Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

  • 15.12.2022
  • 0
  • 84 Views

Դեկտեմբերի 14-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Նախարար Միրզոյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը և դրանց հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները: Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: 

Հայկական կողմն անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիայի խնդրին, Հայաստան֊Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը։ 

Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի, ռազմատենչ հռետորաբանության և հայատյացության իր քաղաքականությունը և առավելապաշտական մոտեցումները, այդպիսով խաթարելով Հարավային Կովկասում կայունությունը և անվտանգությունը։ Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում