Երկակի ստանդարտներ Եվրոպայում՝ Քաթարի կոռուպցիան եւ Ադրբեջանի բռնապետությունը. չեխ լրագրողի հայացքը

  • 16.12.2022
  • 0
  • 647 Views

Վերջերս Ֆեյսբուքի էջերում շրջելիս, բազմատեսակ և բազմալեզու լուրերին ու մեկնաբանություններին հետևելիս՝ աչքիցս չվրիպեց չեխ անկախ լրագրող՝ Մարկետա Կուտիլովայի (14.12.2022թ.) փոքրիկ վերլուծությունը եվրոպացի քաղաքական գործիչների կաշառվածության մասին։ Իսկ թե ու՞մ կողմից, ծանոթացեք ստորև՝ հայերեն թարգմանությամբ։

*(Հիշեցնենք, որ չեխ լրագրողներ՝ Մարկետա Կուտիլովան և Լենկա Կլիցպերովան 44-օրյա պատերազմի հենց առաջին օրերից մեկնել են Արցախ՝ հակառակորդի ռազմական ագրեսիային տեղում հետևելու և ուղիղ եթեր տրվող ռեպորտաժների, հարցազրույցների միջոցով չեխ հասարակությանը տեղեկացնելու նպատակով։ Չեխական տարբեր թերթերում և ամսագրերում տպագրված հոդվածներից բացի, ղարաբաղյան պատերազմի այս երկու ականատեսները նաև՝ «Վերջինը հրկիզում է գյուղը. Պատերազմը Լեռնային Ղարաբաղում» գրքի հեղինակներն են, որը ճշգրիտ պատկերում է իրենց տպավորություններն ու ապրումները Ղարաբաղում- խմբ. նշում)։

«Քաթարի կողմից եվրոպական երկրների քաղաքական գործիչների կոռումպացված լինելու բացահայտումը, հուսով եմ, կհիշեցնի մեզ երկու կարևոր կետերի մասին.

1) հարստություն ու բարձր եկամուտ ունենալը, դեռ չի նշանակում՝ լինել անկաշառ ։

2) դա լույս է սփռում մի երկրի վրա, որն իրենից ընդհանուր առմամբ «ՈՉԻՆՉ» չէր ներկայացնի, եթե չլիներ նավթի, հետևաբար նաև բնական գազի հայտնաբերումը: Ուստի, այս առումով տեղին է հիշել, որ Քաթարն աշխարհում ֆինանսավորում է մի քանի ահաբեկչական խմբավորումների։ Որ դա այն երկիրն է, որը Սիրիայում, Լիբիայում և այլ վայրերում հիմնովին նպաստել է ռազմական գործողությունների մեկնարկի. այն էլ՝ սև ոսկուց ստացած իր խոշոր եկամուտների շնորհիվ։ Չմոռանանք նաև, որ Քաթարն իր ձեռքում ունի աշխարհի գրեթե մեծ մասի վրա ազդեցություն գործելու հզոր զենք, ինչը մասնավորապես նրա պետական ​​Al Jazeera հեռուստաընկերությունն է, որը, չգիտես ինչու, համարվում է խիստ օբյեկտիվ և անկախ լրատվամիջոց…: Մի ժամանակ մեծ պարադոքս էր, օրինակ այն, որ Ալ-Ջազիրան համարվում էր Սիրիայում պատերազմի մասին տեղեկատվության համապատասխան աղբյուր։ Մինչդեռ նույն կառավարությունը, որը ֆինանսավորում է Ալ-Ջազիրան, համընթաց ֆինանսավորում էր նաև մի քանի իսլամիստական ​​արմատական ​​ահաբեկչական խմբավորումների, որոնք կռվում, սպանում և իրագործում էին պատերազմական մի շարք հանցագործություններ Սիրիայում։ Պարզապես կարելի է նկատել, որ Քաթարին PR-ը միշտ բավականին հաջողվել է: Մինչև իսկ ֆուտբոլի աշխարհի ընթացիկ առաջնությունը նշանավորվեց սկանդալով, երբ բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականը տեղեկացրեց, որ մարզադաշտերի կառուցման ժամանակ շուրջ 6500 աշխատող է մահացել՝ Նեպալից, Հնդկաստանից, Բանգլադեշից և այլն։ Քանզի հենց այս հրավիրյալ աշխատուժն է, իր էժանագին լինելով, էական նշանակություն տալիս ողջ երկրի կառավարմանը: Իսկ ո՞վ պետք է զեկուցեր նրանց աշխատանքային սարսափելի պայմանների մասին։ Ալ-Ջազիրա՞ն։ Չմոռանանք նաև երկրորդ կոռուպցիոն գերտերության՝ Ադրբեջանի մասին։ Դարձյալ մի երկիր, որն ունի նավթի և բնական գազի պաշարներ, և որի հետ ԵՄ-ն վերջերս պայմանագիր է կնքել՝ դեպի Եվրոպա գազի մատակարարումների ավելացման վերաբերյալ։

Այժմ էլ պարզվում է, որ Եվրոպայի պահանջարկը բավարարելու համար, Ադրբեջանը պետք է ավելացնի Ռուսաստանից գնվող գազի ծավալը։… Այնուհանդերձ, ադրբեջանական բռնապետության կողմից կոռումպացված եվրոպացի քաղաքական գործիչների թիվը տասնյակների է հասել։ Այսքանից հետո, թերևս, զարմանալի չի, որ վերջին տարիներին, հանկարծ, ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն է անցկացվում և Բաքվում։ Մի տեսակ՝ միևնույն սցենարն է կարծես։ Ոչ ոքի համար նշանակություն չունի, որ երկու տարի առաջ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, պատերազմ էր սկսել Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ իրագործելով մի շարք ռազմական ոճրագործություններ։

Ներկայումս շարունակում է լայնածավալ հարձակողական գործողություններ իրականացնել նաև Հայաստանի հարավային շրջանների ուղղությամբ։ Եվրոպացի քաղաքական գործիչներից քչերն են այսօր համարձակվում մատնանշել, որ Քաթարը ֆինանսավորում է իսլամիստական ահաբեկչական ​​խմբավորումների։ Թերևս քչերն են քննադատաբար վերաբերվում նաև ադրբեջանական բռնապետությանը։ Ուստի նման քաղաքական գործիչներին, ցավոք, կարելի է համեմատել քրմածաղկի (զաֆրանի) հետ՝ իրենց սակավաթիվ լինելու պատճառով։ Այս ամենը շատ տխուր է….»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարկետա Կուտիլովան։

Հավելյալ տեղեկության հղումն՝ այստեղ. https://eurasianet.org/azerbaijans-russian-gas-deal-raises-uncomfortable-questions-for-europe https://www.theguardian.com/world/2017/sep/04/uk-at-centre-of-secret-3bn-azerbaijani-money-laundering-and-lobbying-scheme

Առավել ուշագրավ են նաև վերոհիշյալ հոդվածին առնչվող կարծիքներն ու մեկնաբանությունները հետևորդների կողմից, որոնցից են, օրինակ.

1. «Անհրաժեշտ է Քաթարից և Սաուդյան Արաբիայից դեպի Եվրոպայի մզկիթներ հոսող փողերի խողովակները նույնպես ուսումնասիրել. այսինքն՝ հետևել Եվրոպայում արմատականության և ահաբեկչական հարձակումներին աջակցող ակունքներին»-գրում է Յիրկա Ռեիխը

2. «Մարկետա՛, եղեք անաչառ և ասեք ճշմարտությունը, որ կոռումպացված են ոչ միայն եվրոպացի քաղաքական գործիչները։ Ռուսները նույնպես միշտ պաշտպանություն են խոստացել հայերին և մի լավ թ..լ են նրանց վրա։ Իհարկե, քաղաքական ոլորտում, վատ հեքիաթ չէր լինի խոսել նմանօրինակ «ազնիվ ու պարկեշտ» Միրեկ Դուշինաների* մասին։ Քանզի յուրաքանչյուր երկրում կա ընտրողների մի զգալի զանգված, որը ցանկանում է պահպանել իր տնտեսական չափանիշները և քվեարկում է հենց դրան համապատասխան: Իսկ թե ինչ է կատարվում այլ տեղերում, նուրբ ասած՝ իրենց «չի վերաբերվում»։ Անշուշտ, քաղաքական գործիչները դա գիտեն։ Ուստի անհրաժեշտ է դիմել եվրոպացի քաղաքացիներին, որպեսզի քվեարկեն ազնիվ քաղաքական գործիչների օգտին, ովքեր ազնիվ որոշումներ կկայացնեն… Անհավանական է, չէ՞…»- գրում է Վլադիսլավ Յանկեսը։

/* Միրեկ Դուշինը ազնվության, անկեղծության, անձնազոհության, ընկերասիրության և մի շարք այլ դրական հատկանիշների մարմնացում է չեխական հեքիաթներում-խմբ.նշում/:

3. «Լավ կլիներ պարզապես ցույց տալ, թե որտեղից են ադրբեջանցիները ստանում այն, ինչը «մերժում է» Եվրոպան։ Իսկ մենք գիտենք, որ նրանց պաշարները չեն կարող բավականացնել՝ ողջ Եվրոպային մատակարարելու համար։ Ուստի նրանք վերավաճառում են ռուսական հումքը, միայն թե «Եվրոպան» չի ուզում դա տեսնել… Քաթարի դերակատարությունը նույնն է։ Իսկ ովքեր որոշում են կայացնում Եվրոպայի մասին, նրանց աչքերը «փակ են»։ … Ճշմարտությունն այնքան պարզ է … Այնինչ, որոշ քաղաքական գործիչներ խառնաշփոթություն են ստեղծում, որպեսզի հասարակ ժողովուրդը նույնիսկ պատահաբար չկռահի, թե որքան են կոռումպացված և ինչպես են վնասում ամեն բան՝ հատկապես ճշմարտությանը… ։ Շնորհակալություն հարգելի Մարկետա…»- գրում է Մարտին Արցախ Մահդալը, որին ի պատասխան Մարկետան ավելացնում է հետևյալը. «Նույնպես շնորհակալություն Մարտին։ Բարեբախտաբար ունենք աղբյուրներ, որոնք միշտ զգուշացնում են այդ մասին ավելի շուտ, քան որևէ մեկի մտքով կանցներ։ Այդպես չէ՞ :-)»։

Արսեն Քոչարյան

հատուկ ՕՐԵՐի համար

Պրահա

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում