
Չեխական Նովինկի լրատվական կայքէջում դեկտեմբերի 6-ին մի հոդված էր տպագրվել, որի հեղինակն անդրադարձել էր Չեխիայում կատարվող կազմակերպված գողություններին։ Այս հոդվածը տարածել են նաեւ այլ կայքէջեր։
«Սեփական տները հիմնականում թալանվում են Հայաստանի և Վրաստանի հանցավոր խմբերի կողմից» հոդվածում\Rodinné domy vykrádají hlavně gangy z Arménie a Gruzie – Novinky\ հեղինակ Ռադիմ Վացուլիկը նշում է, որ ռումիններին փոխարինելու են եկել նախկին Խորհրդային Միության հանցավոր խմբերը, եւ իբրեւ օրինակ բերում է վրացական մի խմբի, որին հաջողվել է ձերբակալել Սլովակիայի տարածքում։ Իսկ նրա զրուցակից՝ Չեխիայի Ոստիկանության Հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Միրոսլավ Ադամչիկն էլ իբրեւ օրինակ նշում է՝ հիմնականում նախկին Խորհրդային Միությունից են, Հայաստանից եւ Վրաստանից։ Հետաքրքիր է նաեւ, որ նշված հոդվածի ներքո չեխ ընթերցողների մեկնաբանություններում հիմնական մտահոգությունն այն է, թե ինչպես են հանցավոր խմբերը մտնում Շենգենյան տարածք, իսկ մի մասն էլ օգտվելով առիթից, իր բացասական վերաբերմունքն է արտահայտում ուկրաինացի փախստականների նկատմամբ, նույնիսկ գրելով, որ ավելի լավ է հայերն ու վրացիները մեզ թալանեն, քան ուկրաինացիները մեր գլխին խփեն։ Ի դեպ, կան նաեւ սթափության կոչ անողներ, որ պետք չէ հայերին ու վրացիներին մեղադրել, եթե չեք եղել այդ երկրներում, չեք ճաշակել նրանց հյուրասիրությունը եւ չեք տեսել , թե ինչպես են նրանք ապրում։ Ինչպես Էվա Մլչոխովան է գրում, որ վրացիներն ավելի լավ են ապրում, քան մենք այստեղ Եվրամիությունում։ Վլաստիմիլ Կրուպան էլ գրում է՝ «Ուրեմն ուկրաինացիները հիմա միայն հարկադրողներ են, ուստի ես կնախընտրեի, որ հայը կամ վրացին թալանեն իմ բնակարանը, քան թե Ուկրաինայից եկած հրեշը լավագույն դեպքում կոտրի իմ ձեռքերն ու ոտքերը»։ Իսկ Վիտեզսլավ Ռուժիչկան էլ գրում է, թե արդյո՞ք միեւնույնը չէ՞, թե ովքեր են մեզ թալանում՝ կառավարության հանցավոր խմբերը, թե հայերն ու վրացիները։ Ահա այսպիսի ծայրահեղ արձագանքների առիթ է տալիս մի չմտածված հոդվածի տպագրումը, որտեղ շեշտը դրվում է գողերի ազգային պատկանելիության վրա։
Ստորեւ ներկայացնում ենք վերոհիշյալ հոդվածը՝ Արսեն Քոչարյանի թարգմանությամբ։
«Եթե վերջին վեց-յոթ տարիների ընթացքում Չեխիայում խանութներն ու տները կողոպտվում էին մի քանի ռումինական հանցախմբերի ձեռքով, այս տարի վիճակը փոխվել է. (եթե հաշվի առնենք, որ ոստիկանության իրագործած մի շարք ձերբակալությունների շնորհիվ, ռումինացի հանցագործների մեծ մասն արդեն հայտնվել է ճաղերի հետևում`երկար տարիների ազատազրկմամբ)։
Ըստ հեղինակ՝ Ռադիմ Վացուլիկի, այսօր այդ գործունեության առաջնահերթությունը ստանձնել են նախկին խորհրդային հանրապետություններից եկած տարբեր կազմակերպված հանցախմբեր, որոնք Չեխիա մուտք գործելիս օգտվում են շենգենյան գոտու արտաքին սահմանների ազատ հատման իրավունքից։ «Նախկինում նրանք գրեթե բացառապես ռումինացիներ էին։ Այս տարի հանցագործները հետխորհրդային երկրներից են՝ հիմնականում Հայաստանից և Վրաստանից»,- շեշտում է ՉՀ-ի Ոստիկանական նախագահությանն առընթեր Հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ՝ Միրոսլավ Ադամչիկը՝ իհարկե, առանց հիմնավոր փաստարկների ներկայացման կամ անունների մեջբերման։
«Հանցագործների հիմնական թիրախը սեփական տներն ու խանութներն են։ Որպես կանոն հանցանքի վայր են մեկնում մեկ մեքենայով և մեկ գործողությամբ կարողանում են հմտորեն թալանել մի քանի տուն։ Գողությունների նպատակով Չեխիա են գալիս միանգամից մի քանի հանցախմբեր, որոնց անդամները, շատ հաճախ, սերտ կապերի մեջ են լինում միմյանց հետ։ Չի կարելի բացառել, որ մեկը մյուսին լավ ճանաչելով, նույնիսկ թիրախավորված տարածքները բաժանում են միմյանց միջև»,-նշել է Ադամչիկը՝ միաժամանակ ավելացնելով, որ միայն այս տարվա ընթացքում, հանցագործներն իրենց պատասխանատվության տակ ունեն տների ու խանութների թալանման գրեթե տասնյակ դեպքեր՝ այն էլ ոչ միայն Չեխիայի տարածքում, այլև ողջ Կենտրոնական Եվրոպայում՝ մասնավորապես Սլովակիայում, Ավստրիայում և Հունգարիայում։ «Սրանց համար պարզապես չկան սահմաններ»,-զգուշացրել է ոստիկանության աշխատակիցը և տեղեկացրել, որ հետախույզներին արդեն հաջողվել էր հերթական գողության դեպքից անմիջապես հետո բացահայտել խմբերից մեկին ու ձերբակալել նրա անդամներին։ Վրաստանից եկած բանդան, որը հիմնականում կենտրոնացած է տներ ներխուժելու և թալանելու գործունեության վրա, անսպասելիորեն հատել է Սլովակիայի սահմանը: Ուստի, չեխական ոստիկանությունը նրա մասին տեղեկություն է փոխանցել իր սլովակ գործընկերներին, որոնց հաջողվել է բռնել ողջ խմբին հենց գողության դեպքի վայրում։
«Առանց միջազգային ոստիկանական համագործակցության, անհնար է նմանատիպ հանցագործությունները կարճ ժամանակամիջոցում կանխել։ Ուստի անհրաժեշտ է նման խմբակցությունների տեղաշարժերի և թողած հետքերի մասին տեղեկատվությունների փոխանակման գործունեություն ծավալել՝ առանձին երկրների միջև»,-եզրափակիչ խոսքում կարևորել է վարչության պետ Ադամչիկը»։
Արձագանքներ
Այս հոդվածին չեխահայ ազգային փոքրամասնության անունից իբրեւ արձագանք-հարցում է գրել Հակոբ Խոջայանը՝
«Բարև, պարոն Վացուլիկ,
Ես ուզում եմ ձեզ հարցնել seznam.cz կայքէջում հրապարակված հոդվածի մասին, որը վերաբերում է հայկական և վրացական ավազակախմբերի կողմից ՌԲ-ի կողոպուտին։
Աղբյուրը՝ պարոն Ադամչիկը, նշում է, որ իրենք բռնել են վրացական հանցախմբի անդամներին, որից հետո ամբողջ հոդվածում տեղեկություններ են տրվում միայն վրացիների մասին։
Ուզում եմ հարցնել, թե որտե՞ղ են հայերը, կոնկրետ քանի՞ տոկոս են կազմում այս կամ այն երկրի հանցագործները, քանի բանդա կա Չեխիայի ոստիկանության տվյալների բազայում և քանի՞ հայի են բռնել։ Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ դուք մի քիչ ապակողմնորոշիչ տեղեկատվություն եք փոխանցում լրատվամիջոցներին, որտեղ խոսում եք միայն վրացի հանցագործների մասին։
Քանի՞ հայկական ծագումով բանդա է բռնվել. բանդաներ են, թե՞ մեկ բանդա: Նախապես շնորհակալ եմ ձեր պատասխանի համար:Այլապես, խնդրում եմ ուղղեք ինձ, եթե ճիշտ եմ հասկանում ձեր հոդվածը»:
Վերոհիշյալ մեկնաբանություններից և արձագանքներից ամենաակնառուն Չեխիայում ծնված և հայկական արմատներ ունեցող՝ Լուցիան Փափազյանի գրառումն է՝ ի պատասխան մեկ այլ չեխ ընթերցողի, որը փոքր-ինչ հեգնել է Հակոբ Խոջայանի հարցումին՝ վերջինիս չեխերեն տեքստում հայտնաբերելով մեկ տառասխալ: Ստորև ներկայացնում ենք պարոն Փափազյանի դիպուկ գրառումն ամբողջությամբ. «Կարե՛լ Կվաշ, սովորե՛ք հայերեն և հետո քննադատե՛ք։ Օրինական կերպով հարց տալը չի նշանակում, որ սխալ թույլ չտալը պարտադիր է: Կան շատ ուրիշները, որոնք այստեղ մշտական բնակություն են հաստատել և գործնականում չեն կարողանում անգամ չեխերեն կմկմալ, էլ ուր մնաց՝ կարողանան քերականորեն ճիշտ գրել։ Ձեր գրառումը տեղին չէ։ Այն չի առընչվում թեմայի քննարկման բովանդակությանը։ Արդարացումներ, հնարքներ եք փնտրում առերեսվելուց խուսափելու համար այն ճշմարտության հետ, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի սիրելի՝ Վրաստանն այստեղ հանցավոր խմբավորումներ ունի, և ոչ թե Հայաստանը, որն առանց այն էլ տառապում է Բաքվի ագրեսորի գործունեության օրերում։ Մեկը, որով այդքան հիանում են ԱՄՆ-ն, ԵՄ ղեկավարությունը, այդ թվում և Չեխիան։ Եվ մենք՝ չեխերս չենք ընդդիմանում այս բռնապետին։ Այլ նրանից գազ ու նավթ ենք պատվիրում, զենք ենք մատակարարում, որը հետո սպանում է քրիստոնյա հայ բնակչությանը։ Իսկ Ձեզ կարևորը հետաքրքրում է չեխական քերականությունը, որի մեջ այսօր կխճճվեր ցանկացած չեխ, քանի որ հիմնականում սովորում են անգլերեն և շեշտը չեն դնում չեխերենի խորը իմացության վրա»։
Օրեր ամբագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն էլ հարցում է ուղարկել հեղինակին, թե կոնկրետ ո՞ր հայկական խումբն է, ե՞րբ եւ որտե՞ղ է թալանել որեւէ տուն։
Այս հարցերին որեւէ կերպ դեռեւս չեն պատասխանել։
Ամեն դեպքում, օտարների, իսկ առավել եւս գողությունների մասին տեղեկատվություն տալիս, պետք է շատ զգույշ լինել։ Գողերը ազգություն ու սահման չեն ճանաչում։ Հետեւաբար ընդհանրացնել, թե Հայաստանից եւ Վրաստանից եկած խմբերն են թալանում առնվազն կամ դիտավորություն է՝ նպատակուղղված որոշ հարեւան պետությունների կողմից, կամ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք։ Ի դեպ, մի քանի ամիս առաջ էլ չեխական մամուլը մեղադրում էր նախկին խորհրդային երկրների, Ուկրաինայի, Վիետնամի ու Սիրիայի հանցավոր խմբերին, որոնք Թուրքիայից անօրինական փախստականներ են տեղափոխում Եվրոպա։
ՕՐԵՐ ամսագիր