«Հակոբ Պողոսյանի անվան կրթաթոշակ – 2022» մրցույթի հաղթողները՝ Երեւանի Թեքեյանի անվան դպրոցում

  • 05.12.2022
  • 0
  • 652 Views

Հայտնի են դարձել «Հակոբ Պողոսյանի անվան կրթաթոշակ – 2022» շարադրությունների մրցույթի հաղթողները: Ամենամյա ձեռնարկը, որը նվիրված է հայ ականավոր լրագրող, հրապարակախոս, քաղաքական մեկնաբան, «Նոր Օր» թերթի խմբագիր, թարգմանիչ Հակոբ Պողոսյանի հիշատակին, նախաձեռնվել եւ 2002թ. սկսած իրականացվում է Պողոսյանների ընտանիքի /ԱՄՆ/ կողմից:

Մրցույթի նպատակն է նպաստել աշակերտների առաջադիմության բարձրացմանը, խրախուսել հայոց լեզվի իմացությունն ու ստաղծագործական աշխատանքը, նոր լիցք ու ոգեւորություն հաղորդել աշակերտներին, ինչպես նաեւ առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ պատանիներին դրսեւորել իրենց գիտելիքները:

Այսօր Երեւանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցում՝ Հակոբ Պողոսյանի անունը կրող լսարանում, կայացավ ձեռնարկի արդյունքների ամփոփումը /մրցույթը կայացել էր ս.թ. նոյեմբերի 10-ին Թեքեյան Կենտրոնում/: Այս տարվա ստեղծագործական շարադրությունների թեմաներն էին «Պայքար հանուն կյանքի», «Խաղաղություն աշխարհին», «Ես՝ ազգիս համար» եւ «Աշնան մեղեդի»: Մրցույթի մասնակիցներն էին դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները, որոնցից վեցը լավագույն աշխատանքների համար արժանացան դրամական պարգեւների՝

I մրցանակ – Աիդա Մելքոնյան /«Պայքար հանուն կյանքի»/

II մրցանակ – Շուշաննա Խաչատրյան /«Ես՝ ազգիս համար»/  

III մրցանակ – Սոնա Մակինյան /«Պայքար հանուն կյանքի»/

IV /խրախուսական/ մրցանակ – Սոֆի Ռաֆայելյան /«Պայքար հանուն կյանքի»/

V /խրախուսական/ մրցանակ – Արարատ Արզումանյան /«Խաղաղություն աշխարհին»/

VI /խրախուսական/ մրցանակ – Արփինե Սարգսյան /«Պայքար հանուն կյանքի»/

Հակոբ Պողոսյանի մասին

Ծնվել է Լիբանանում 1936թ.: Հաճախել է Հայ Կաթողիկե Մեսրոպյան եւ ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան վարժարանները: Բարձրագույն կրթությունը ստացել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, այնուհետեւ ավարտել է Լոնդոնի համալսարանի միջազգային լրագրության բաժնի դասընթացները:

Դաստիարակվել է հայկական ոգով, հայրենասիրությամբ ու սիրով դեպի ազգային մշակույթն ու լեզուն: Վաղ հասակից գիտակցել է հայի ինքնության պահպանման կարեւորությունը եւ ուսանողական տարիներից ի վեր բեղուն ազգանվեր գործունեություն ծավալել լիբնանահայ համայնքի հասարակական կյանքում:

Երկար տարիներ Բեյրութի ԹՄՄ եւ Գրական Շրջանակի վարչությունների առաջատար անդամներից էր: Աշխատել է «Յառաջ», «Յառաջ Գրական», «Զարթօնք» թերթերում:

1989թ. ընտանիքով տեղափոխվել է Միացյալ Նահանգներ եւ շուտով ստանձնել Կալիֆորնիայի «Նոր Օր» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Եղել է նաեւ ՀԲԸՄ Կալիֆորնիայի հանձնաժողովի վարիչ-քարտուղարը։ Արժանացել է ԹՄՄ «Ռիթա եւ Վարդգէս Պալեան» մամլո մրցանակին: Կյանքից հեռացել է վաղաժամ՝ 2001թ.:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում