
Հայոց լեզվի շուրջ միավորող ամենազանգվածային մրցույթը՝ «Մեղուն», բաց է սփյուռքի դպրոցահասակների համար։ Կրթական ամենամյա տոնը նախատեսված է ՀՀ, Արցախի և սփյուռքի 3-12-րդ դասարանների բոլոր սովորողների համար՝ անկախ առաջադիմությունից, հայերենի իմացության մակարդակից և գտնվելու վայրից:
Մրցույթն անցկացվում է «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ սերունդների մեջ ազգային ինքնության բանալին հանդիսացող հայոց լեզվի հանդեպ սեր և հոգածություն ձևավորելու նպատակով։
- Մրցույթն առցանց է:
- Մրցութային օրեր՝ դեկտեմբերի 19 (սփյուռք), դեկտեմբերի 26 և 27 (ՀՀ և Արցախ):
- Գրանցման վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 16 (սփյուռք), դեկտեմբերի 20 (ՀՀ և Արցախ):
- Մրցույթի հարթակ՝ test.contests.am:
- Բոլոր մանրամասները՝ «Այբ»-ի մրցույթների կայքում:
«Մեղու»-ի առաջադրանքները լեզվական և տրամաբանական են՝ հարմարեցված երեխաների տարիքային ու կրթական յուրահատկություններին: Սփյուռքի սովորողների համար մշակվող առաջադրանքներն առանձնանում են ներհայաստանյան փուլի հարցերից իրենց պարզությամբ՝ հաշվի առնելով մայրենի լեզվի ուսուցմանը հատկացվող ժամանաքանակի տարբերությունները։
Մայրենի լեզվի տարածմանը միտված այս առաքելության իրագործումն ամեն տարի հնարավոր է դառնում մեր բարերարների և գործընկերների աջակցությամբ: «Այբ»-ն այս տարի «Մեղուն» անցկացնում է նոր ձևաչափով՝ ավելի մեծ թվով մասնակիցներ ներգրավելու համար։ Այս փոփոխությունների շարունակական ազդեցությունն ապահովելու համար ընթացքի մեջ է «Մեղու»-ին ուղղված նվիրաբերության արշավը, որին կարելի է միանալ donate.ayb.am-ում։ Ցանկացած ներդրում նպաստում է «Մեղու» մրցույթի զարգացմանը և երեխաների համար լավագույն փորձառության ապահովման մեր ջանքերին։ Հարցերի դեպքում գրել meghu@ayb.am էլ․հասցեին։
«Հայերենը բոլորի համար» խորագրի ներքո անցկացվող «Մեղու» մրցույթը ծնունդ է առել Հայաստանում 2014 թ.-ին, ապա ընդլայնել իր աշխարհագրությունն աշխարհի մյուս ծայրերում ապրող հայկական համայնքների համար։ 2019-ին մեկնարկած ծրագրի միջազգայնացումն ու առցանց ձևաչափի անցումը գալիս են մեծացնելու հայոց լեզվի նկատմամբ սեր ու հետաքրքրություն ունեցող երեխաների թիվը, հատկապես հայրենի սահմաններից դուրս, և ի ցույց դնել մայրենի լեզվի պահպանման կարևորությունը։
orer.eu