
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նախաձեռնել է բողոքի ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակների դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ստեփանյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:
«Հաշվի առնելով Արցախի քառօրյա ամբողջական շրջափակումը և գազամատակարարման անջատումը Ադրբեջանի կողմից և դրանով պայմանավորված հումանիտար աղետը Արցախում, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր վարքագծի նկատմամբ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքը՝
այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենան ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց, հետևյալ ժամանակացույցով՝
14:00 ԱՄՆ դեսպանատուն
14:30 Չինաստանի դեսպանատուն
15:30 ԵՄ պատվիրակություն
16:30 Ֆրանսիայի դեսպանատուն
17:00 ՌԴ դեսպանատուն
Այնուհետև միանալու ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրենց բողոքն արտահայտող մեր հայրենակիցներին։
Ես լինելու եմ բոլոր ակցիաների վայրերում՝ ներկայացնելու իրավիճակը Արցախում և պահանջելու տեր կանգնել մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքին։
Կոչ եմ անում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն առաքելությունն իրականացրած իմ բոլոր գործընկերներին միանալ և առաջնորդել ակցիաները։
Կոչ եմ անում նաև Արցախի ճակատագրով սրտացավ իմ բոլոր հայրենակիցներին միանալ նշված ակցիաներին և մեր պահանջները ներկայացնենք միջազգային հանրությանը,- գրել է Գեղամ Ստեփանյանը:

Իսկ ՄԱԿի Երեւանի գրասենյակի մոտ նստացույց է սկսել Արցախի նախկին ՄԻՊ եւ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Նա էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է՝
Շուրջ հազար քաղաքացի (այդ թվում՝ բազմազան հանրային-քաղաքական գործիչներ) են եկել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույցի վայր՝ զորակցություն հայտնելու Արցախին: Իսկ հիմա գիշերում ենք այստեղ շուրջ 20 հոգով՝ մի կարևոր սկզբունքով, որ եթե մեր հայրենակիցներն ու հարազատները մրսում են Արցախում, ապա մենք էլ չպետք է ավելի տաք գիշեր ունենանք:
Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ու աջակիցներին:
Շատերն են հարցրել, թե ինչպես կարող են օգնել Արցախին: Հակիրճ թվարկեմ յուրաքանչյուր հայի առաջիկա օրերի հիմնական անելիքներն իմ պատկերացմամբ՝
1. Քաղաքացիական անհնազանդության գործողություններով միջազգային հանրությանը (հատկապես ՄԱԿ-ից, ԵՄ-ից ու հինգ երկրներից՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) պահանջել հասցեական հայտարարություններ ու գործնական գործողություններ վերացնելու Արցախի շրջափակումն ու կանխելու նորանոր հանցագործություններ:
2. Սոցցանցերի բոլոր գրառումներում անդրադառնալ Արցախի կարևորությանն ու կարիքներին, ստեղծագործական լուծումներով բոլոր հնարավոր տեղերում խոսել Արցախի մասին՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին լսարաններին ուղղված:
3. Պահանջել (ըստ կարիքի՝ նաև աջակցել) պետական պաշտոնյաներին ու հանրային գործիչներին առավելագույն գործնական քայլեր ձեռնարկել Արցախի համար միջազգային արագ ու արդյունավետ արձագանքման և Արցախի պաշտպանության ապահովման ուղղությամբ:
4. Սփյուռքի մեր հայրենակիցները նույնպես իրենց երկրներում պահանջեն կառավարություններից գործնական քայլեր Ադրբեջանին սանձելու և Արցախին պաշտպանելու ուղղությամբ:
5. Իսկ Արցախում գտնվող մեր հայրենակիցները հարկ է ամուր ու վճռական լինեն այս ժամանակավոր զրկանքներին դիմագրավելու հարցում, քանի որ զիջման ու նվաստացման ենթակա Հայրենիք չունենք:
ԱՐՑԱԽԸ ԵՂԵԼ Է ՈՒ ՄԻՇՏ ԿԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ:
orer.eu
