Այսօր Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին:
ըստ կառավարության մամուլի ծառայության տաված տեղեկատվության, զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների: Այլ մանրամասներ չեն հայտնում։

Իսկ երեկ՝ դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Ասիայի և ՄԱԿ հարցերով պետնախարար լորդ Թարիք Ահմադի հետ:
Արարատ Միրզոյանն անդրադարձել է անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումներին:
Հայկական կողմը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանման հետևանքները, շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև, և իրավիճակը չկարգավորվելու դեպքում կբերի աղետի։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը:
Արարատ Միրզոյանն ու Թարիք Ահմադն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին:
orer.eu




