Արարատ Միրզոյանի ելույթը եւ հանդիպումները Լոձում՝ եվրոպական գործիչների եւ ԵՄ արտգործնախարարների հետ

  • 02.12.2022
  • 0
  • 371 Views

Դեկտեմբերի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում տեղի է ունեցել ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը, որին մասնակցել  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հանդես եկել ելույթով եւ հանդիպումներ է ունեցել եվրոպական բարձրաստիճան գործիչների եւ արտգործնախարարների հետ։

Իր ելույթում Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ «Եվրոպական անվտանգության ճարտարապետության համար այս տարին նշանավորվեց հսկայական մարտահրավերներով: Մենք շարունակաբար ականատես էինք լինում մեր հանձնառությունների՝ ներառյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի տասը սկզբունքների ոտնահարմանը: Ցավոք, Հարավային Կովկասն այն տարածաշրջաններից մեկն է, որտեղ մենք առերեսվում ենք ուժի և ուժի սպառնալիքի շարունակական կիրառմանը։ Մեր հարևան Ադրբեջանը  ոչ միայն շարունակում է իր առավելապաշտական ու ռազմատենչ հռետորաբանությունը, այլև՝ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

Այս տարի սեպտեմբերի 13-14-ն Ադրբեջանը սանձազերծեց  ոչնչով չհրահրված ագրեսիա՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառ. կմ: 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր սա երրորդ լայնածավալ հարձակումն էր Հայաստանի դեմ: Այս ագրեսիայի հետևանքով ունեցանք 233 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, հազարավոր ներքին տեղահանված Հայաստանի քաղաքացիներ, թիրախավորվեցին բնակավայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ, պատճառվեցին  տնտեսական ու բնապահպանական լուրջ վնասներ։ Պատերազմական հանցագործությունների ամենադաժան դրսևորումները, ներառյալ հայ զինվորական կանանց և տղամարդկանց արտադատական սպանությունները և խոշտանգումները, ադրբեջանական ագրեսիայի բնորոշ հատկանիշներն են:

Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել այն գործընկերներին, ովքեր չեն խուսափում մատնանշել ագրեսորին և բարձրաձայնում են ռազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և հանցագործներին պատժելու անհրաժեշտության մասին։ Նույնքան կարևոր է պահանջել Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։ Նրանց շարունակական ներկայությունը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում լուրջ մարտահրավեր է մեր տարածաշրջանում փխրուն խաղաղությանն ու կայունությանը։

Ավելին, նույն տարվա ընթացքում՝ մարտ և օգոստոս ամիսներին, Ադրբեջանը շարունակեց իր սադրիչ և ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Եռակողմ հայտարարությունների բացահայտ խախտմամբ՝ Ադրբեջանը փաստացի էթնիկ զտումների ենթարկեց Լեռնային Ղարաբաղի ևս մեկ բնակավայր և փորձեց խոչընդոտել Լաչինի միջանցքի գործունեությանը, որն ավելի քան 120 հազար մարդու համար «կյանքի ճանապարհ» է»։

Իր ելույթի վերջում արտգործնախարարը ընդգծել է. «Ներկա պայմաններում դժվար է խորհել ԵԱՀԿ տարածաշրջանի առանձին հատվածում խաղաղության հասնելու մասին։ Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը դրսևորել է քաղաքական կամք և վճռական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նոր դարաշրջան բացելու ուղղությամբ։ 

Չնայած ադրբեջանական կողմի հաճախակի սադրանքներին, մենք չենք դադարեցրել  հարաբերությունների կարգավորման, բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանայինանվտանգության վերաբերյալ մեր բանակցությունները։ Թույլ տվեք հստակ արձանագրել, որ Հայաստանը պատրաստ է ձեռնամուխ լինելու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, երբԱդրբեջանը համաձայնի, որ բոլոր ճանապարհները պետք է լիովին գործեն մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենսդրության ներքո։ 

Մեր պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի և, ըստ այդմ, պետք է իրականացվի իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա։ Այս առումով, Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումն իրականացնելու հանձնառությունըկխթանեն այս գործընթացը: 

Մեր պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի։

Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը նույնպես պետք է համակողմանիորեն հասցեագրվի։ Այս հարցերը մշտապես եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջնորդվող խաղաղ գործընթացի հիմքում։

Ես կցանկանայի օգտագործել այս հնարավորությունը՝ Հայաստանի երախտագիտությունն ու հետագա աջակցությունը հայտնելու ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի կողմից  տեղում իրավիճակը գնահատելու և վերահսկելու նպատակով տեղակայված առաքելություններին։ Ներկա պայմաններում, երբ Ադրբեջանը մտացածին մեղադրանքներով քողարկում  է Հայաստանի դեմ ուժի կիրառումը, միջազգային  ներկայությունը տեղում և հստակ վերաբերմունքը ագրեսիայի և ագրեսոր պետության նկատմամբ առավել  քան երբևէ կարևոր են:

Մենք շարունակում ենք հավատալ, որ ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրները, ԵԱՀԿ մեխանիզմներն իրենց կուտակած գիտելիքներով և փորձով կարող են և պետք է նպաստեն տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատմանը»։

Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուին:

Քննարկվել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր, միջազգային հարթակներում հայ-ռումինական փոխգործակցության մակարդակի բարձրացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը։

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները: Հայկական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը խաղաղության օրակարգին՝ արձանագրելով, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումներն անընդունելի են և հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին: 

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարներն նաև անդրադարձ են կատարել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն ու ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության կողմից իրականացված աշխատանքներին: Բարձր է գնահատվել առաքելությունների գործունեությունը։       

Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ:

Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Պորտուգալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել հայ-պորտուգալական բարեկամական կապերն ու գործընկերային հարաբերությունները:

Կարևորվել է երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումն ու բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը: Կողմերը դիտարկել են երկու երկրների միջև գործարար կապերի ստեղծման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի: Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում։ 

ՀՀ ԱԳ նախարարը պորտուգալացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող զարգացումները և վերահաստատել հայկական կողմի դիրքորոշումը, որ Ադրբեջանը պարտավոր է դուրս բերել իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից, դադարեցնել առավելապաշտական և ռազմատենչ հռետորաբանությունը։

Դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով լեհական Լոձում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի ԱԳ նախարար Ռաստիսլավ Կաչերի հետ:  Նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել զարգացնելու հայ-սլովակական փոխգործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպես նաև միջազգային հարթակներում։ 

Արարատ Միրզոյանն ու Ռաստիսլավ Կաչերն անդրադարձ են կատարել նաև ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման օրակարգին։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ ինքնիշխանության և  տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների հետևանքով ի հայտ եկած անվտանգային և հումանիտար մարտահրավերները: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության դերը՝ ընդգծելով, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ: 

Անդրադարձ է կատարվել  Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներին։

Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:

Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային փխրուն իրավիճակը՝ մատնանշելով, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող ագրեսիաները և ռազմատենչ հռետորաբանությունը կոպտորեն խախտում են միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։

Արարատ Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը՝ նշելով, որ տարածաշրջանում անվտանգության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն ու ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ձգտումներն են: 

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։ 

Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության գործունեությանը:

Հանդիպման օրակարգում են եղել նաև ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը։

Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ:

Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հայ-սլովենական հարաբերություններում առկա ներուժն առավել արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության խորացման շուրջ։ 

Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման և ագրեսիվ գործողությունների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներին։

Հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր:

Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոբկե Հուկստրայի հետ։

Զրուցակիցները բարձր են գնահատել դինամիկ զարգացող հայ-նիդերլանդական հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել հետևողական քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցությունն առավել ընդլայնելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ: 

Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղման ուղղությամբ Նիդերլանդների հետ հաստատված սերտ փոխգործակցությունը: Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը։

Անդրադառնալով սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխանության դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ սեփական առավելապաշտական նպատակներին հասնելու Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրության հասցեական և սկզբունքային գնահատականները կարող են նպաստել Հարավային Կովկասում կայունության հաստատմանը:

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան  հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ՝ համոզմունք հայտնելով, որ այն դրական դեր է խաղում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում:

Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։

Կողմերը արձանագրել են հայ ու հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմամշակութային խորը կապերը և ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը, և ընդգծել Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը։ Զրուցակիցները նաև ընդգծել են պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված Հունգարիայի հայ համայնքի դերը, որը հանդիսանում է երկու երկրները կապող կամուրջներից մեկը։

Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Հունգարիայի հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները՝ մտադրություն հայտնելով նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում՝ հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։

Ի շարունակություն հանդիպման՝ երկու կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Առաջիկա օրերին կմեկնարկեն անհրաժեշտ դիվանագիտական և վարչական ընթացակարգերը։

Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացման կապակցությամբ, մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի ընդլայնման շուրջ:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանի և Ժոզեպ Բորելի ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հայկական կողմի հանձնառությունը և բարձր գնահատել այս ուղղությամբ ԵՄ աջակցությունը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն ու առավելապաշտական նկրտումները խոչընդոտում են խաղաղության հասնելու նպատակով գործադրվող ջանքերին և նպաստում էսկալացիայի հավանականության բարձրացմանը: Շեշտվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների հետևանքների վերացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները կարևորել են ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում և քննարկել դրա գործունեությանը վերաբերող հարցեր:

Դեկտեմբերի 1-ին՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի աշխատանքների շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդբերգիսի հետ։

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Լիտվա միջպետական հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ գոհունակություն հայտնելով պարբերաբար իրականացվող բարձր մակարդակի փոխայցելությունների կապակցությամբ: Առևտրատնտեսական կապերի զարգացման համատեքստում ընդգծվել է Համատեղ միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքների նշանակությունը։

Արարատ Միրզոյանը և Գաբրիելիուս Լանդսբերգիսն անդրադարձ են կատարել նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կայուն և տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներն ու այս ուղղությամբ ներդրվող ջանքերը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիան, սադրիչ գործողությունները և ռազմատենչ հռետորաբանությունը վտանգում են տարածարշրջանային փխրուն կայունությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեություն շուրջ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ առաքելությունը դրական դեր է կատարում տարածաշրջանում կայունության ապահովման գործում:

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լեհական Լոձ քաղաքում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լոյի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր փոխանակել միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության շուրջ:

Զրուցակցիների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր:

Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները` ընդգծելով Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողությունների ու ՀՀ ինքնիշխան տարածնքերի նկատմամբ իրականացվող ագրեսիաների անընդունելիությունը: Հայկական կողմը շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման և հումանիտար խնդիրների հասցեագրման հրամայականը:

Երկուստեք կարևորվել է հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման անհրաժեշտությունը։

Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։

Արտգործնախարարները քննարկել են երկու եղբայրական ժողովուրդների կապերի վրա հիմնված հայ-հունական փոխգործակցության մի շարք հարցեր:

Կողմերը մտքեր են փոխանակել իրենց տարածաշրջանների և միջազգային անվտանգային իրավիճակի շուրջ։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան  հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և վերջին շրջանում չդադարող սահմանային սադրանքներն Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր ագրեսիաների մեծ վտանգ են պարունակում։ 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ։

Զրուցակիցները կարևորել են փոխադարձ վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացումը: 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը։

Արարատ Միրզոյանը և Ուրմաս Ռեինսալուն քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։

Հայկական կողմը նաև կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որն իր նպաստն է բերում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:

\

Նոյեմբերի 30-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերաբար անցկացվող խորհրդակցությունների կապակցությամբ, քաղաքական երկխոսության ակտիվացման առումով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը: 

Նախարար Միրզոյանն իր չեխ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները: 

Անդրադառնալով սեպտեմբեր 13-14 Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ դուրսբերման հրամայականը: Ընդգծվել է Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման և ոչ կառուցողական մոտեցումների անընդունելիությունը։

Արարատ Միրզոյանը և Յան Լիպավսկին մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ:  Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ առաքելության գործունեության դերը կայունության ապահովման համատեքստում։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում