«Բնություն» ֆիլմի ցուցադրությունը դեկտեմբերի 17-ին Երեւանում՝ Արտավազդ Փելեշյանի պատվավոր ներկայությամբ

  • 16.12.2022
  • 0
  • 572 Views

Դեկտեմբերի 17-ին, ժամը 18:00-ին Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի՝ «Բնություն» ֆիլմի ցուցադրությունը։

«Բնություն» ֆիլմը ստեղծվել է ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի և գերմանական ZKM Filminstitut-ի պատվերով և ավարտել է հայկական Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի աջակցությամբ։

Այս ֆիլմը Փելեշյանի 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոաշխատանքն է: «Բնություն» ֆիլմի ուշադրության կենտրոնում կրկին մարդու և իր շրջակա միջավայրի անկայուն համակեցությունն է․ թեմա, որը մշտապես ներկա է ռեժիսորի մյուս աշխատանքներում։

Ֆիլմում օգտագործվել է Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Ավետ Տերտերյանի և Տիգրան Համասյանի երաժշտությունը:

Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, Փարիզում, Ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ:

«Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ» այսպես է ներկայացնում ռեժիսորին հանրահայտ Նյու Յորքի կինոփառատոնը New York Film Festival:

«Բնություն» ֆիլմի փառատոնային համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ New York Film Festival-ի փառատոնում, հանրահայտ Lincoln Center-ում:

Վերջինիս հաջորդեց եվրոպական պրեմիերան Ամստերդամում՝ դոկումենտալ կինոյի միջազգային  թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), որտեղ Արտավազդ Փելեշյանն արժանացավ նաև «Life achievement award» հատուկ մրցանակի։ Փառատոնի նախագահ Օրվա Նիրաբիան նշում է, որ փառատոնն այս տարի կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար:

Վերջերս ֆիլմը ցուցադրվեց նաև Վենետիկի հայտնի կինոփառատոնին:

Արտավազդ Փելեշյանի՝ բնության ավերիչ ուժերի մասին երևանյան ցուցադրությունը համընկնում է մեր ժողովրդի հանդեպ «մարդու» ավերիչ ուժերի հերթական կիրառման հետ։

Մաղթենք, որ 84-ամյա աշխարհահռչակ կինոհանճար ունեցող հայ ազգը պատվով դուրս գա այս փորձությունից ևս ու այսուհետ հավերժ զերծ մնա բնության թե «մարդու» պատճառած արհավիրքներից։

Ֆիլմի ցուցադրությունը կկայանա Արտավազդ Փելեշյանի պատվավոր ներկայությամբ:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում