«Եթե աշխարհաքաղաքական այլ շարժառիթներ չլինեին՝ ՄԱԿ ԱԽ նիստ չէր գումարվի». Գանտահարյան

  • 24.12.2022
  • 0
  • 40 Views

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։ 

-Լաչինի միջանցքը փակ պահելու վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ նիստում հնչած հասցեական կոչերն ու գնահատականները ի՞նչ նշանակություն ունեն, եթե Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

-ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ գումարելու, առավել ևս՝ այնտեղ հնչած հայտարարությունների քաղաքական շարժառիթները միջանցքի անմիջական բացումը չեն։ Չեմ կարծում, որ նաև հումանիտար խնդիրներն են։ «Բնապահպանական» ակցիայի և միջանցքի փակման համար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ չէր գումարվի, եթե աշխարհաքաղաքական այլ շարժառիթներ չլինեին։ Խնդիրը ապացուցելն է, որ ռուսաստանյան տիրույթում խաղաղապահ առաքելությունը արդյունավետ չի աշխատում, և այլ գործիքակազմեր՝ այլ առաքելություններ են պետք։ Դրանով էլ բացատրվում են առնչված գերտերությունների ներկայացուցիչների ելույթների բովանդակային տարբերությունները։ ԱՄՆ-ն Ադրբեջանից և «այլ կողմերից է» պահանջում միջանցքի բացումը, Ֆրանսիան խոսում է քառակողմ բրյուսելյան ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունից, իսկ Ռուսաստանի ներկայացուցիչն ասում է, որ ռուսական միջնորդության շնորհիվ է, որ գազատամատակարարումը վերականգնվել է, կամ մասնակի ապաշրջափակում է իրականացվել։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք ՄԱԿ ԱԽ նիստում Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը։ Արդյո՞ք այդ ելույթում արտացոլվում էր, որ ՌԴ-ն Հայաստանի դաշնակիցն ու 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերից մեկն է։

-Ի տարբերության այլ պետությունների՝ հերթական անգամ ՌԴ-ի ներկայացուցչի ելույթում չկար հասցեականություն կամ մեղադրանք, առավել ևս՝ հումանիտար աղետի նախադրյալների նշում։ Պարզ է, որ Արցախի հայաթափումը չի բխում Մոսկվայի շահերից։ Միաժամանակ, սակայն, Մոսկվան համահավասարության խաղի կանոնները հարգում է միջնորդի կարգավիճակը պահպանելու համար։ Մոսկվան պարզ է դարձնում, որ ինքն է հրադադարի ռեալ ճարտարապետը, երաշխավորն ու մոդերատորը։ Ինքն է, որ բանակցում է կողմերի հետ և փուլ առ փուլ աշխատում իրականացնել Արցախի ապաշրջափակումը։ Միջնորդի կարգավիճակի պահպանումը ենթադրում է միակողմանի կամ հասցեական չլինել․ առավել ևս՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելը։ Բրյուսելյան քառակողմ հանդիպումը առկախելով՝ Բաքուն հասկացրել է, որ միջնորդ կարող են լինել նրանք, ովքեր հասցեական չեն լինի կողմերից մեկի հանդեպ։ Միջնորդական առաքելությունից Փարիզի դուրսմղումը Բաքվի կողմից ուղերձ էր նաև Մոսկվային՝ պահպանել «անկողմնակալությունը»։

-Հայաստանը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք։ Որքանո՞վ է իրատեսական, որ վերը նշված միջազգային կառույցները առաքելություն կուղարկեն։

-Երևանի կողմից ՄԱԿ առաքելություն ակնկալելն ունի նախաբանային բաժին․  Մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ից ակնկալվեց, որ պարտադրի Բաքվին՝ կատարել եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները։ Դա ենթադրում է ՄԱԿ-ի կողմից ճանաչել  Մոսկվայի ճարտարապետությամբ և միջնորդությամբ կայացած հրադադարի համաձայնության բոլոր կետերը և ընդունել տարածաշրջանի ապաշրջափակման համար բացվող ուղիների վրա ռուսական անվտանգային վերահսկողությունը։ Սա արդեն Արցախի սահմաններից շատ ավելի հեռու գնացող գործընթաց է։ Միաժամանակ, ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելը ԼՂ ենթադրում է ռուսական խաղաղապահ առաքելությանը զուգահեռ միջազգային այլ առաքելություն, ինչը ներկա աշխարհաքաղաքական պայմաններում դժվար տեսանելի է, հատկապես՝ Ուկրաինայի պատերազմից հետո, երբ միջազգային հանրությունը պատժամիջոցային հարաբերությունների մեջ է ՌԴ-ի հետ։ Այս ամենի մեջ պետք է նկատել Արցախի խնդրի վերամիջազգայնացման միտումները, այս հանգրվանին հասնելու՝ առաջին հայացքից թեկուզ հումանիտար բնույթը, որտեղ աշխարհաքաղաքական այլ  շարժառիթներ կան։

-Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը ԱՄՆ ի՞նչ քաղաքական մեսիջներ ունի և ի՞նչ նշանակություն՝ ռուս-ուկրաինական հակամարտության համար։

-Առաջին հայացքից մի քանի հանգամանք պետք է նկատի ունենալ։ Նախ այն, որ այցը հակաօդային նոր ռազմասարքեր տրամադրելու հետ է կապված, և երկրորդ՝ այն, որ լրահոսում նյութ կար, որ ԱՄՆ-ի հանրապետականները ուզում են կրճատել Ուկրաինային տրվող օժանդակությունները։ Ըստ էության, այցը քարոզչաքաղաքական էություն ունի։ ԱՄՆ-ն ուղերձ է հղում ՌԴ-ին և ամբողջ աշխարհին, որ վճռական է տրամադրված և Ուկրաինային մինչև վերջ աջակցելու է։ Ինչը խոսում է պատերազմի երկարատևության մասին։

-Անակնկալ այցով Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնել էր Պեկին և հանդիպում ունեցել Չինաստանի նախագահ Ցզինպինի հետ: Այս հանդիպումն ինչի՞ մասին է խոսում։

-Այցը, կարծում եմ, պետք է դիտարկել  Չինաստանի տնտեսական բևեռի հանգամանքի հարաբերակցությամբ։ Պեկինը դեռևս չի ներգրավվում ռազմաքաղաքական գործընթացների մեջ։ Իսկ Մեդվեդեվի այցը Ռուսաստանի միջազգային մեկուսացումը ճեղքելու շարժառիթ ունի, հատկապես՝ դեպի Չինաստան ռուսական գազ վաճառելու օրակարգ։

Հայկ Մագոյան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում