Չեխիան մեծ թվով պրակտիկ բժիշկների, մանկաբույժների ու ատամնաբույժների կարիք ունի

  • 05.12.2022
  • 0
  • 110 Views

Չեխական ՄԼԱԴԱ ՖՐՈՆՏԱ ԴՆԵՍ օրաթերթն իր 2022թ. նոյեմբերի 25-ի համարում «ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ՉՈՒՆԵՆ ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺ ԿԱՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊՐԱԿՏԻԿ ԲԺԻՇԿ» հոդվածով անդրադարձել է մի կարեւորագույն խնդրի։

Թերթի թղթակիցը գրել է դեռևս COVID-19 համաճարակից մինչ օրս չեխ պրակտիկ բժիշկների, մանկաբույժների և ատամնաբույժների զգալի բացակայության մասին։

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում օրըստօրե վատթարացող այդ խնդրի շուրջ։ Մանրամասնությունները կգտնենք հոդվածում, որը որոշակի կրճատումներով ստորև ներկայացվում է թարգմանաբար.

«VZP-ն՝ բժշկական ապահովագրությունը, պրակտիկ բժիշկներին գրավում է այն բնակավայրերում, որտեղ նրանք ամենաշատն են բացակայում»։ (Ընդհանուր պրակտիկ բժիշկը՝ թաղամասային կամ ընտանեկան բժիշկն է, որն ունի համընդհանուր բժշկության վերապատրաստում)։ ԸՊ բժշկի խնդիրը առաջին բուժօգնություն ցուցաբերելն է – (նշ. խմբ.)

«Նոր պացիենտներ չենք ընդունում»։ Ահա՛ նման պատասխան են ստանում ավելի ու ավելի շատ մարդիկ, ովքեր փնտրում են ատամնաբույժ, պրակտիկ թաղամասային բժիշկ՝ (չափահասների համար) կամ մանկաբույժ։ Այս բժիշկներից շատերը պնդում են, որ չունեն ազատ տեղ՝ հիվանդներով ծանրաբեռնվածության պատճառով, և հրաժարվում են նոր պացիենտներ ընդունելուց, նույնիսկ եթե խոսքը նորածինների մասին է։

Ըստ հաշվարկների՝ հարյուրավոր ամբուլատոր բժիշկներ հեռացել են ասպարեզից, իսկ տասնյակից մինչև հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց բժշկական խնամքի։ Չեխիայի ամենամեծ ապահովագրական ընկերությունը ցանկանում է այդ խնդիրը մեղմել բժիշկներին ֆինանսական բոնուսներ շնորհելու միջոցով, ովքեր կընդունեն նոր պացիենտներ՝ անցնելով բուժծառայությունների այն ամենակրիտիկական վայրերում, որտեղ բուժխնամքի զգալի բացակայություն կա (այս մասին՝ քիչ ավելի ուշ)։

«Իրավիճակն ավելի դրամատիկական է, քան թվում է»,- զգուշացրել է Երեխաների ու դեռահասների ԸՊ բժիշկների ասոցիացիայի նախագահ Իլոնա Հյուլեովան, որի հաշվարկով Չեխիայում զգալի է մոտ 200 ամբուլատոր մանկաբույժների սակավություն, ինչի արդյունքում շատ երեխաներ չունեն իրենց բժիշկները։

«Գրեթե ամեն շաբաթ ինձ ընդունարան են զանգահարում մի շարք ծնողներ և խնդրում գրանցել իրենց նորածիններին, որոնց ցավոք մերժում եմ՝ ազատ տեղ չունենալու պատճառով։ Միևնույն իրավիճակում են նաև իմ մյուս գործընկերներից շատերը։ Պարզապես չեն ընդունում նորերին, քանի դեռ չեն ազատվել տասնինը տարեկանների հոգսից»,- ավելացրել է Իլոնա Հյուլեովան։

Պրահա. «Կես տարի առանց մանկաբույժի՞»

Վերջինիս խոսքերով, եթե նախկինում ճգնաժամային իրավիճակը նկատելի էր հիմնականում փոքր քաղաքներում, այժմ կան, կամ շուտով կառաջանան խնդիրներ նաև բոլոր մարզերում, քանի որ մանկաբույժները ծերանում են, անցնում թոշակի կամ մահանում են։ Արդյունքում չի գտնվում որևէ շահագրգիռ երիտասարդ փոխարինող, ում կարելի է փոխանցել ընդհանուր պրակտիկայի բժշկի ընդունարանը։ «Ատեստավորումից հետո երիտասարդ բժշկուհիները գնում են մայրության արձակուրդի, իսկ տղամարդ բժիշկների մեծ մասն անցնում է աշխատանքի հիվանդանոցներում։ Երբ ինչ-որ մեկն ընդունարան է բացում, սովորաբար ավելի մեծ քաղաք է նախընտրում։ Ճգնաժամը նույնիսկ Պրահա է հասել ու դեռ գնալով աճում է, որտեղ ավելի շատ երեխաներ են ծնվում։ Իսկ այս տարի դրան ավելացել են նաև մեծ թվով ուկրաինացի փախստականները։ Ուստի, այնտեղ մանկաբույժ գտնելը գրեթե անհնար է»,- օրաթերթին է ներկայացրել մանկաբույժների ղեկավարը։

Օրինակ՝ Պրահայի Ստրաշնիցե թաղամասի բնակչուհի՝ տիկին Պավլան անձնական փորձից համոզվել է, որ իրենից ավելի քան կես տարի է պահանջվել 11-ից 13 տարեկան իր երեխաների նոր մանկաբույժին գտնելու համար։

«Այս տարվա գարնանը զանգահարել եմ մեր բժշկուհուն՝ երեխաներին պարտադիր բուժզննումներ անցկացնելու համար։ Համաձայնվեց, որ կարող ենք այցելել, սակայն զգուշացրեց, որ արդեն ազատվում է աշխատանքից և անցնում է թոշակի։ Երբ սկսեցի փնտրտուքներ կատարել ու զանգահարել տարածքի մանկաբույժներին, պարզեցի, որ նրանց մոտ չեն ընդունում նորերին։ Գրեթե տասն ընդունարաններ մերժեցին ինձ»,- պատմում է նա։ Այնուհետև, Պավլան դիմել է երեխաների ապահովագրության ընկերությանը, որը տիկնոջն է տրամադրել մանկաբույժների ցանկ։

«Ցավոք նրանք բնակտարածքի մոտակայքերում չէին։ Ստիպված էինք մեկ ժամ երթևեկել քաղաքային տրանսպորտով։ Հետո ինձ հուշեցին Ստրաշնիցեի մի բժշկի մասին։ Սեպտեմբերին զանգահարեցի և տեղեկացա, որ նոյեմբերի սկզբներին նոր ընդունարան է բացվելու։ Ահա այդպես բարեբախտաբար հաջողվեց գտնել նոր մանկաբույժ»,- ավելացրել է երեխաների մայրը։ Հիմնվելով մանկական բժշկական քարտերի՝ (անկետաների) թվաքանակին, որոնք պրակտիկ բժիշկների ընդունարանների չեղարկումից հետո պահվում են շրջանային վարչություններում, ինչպես նաև հետևելով առողջապահության ապահովագրական ընկերությունների տվյալներին՝ ամբուլատոր մանկաբույժների ղեկավար՝ Իլոնա Հյուլեովան կարծիք է հայտնել 50-ից 80 հազար չգրանցված երեխաների հավանականության մասին:

Չեխիայի Հանրապետության /VZP/Համընդհանուր առողջապահության ապահովագրական ընկերությունը՝ /ՀԱԱԸ/, որն ունի հաճախորդների ամենաշատ թվաքանակը, այժմ ներկայացնում է «VZP Plus» ծրագիրը, որով ցանկանում է փոքր-ինչ մեղմել ճգնաժամային իրավիճակը՝ ամբուլատորային մանկաբույժներին, ընդհանուր պրակտիկ բժիշկներին և ատամնաբույժներին բուժծառայության վերադարձնելով այն բնակավայրերը, որտեղ վերջիններիս բացակայությունն առավել քան զգալի է։ Ուստի, ծրագրի շրջանակներում նշված բժիշկներին առաջարկում է խրախուսական բոնուսներ, որոնց վճարումը կսկսվի 2023թ.-ի հունվարից։

«Ընտրել ենք տասնյակ շրջանային համայնքներ՝ ընդլայնված գործունեությամբ, որտեղ ամենամեծ խնդիրը խնամքի հասանելիությունն է, կամ որտեղ բժիշկները շուտով թոշակի են անցնելու ծերության պատճառով: Խոսքն ամենից հաճախ Չեխիայի և Մորավիայի հյուսիսում գտնվող շրջանների վերաբերյալ է։

Օրինակ, մանկաբույժների հարցում նպատակային ենք համարել նույնիսկ Պրահան, ևս տասնհինգ այլ վայր՝ Սթրեդոչեսկի և ինը վայր՝ Հարավային Մորավիայի երկրամասերում»,- հայտնում է VZP ապահովագրական ընկերության մամուլի խոսնակ՝ Վիկտորիե Պլիվովան։

«Պրակտիկ բժիշկներին, ովքեր ընդունարաններ կբացեն նշանակված վայրերում, կվճարենք մինչև 800 հազար չեխական կրոնի, իսկ ատամնաբույժներին՝ մինչև 500 հազար չեխական կրոնի հասնող գումարներ՝ բոնուսի տեսքով: Արդյունքում ստացված գումարը կախված կլինի մեր ապահովագրվածների տոկոսից»,-հստակեցնում է ապահովագրական ընկերության տնօրեն՝ Զդենյեկ Կաբատեկը՝ հուսալով, որ վերը նշված խրախուսական ծրագիրը հիվանդներին թույլ կտա բժիշկներ ձեռք բերելու արդեն նոր և գործող ընդունարաններում:

Խնդրահարույց վայրերում VZP-ն բժիշկներին բոնուսներ է առաջարկում անգամ այն դեպքում, եթե ավելացնեն իրենց աշխատաժամերն ու ընդունեն նոր պացիենտներ. նրանցից յուրաքանչյուրը մեկից ավելի պացիենտի դիմաց կստանա մինչև 1300 չեխական կրոնի վճար՝ կախված ապահովագրական ընկերության հաճախորդների բաժնեմասից: Իրագործման համար նույնիսկ կունենան ապահովագրության արտոնյալ սակագներ։ «Հաջորդ տարվա բյուջեով «VZP Plus» ծրագրին հատկացրել ենք 1,3 միլիարդ չեխական կրոնի չափով գումար՝ որում հիվանդության կանխարգելման միջոցառումների բոնուսները նույնպես ներառված են»,- հավելել է Կաբատեկը։

Միայն գումարով խնդիրը չի լուծվի

Այնուհանդերձ մասնագետները զգուշացնում են՝ երբ բժիշկների պակաս կա, միայն գումարով խնդիրը չի լուծվի։ Օրինակ, Չեխիայում կան պրակտիկ բժիշկների չզբաղեցված տասնյակ ընդունարաններ: Այնուամենայնիվ, Ընդհանուր պրակտիկայի բժիշկների ասոցիացիայի նախագահ՝ Պետր Շոնկան շեշտել է, որ VZP-ն ճիշտ ուղղու վրա է։

«Տարբեր բոնուսներ եղել են ու կան այլ ապահովագրական ընկերությունների կողմից և նախկինում օգնել են խնամքով ապահովել հազարավոր մարդկանց։ Բայց այս անգամ այլ է։ VZP-ն առաջին անգամ ստեղծել ու հրապարակել է մի քարտեզ, որը ցույց է տալիս, թե որտեղ են խնամքի հասանելիության վատթարագույն խնդիրները: Մենք մասնակցել ենք դրա ստեղծմանը։ Հուսով եմ, որ սա դեռ սկիզբն է, և քարտեզը գնալով դեռ կզարգանա՝ այլ ապահովագրական ու մասնագիտական ​​ընկերությունների, Առողջապահության նախարարության, ինչպես նաև շրջանների ու քաղաքների հետ խորհրդակցություններից հետո։ Միասին պետք է որոշենք, թե ուր են հոսելու նախատեսված գումարները»,-պարզաբանել է Շոնկան։

Ամբուլատոր մանկաբույժների ասոցիացիայի նախագահ Իլոնա Հյուլեովայի խոսքով. «Չեխիայում նոր ընդունարանների բացման կամ ընդունելության ժամերի ավելացման առումով գումարներ է առաջարկում նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ը /անգլ.՝ UNICEF/։ Սակայն երկու հազար ամբուլատոր մանկաբույժներից հետաքրքրված են միայն 24-ը, քանի որ նրանց մեծ մասն արդեն գործում է իր հնարավորությունների սահմաններում»։

600 հազար մարդ՝ առանց ատամնաբույժի՞

Խրախուսական բոնուսների վերաբերյալ ՉՀ-ի ատամնաբույժները հայտնել են, որ կարող էին ավելի առատաձեռն լինել։ Այնուհանդերձ ուրախ են, որ գոնե ինչ-որ տեղաշարժ նկատվում է։ «Նախկինում VZP-ի բոնուսային ծրագիրն ի հայտ է բերել մոտ կես միլիոն թվաքանակի հասնող նոր գրանցումներ»,-օրաթերթին հիշեցրել է Չեխիայի ատամնաբույժների պալատի նախագահ՝ Ռոման Շմյուկլերը։ «Մի քանի տարի առաջ մոտ 1,5 միլիոն մարդ առանց գրանցման էր և չէր ստանում ատամների բուժում ու կանոնավոր խնամք։ Այսօր նրանց թիվը մոտ 600 հազար է։ Մնացածը նույնիսկ հետաքրքրված չեն»,- ավելացրել է նա։

Ո՞ր վայրերում է առավելապես զգացվում պրակտիկ բժիշկների և ատամնաբույժների բացակայություն

Ըստ ԱՀԱ-ի հրատարակած քարտեզի, պրակտիկ բժիշկների զգալի բացակայություն է գրանցվել Չեխիայի գրեթե 52 շրջանային համայնքներում։ Վատթարագույն վիճակում Ուստիի մարզն է, որտեղ բոնուսային ծրագրի առաջարկը գործելու է հետևյալ տասնմեկ վայրերի համար՝ Ժատեց, Կադան, Վարնսդորֆ, Լովոսիցե, Ռումբուրկ, Լիտվինով, Մոստ, Պոդբորժանի, Բիլինու, Խոմուտով և Դեչին։ Սրանց հաջորդում են՝ Վիսոչինան իր ութ, Մորավիա-Սիլեզյան երկրամասն իր վեց, ինչպես նաև՝ Զլինի և Սթրեդոչեսկի երկրամասերն իրենց հինգ խնդրահարույց տեղանքներով։

Ատամնաբույժների ահռելի բացակայություն գրանցվել է ՉՀ-ի ավելի քան 64 բնակավայրերում։ Խնդրահարույց վիճակում գտնվող շրջանային համայնքները, որոնց կհատկացվեն բոնուսային գումարները, թվով՝ 16-ն են և գտնվում են Մորավիա-Սիլեզյան երկրամասում՝ Բոհումին, Ռիմարժով, Կարվինա, Կրնով, Բրունտալ, Նովի Յիչին, Տրժինեց, Օդրախ, Հավիրժով, Օրլովա, Կոպրժիվնիցե, Օստրավա, Ֆրիդեկ Միստեկ կամ Բիլովեց: Սրանց հաջորդում են՝ Ուստի և Հարավային Մորավիայի երկրամասերն իրենց ութ և Սթրեդոչեսկի երկրամասն իր հինգ խնդրահարույց տեղանքներով։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում