
Ներկայումս Արցախում ապրող ավելի քան 120 հազար հայեր, որոնցից 30 հազարը՝ երեխաներ, դեկտեմբերի 12-ից ադրբեջանական սադրիչ գործողությունների հետևանքով հայտնվել են շրջափակման և հումանիտար ճգնաժամի մեջ:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի հատվածը փակ է ադրբեջանական այսպես կոչված «բնապահպանների» կողմից: Անհնար է Արցախ հասցնել սննդամթերք, դեղորայք, վառելիք: Արցախի բուժհաստատություններում չեն իրականացվում պլանային վիրահատությունները, իսկ վերակենդանացման բաժանմունքներում գտնվող առողջական լուրջ խնդիրներ ունեցող երկու տասնյակից ավելի հիվանդներ, որոնցից 13-ը երեխաներ են, ունեն Հայաստանի բուժհաստատություններ տեղափոխվելու շտապ կարիք:
Ճանապարհի արգելափակման հետևանքով իրենց տուն վերադառնալու հնարավորությունից զրկված են 1100 քաղաքացիներ, որոնցից 270-ը՝ անչափահաս:
Արցախում տիրող այս իրավիճակն արդեն իսկ հանգեցրել է, իսկ լռության ու անտարբերության դեպքում դեռևս կհանգեցնի էլ ավելի մեծ՝ արդեն անդառնալի աղետի:
Հայաստանի կինոգործիչների միությունն իր միջազգային գործնկերներից ակնկալում է հասցեական արձագանք՝ անկախ քաղաքական հայացքներից և աշխարհաքաղաքական շահերից:
orer.eu