Արցախը Հայաստանին կապող մայրուղին ադրբեջանցիները կրկին փակել են․ Արցախի ՆԳՆ-ի եւ Ազգային ժողովի հայտարարությունները

  • 12.12.2022
  • 0
  • 356 Views

Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ: Ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքները, Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում։

ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է, որ հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում անչափահասներ, մնացել են ճանապարհին: Նրանց մի մասը վերադարձել է Գորիս, Իսկ Ստեփանակերտ-Շուշի գոտում ժամեր շարունակ սպասողական վիճակում գտնվող քաղաքացիները, ճանապարհային ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտ: Անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների և առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ:
Բանակցություններն առայժմ շարունակվում են:
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։

Այս առթիվ Արցախի ԱԺ հանդես է եկել հայտարարությամբ

Ռուս խաղաղապահներին հորդորում ենք առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների հակամարդկային գործողությունները

Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը` ադրբեջանցի ակտիվիստների կողմից Հայաստանը Արցախին կապող ճանապարհը փակելու կապակցությամբ․

«Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Դիմում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիներին` ցուցաբերել զսպվածություն, լինել զգոն, որպեսզի միասնական ջանքերով կանխենք ադրբեջանցիների ցանկացած սադրիչ գործողություն: Իր գոյապայքարի ընթացքում բազում դժվարություններ հաղթահարած մեր ժողովուրդը այս անգամ էլ կդիմակայի առկա և ապագա մարտահրավերներին:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում կոնկրետ քայլերով գործողություններ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները:

Ռուս խաղաղապահներին հորդորում ենք եռակողմ համաձայնագրի շրջանակում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները:

«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
խմբակցության ղեկավար՝                      Դ. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

«ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
խմբակցության ղեկավար՝                       Ա. ՄՈՍԻՅԱՆ

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»
խմբակցության ղեկավար՝                       Դ. ԳԱԼՍՏՅԱՆ

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ»
խմբակցության ղեկավար՝                       Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

«ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ — ՔՄԴ»
խմբակցության ղեկավար՝                       Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ»

Իր հերթին, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը վերաբերող հարցերին:  

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում