
2022թ. դեկտեմբերի 15-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Բուլղարիայի Ազգային գրադարանում կայացել է Հայկական անկյան բացման հանդիսավոր արարողությունը, որը մաս էր կազմում Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքին: Այդ մասին հայտնում է Բուլղարիայում Հայաստանի դեսպանությունը։
Անկյունում զետեղվել են ավելի քան 70 գրքեր Հայաստանի, Հայոց պատմության և Բուլղարիայի հայ համայնքի մասին, ինչպես նաև Հայ դասական գրականության բուլղարերեն թարգմանություններ, բուլղար և բուլղարահայ գրողների ստեղծագործություններ և այլն:
ՀՀ դեսպանության խնդրանքով հատուկ պահոցից դուրս բերվել և միջոցառման տևողության ընթացքում ցուցադրվել է նաև Բուլղարիայի Ազգային գրադարանի հատուկ ֆոնդում պահվող՝ 996թ. թվագրվող հայերեն ձեռագիր Ավետարանը, որը հանդիսանում է թանգարանի ամենահին ձեռագիր մատյանը:
Իր ելույթում դեսպան Արմեն Եդիգարյանն ընդգծել է հայ-բուլղարական դարավոր բարեկամության և լավագույն ավանդույթները շարունակելու կարևորությունը, առանձնանշել այդ հարցում Բուլղարիայի հայ համայնքի դերակատարումը:

Դեսպան Եդիգարյանն ընդգծել է գրքերի՝ որպես տեղեկատվության հուսալի աղբյուրի դերակատարումը, հատկապես այսօր, երբ ապատեղեկատվությունը, հիբրիդային պատերազմները, պատմության վերաշարադրումը և խեղաթյուրումը, մշակութային ժառանգության յուրացումը կազմում են ամենօրյա կյանքի մաս:
Բացման արարողությանը ներկա են գտնվել Բուլղարիայի կառավարության ներկայացուցիչներ, դեսպանները, դիվանագիտական կորպուսի անդամներ, հայ համայնքի և բուլղար հասարակության ներկայացուցիչներ:
Անկյունում զետեղված ողջ գրականությունն այսուհետ հասանելի է գրադարանի բոլոր այցելուներին և կծառայի որպես Հայաստանի և հայկական քաղաքակրթության մասին հարուստ տեղեկատվության աղբյուր:
orer.eu