«Ռուսաստանի շահերից չի բխում Լաչինի՝ երկարատև փակ մնալը». Գանտահարյան

  • 16.12.2022
  • 0
  • 37 Views

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս պահին առկա հարցերը կարգավորելուց հետո ի՞նչ պետք է արվի, որ բացառվի ճանապարհի փակումը։

-Առաջին անգամը չէ, որ ադրբեջանցի «բնապահպանները» փակում են ճանապարհը։ Տարբերությունն այն է, որ առաջինի դեպքում ավելի արագ ստացվեց ճանապարհի բացումը։ Այժմ սա ճնշման միջոցի քաղաքականության՝ ավելի ակտիվ փուլն է։ Բնապահպանությունը, հանքավայրերը, ընդերքները՝ սրանք պատրվակ են քաղաքական շարժառիթի բուն շղարշման համար։ Իրադարձությունները պետք է դիտարկել նոյեմբեր 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման շտապողական քաղաքականության շրջածիրում։ Գործում է «միջանցք՝ միջանցքի դիմաց» ադրբեջանական ռազմաքաղաքական վարքագիծը։  Ռուսաստանի շահերից չի բխում ճանապարհի՝ երկարատև փակ մնալը։ Հայաթափման որևէ քաղաքականություն, առավել ևս՝ մարդասիրական աղետի տեսքով, հարված է ռուս խաղաղապահության իմիջին։ Իսկ մեծ հաշվով՝ Արցախում բնակչության գոյությամբ է պայմանավորված խաղաղապահ առաքելության շարունակականությունը։

-Ադրբեջանական «բնապահպան ակտիվիստները» պահանջներ են ներկայացրել, որտեղ նշվում է, որ ղարաբաղյան տարածաշրջանի այն տարածքները, որտեղ հայեր են ապրում, և տեղակայված է ռուսական խաղաղապահ միավորումը, պետք է համատեղ վերահսկվեն ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պետական մարմինների կողմից։ Նաև պահանջում են Հայաստանի հետ սահմանին՝ Լաչինի ուղղությամբ, սահմանել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և մաքսատան առանձին կետեր։ Այս դրույթներն ի՞նչ ռիսկեր են պարունակում, և արդյո՞ք ռուսական կողմը համաձայնություն կտա սրան։

– Այս ամենի բուն ուղերձն այն է, որ շրջափակումը դարձյալ 9-րդ կետի համատեքստում պետք է դիտարկել։ Այսինքն, եթե հայկական կողմը Նախիջևան-Ադրբեջան միացնող ճանապարհին անցակետեր է տեղադրելու, Բաքուն էլ Բերձոր-Հայաստան միջանցքին կարող է անցակետեր տեղավորել։  Բաքուն ուզում է միևնույն կարգավիճակը տալ նոր ստանալիք ճանապարհին․ «միջանցք՝ միջանցքի դիմաց» կամ «ճանապարհային կարգավիճակ՝ ճանապարհային կարգավիճակի դիմաց»։ Չեմ կարծում, որ այս մոտեցումը կբխի Մոսկվայի շահերից, որն ուզում է երկու ուղղությամբ էլ բացառապես իր ձեռքում պահել ճանապարհների վերահսկողությունը։ Հրադադարի հայտարարության 6-րդ և 9-րդ կետերը՝ թե՛ Բերձորի միջանցքի դեպքում, թե՛ նոր բացվելիք ճանապարհների պարագայում, խոսում են անվտանգության վերահսկողության համատեղ գործառույթի մասին։ Բայց անվտանգության վերահսկման համատեղ գործողությունների մասին կա մշուշոտ բաժին։ Այսպես, 6-րդ կետը («Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է ԼՂ և Հայաստանի կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի տեղաշարժի անվտանգությունը»): Եվ 9-րդը («ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»): Հիմա Բաքուն ուզում է համահավասարեցնել ճանապարհային կարգավիճակները։

-Արդյո՞ք միջազգային հանրության և, հատկապես, տարածաշրջանային խնդիրների կարգավորման մոդերատորության հայտ ներկայացրած երկրների արձագանքները բավարար էին, ավել ի՞նչ է ակնկալվում։

-Միջազգային ընտանիքի դիրքորոշումները պետք է դիտարկել ոչ թե հումանիտար խնդիրների ահազանգման տրամաբանությամբ, այլ ռուսական դերի նկատմամբ ուղերձներ փոխանցելու շարժառիթները նկատելով։ Չի բացառվում, որ նրանք խնդրո առարկա դարձնեն խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և սկսեն բարձրացնել դիտորդական առաքելությունների ուղարկման անհրաժեշտությունը։ Միջազգային արձագանքները պետք է դիտարկել Հարավային Կովկասում ռուսական դերի հակակշռման աշխարհաքաղաքական վարքագծի տրամաբանության մեջ։

Հայկ Մագոյան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում