Հայտարարություններ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ. Ֆրանսիա, Հոլանդիա, Միրացյալ Թագավորություն, Կանադա, Հայաստան

  • 15.12.2022
  • 0
  • 279 Views

Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հասցեական հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ.

«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն իրար կապող միջանցքով ավելի քան 24 ժամ երթևեկության համար առաջացած խոչընդոտների կապակցությամբ, ինչը ծանր մարդասիրական հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար։

Ֆրանսիան կոչ է անում անվերապահորեն վերականգնել Լեռնային Ղարաբաղ մուտքն ու մատակարարումները՝ հարգելով այնտեղ բնակվող բնակչության իրավունքները։

Ֆրանսիան ընդգծում է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավորվել է ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով»։

Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև Լաչինի միջանցքի արգելափակման մասին

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է դեկտեմբերի 13-ին «Քաղաքական բարեփոխված կուսակցություն», «Քրիստոնեական միություն», «Գյուղացի-քաղաքացի շարժում» և Սոցիալիստական կուսակցությունների խմբակցությունների կողմից ներկայացված միջնորդությունը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության մամուլի հաղորդագրությունից:

Միջնորդության մեջ նշվում է, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին, Ադրբեջանը փակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը և դադարեցրել Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը: Փաստաթղթում նաև նշվում է, որ «ռուս խաղաղապահները չեն միջամտում այդ տարածքում, ու որ այս իրավիճակը սպառնում է ստեղծել հումանիտար առումով արտակարգ իրավիճակ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար»: Բացի այդ, կառավարությանը կոչ է արվում Եվրոպական խորհրդին հորդորել համատեղ կոչով դիմել Ադրբեջանին՝ դադարեցնել թշնամական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ և բացել միջանցքը։

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը ողջունել է միջնորդության ընդունումը Նիդերլանդների խորհրդարանի կողմից:

«Մենք ակնկալում ենք կառավարության արագ գործողությունները՝ վերջ դնելու Ալիևի դաժան բռնապետության կողմից ստեղծված հումանիտար աղետին, մասնավորապես՝ ճանապարհի ապաշրջափակման և շրջափակումը չկրկնելու համար միջազգային երաշխիքների ստեղծման, ինչպես նաև Եվրամիության կողմից Ստեփանակերտ օդային փոխադրումներ կազմակերպելու միջոցով», – նշված է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության մամուլի հաղորդագրությունում։

Հայաստանի Ազգային ժողովի հայտարարությունը

Ազգային ժողովն ընդունեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու վերաբերյալ հայտարարության նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 57 պատգամավոր: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել նախագծի քննարկմանը և քվեարկությանը:

Հայտարարությունում նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը: Հերթական անգամ կոպտորեն ոտնահարելով Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում Լեռնային Ղարաբաղին զրկել արտաքին աշխարհի հետ կապից:

«Սադրանքի նախապատրաստման համար Ադրբեջանը տևական ժամանակ ստեղծում էր քարոզչական կեղծ պատրվակներ: Այս ծայրահեղ սադրիչ և պայթյունավտանգ գործողության հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում: Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից։ Խափանվել են պարենի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները։ 120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում»,-ասված է հայտարարության նախագծում:

Ընդգծվում է նաև այն հանգամանքը, որ ահագնացնելով սադրիչ եւ հակամարդկային գործողությունները՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակի փականը, որը տեղադրել էր 2022 թվականի մարտի 7-ին խողովակը պայթեցնելուց հետո: Ստեղծված իրավիճակում գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցնել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից:

Ադրբեջանի վերոնշյալ գործողությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է սկսվում, կոպտորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ԼՂ հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո: Այս ամենը հերթական ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ որդեգրել է ցեղասպանության քաղաքականություն։ Ադրբեջանական ԶՈւ կողմից ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները ԼՂ հայության գոյաբանական վտանգը ավելի առարկայական են դարձնում: Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը ուղղակիորեն ոտնահարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որոնց համաձայն Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը։

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար: Ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրներին կոչ ենք անում հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ»,-ասված է հայտարարության նախագծում:

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքըրթին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն և Արցախի գազամատակարարումը խաթարելուն։

«Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում: Միացյալ Թագավորությունը  հույս ունի, որ և՛ Ադրբեջանը ևՀայաստնը կկատարեն հրադադարի շուրջ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Դոքըրթին :

Կանադայի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Կանադան ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի փակմանը և դրան հաջորդող զարգացումներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության թվիթերյան միկրոբլոգում:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերաբացել միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը՝ խուսափելու հնարավոր հումանիտար աղետից»,-նշվում է գրառման մեջ:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում