկխոսության կարևորությունը տարբեր կրոնների հետևորդների միջև խաղաղ համակեցության ամրապնդման համար») և Գևորգայն հոգևոր ճեմարանի ու Սևանի վազգենյան դպրանոցի տեսուչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը («Կրոնական երկխոսությունը որպես հակամարտությունների հաղթահարման միջոց»):
Վերջում կատարվեց ներկայացված զեկույցների ընդհանուր ամփոփում և հայտարարության տեքստի ընդունում։
orer.eu