Լաչինի միջանցքի փակումը խաթարում է Հարավային Կովկասում ողջ խաղաղության գործընթացը․ Լիտվայի ԱԳՆ

  • 18.12.2022
  • 0
  • 47 Views

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման առնչությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին արտաքին քաղաքական գերատեսչությունը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։

Գրառման մեջ ասվում է․ «Խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմամբ, որը լրջագույն հումանիտար հետևանքներ ունի Լեռնային Ղարաբաղի համար։ Նմանօրինակ զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժի իրականացմանը, այլև խաթարում են Հարավային Կովկասում ողջ խաղաղության գործընթացը»։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում