«Երիտասարդները թմրանյութերից անցնում են բջջային հեռախոսների». իրավիճակը Չեխիայում ուկրաինացի ներգաղթողների ներհոսքից հետո

  • 30.11.2022
  • 0
  • 371 Views

Կա այսպիսի արտահայտություն. «Կախվածություն ունենալը խարան չէ»։ Դա հիվանդություն է, որը ցանկության դեպքում հնարավոր է կանխարգելել ճիշտ ժամանակին: Տվյալ դեպքում խոսքը թմրամիջոցներից կախվածության մասին է, որին անդրադարձել է անցյալ շաբաթվա չեխական ՊՐԱՎՈ օրաթերթը (23.11.2022թ.)՝ «Երիտասարդները թմրանյութերից անցնում են բջջային հեռախոսների» հոդվածով՝ փորձելով որոշակի վիճակագրական տվյալների համեմատությամբ զուգահեռներ անցկացնել պատերազմից ներգաղթած ուկրաինացի և չեխ թմրամոլների միջև և ներկայացնել պետության ձեռնարկած քայլերը կախվածության նվազեցման հարցում։

Ստորև ներկայացնում ենք հոդվածը թարգմանաբար.

«Մինչդեռ Չեխիայի Հանրապետությունում ավելի բարձր ռիսկայնություն պարունակող թմրամիջոցներ (ինչպիսիք են՝ մեթամֆետամինը կամ օփիատները, օրինակ՝ հերոինը) գործածողների թիվը երկար ժամանակ կայուն է մնացել մեծահասակների շրջանում, երիտասարդների շրջանում կախվածություն առաջացնող նյութերի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է։ Սա բխում է ապօրինի թմրամիջոցների վերաբերյալ այս տարվա զեկույցից, ինչն անցյալ շաբաթ՝ (22.11.2022թ.) հաստատել է Կախվածության քաղաքականության համակարգման կառավարական խորհուրդը /ԿՔՀԿԽ/ ՝ վարչապետ Պետր Ֆիալայի (ՔԴԿ) նախագահությամբ։ «Մենք դեռևս ամենաշատ կանեփ օգտագործող երկիրն ենք, ինչը վերջին տարում կիրառել է Չեխիայի չափահասների մեկ տասներորդը։

Այնուամենայնիվ, վերջին չորս տարիներին նկատվում է նվազման միտում՝ ի տարբերություն այն երկրների, որոնք միշտ ավելի քիչ են օգտագործել կանեփ։ Մեր երկրում զգալիորեն նվազում է բոլոր թմրամիջոցների, այդ թվում՝ կանեփի կիրառումը 16 տարեկան օգտագործողների շրջանում»,- ասել է թմրամիջոցների դեմ պայքարի համակարգող Յինդրիխ Վոբորիլը (ՔԴԿ):

«Դեռահասների շրջանում թմրանյութերի գործածումը նվազում է արդեն մի քանի տարի, քանի որ վերջիններս անցել են հեռախոսների ու սոցիալական ցանցերի կիրառմանը։ Դա կարող է նաև հանդիսանալ պատճառներից մեկն այն դեպքում, երբ նվազում է ալկոհոլի և որոշ չափով ծխախոտի կիրառումը»,- ավելացրել է նա։ Թեև թվային կախվածություններն ունեն առողջությանը սպառնացող ավելի քիչ վտանգներ, սակայն առավել վտանգավոր են սոցիալական ոլորտում։ Թե դա որքան մեծ խնդիր կարող է հանդիսանալ, կդառնա հետագա ուսումնասիրության առարկան:

Ավագ դպրոցի յուրաքանչյուր հինգերորդ աշակերտ փորձել է Կրատոմ տեսակի թմրանյութը

«Թվային կախվածության մեջ երկարատև առողջական հակազդումները հնարավոր է, որ խաթարեն սոցիալական հարաբերությունները շրջակա միջավայրի հետ՝ առաջ քաշելով խնդիրներ ընտանիքում, հասակակիցների մեջ կամ դպրոցում և այլն: Դրանից չեն գոյանում առողջությանը սպառնացող երկարաժամկետ վտանգներ, թեև, իհարկե, առկա են որոշակիները. օրինակ՝ գիրության ավելացում կամ հենաշարժիչ՝ (ոսկրամկանային) համակարգի հետ կապված խնդիրներ»,-ներկայացրել է Թմրամիջոցների և կախվածության մոնիտորինգի ազգային կենտրոնի ղեկավար, տիկին՝ Պավլա Խոմինովան։

Կանեփը շարունակ մնում է առաջատար

Ըստ վերջին զեկուցումների՝ կանեփը դեռևս ամենաշատ օգտագործվող անօրինական թմրանյութն է չեխ մեծահասակների շրջանում, որն արդեն կյանքի ինչ-որ հատվածում փորձել է 15 տարեկանից բարձր մարդկանց գրեթե 21-34%-ը, իսկ ինքնաբուժության նպատակով՝ 12-15%-ը։ 15 տարեկանից բարձր կիրառողների 4-5%-ը երբեմն օգտագործել է էքստազի, 5-6%-ը՝ ցնորածին (հալյուցինոգեն) սնկեր, իսկ 2-3%-ը ներկայացնում է մեթի և կոկաինի հետ ունեցած փորձառության մասին։ Ապօրինի թմրամիջոցների գործածման ցուցանիշները մոտավորապես երկու անգամ ավելի բարձր են տղամարդկանց շրջանում։

Նախորդ տարի Չեխիայի ոստիկանությունն արձանագրել է հիմնականում թմրամիջոցների հետ կապված 4196 հանցագործություն։ Քրեական գործերն առավել հաճախ հարուցվում են թմրամիջոցների ապօրինի արտադրություն և այլ գործառնություն կատարած անձանց նկատմամբ։ Թեև զեկույցը վերաբերվում է անցյալ տարվա տվյալներին, դրանում նշվում է նաև Ուկրաինայում ընթացող պատերազմի հակազդումը և Չեխիայի Հանրապետություն փախստականների ժամանման հետևանքով թմրամիջոցներից կախվածության ոլորտի զարգացումը։

«Ուկրաինայում թմրամիջոցների կիրառման իրավիճակը տարբերվում է Չեխիայում կիրառման իրավիճակից։ Վտանգ սպառնող և հիմնականում ներարկման միջոցով օգտագործվող առաջնային թմրանյութն այնտեղ օփիատներն են՝ ի տարբերություն Չեխիայի, որտեղ առաջնային ու ռիսկային թմրադեղը Մեթոտն է։ Ուկրաինայում ներարկման ուղով թմրամիջոցների օգտագործման տարածվածությունը նույնպես բարձր է»,- նշված է զեկույցում։

Կանխարգելման համար կա դրամի պակաս՝ սոցիալական աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու համար։ Ըստ Վոբորիլի՝ դա կարող է նպաստել ՄԻԱՎ-ով՝/մարդու իմունային անբավարարության վիրուս/ և դեղնախտով վարակված թմրամոլների թվի աճին։ «ԹՆՕ-ների՝ /ներերակային թմրամիջոց օգտագործողների/ տարածվածության շրջանում ունենք զգալիորեն ցածր ցուցանիշ, սակայն Ուկրաինայից փախստականների ժամանումով դա կարող է փոխվել։

Ներերակային թմրամիջոց օգտագործողների շրջանում հաշվառել ենք ՄԻԱՎ-ի դրականությամբ բուժվող զգալի քանակությամբ մարդկանց։ Նրանք հիմնականում այն ​​մարդիկ են, ովքեր արդեն բուժվել էին Ուկրաինայում և եկել են այստեղ բուժում խնդրելու, ինչն ինքնին արդեն լավ նշան է»,- հայտնել է Վոբորիլը։

2021 թ.-ին գրանցվել է ՄԻԱՎ-ի 233 նոր դեպք, մինչդեռ ներարկման միջոցով այս վիրուսի փոխանցման տեսակարար կշիռը, տարեկան 5-9 դեպքով, տարիներ շարունակ ցածր է լինում Չեխիայում։ Այնուամենայնիվ, թմրամոլությունից կախվածության ծառայություններում կատարողականն աճում է՝ բախվելով հնարավորությունների ուժի հզորությանը։ 45 հազար խնդրահարույց թմրամոլներից 38 հազարը օգտվում է, այսպես կոչված, «ցածրաշեմ»՝ հեշտ հասանելի, սատարող սոցիալական ծրագրերից (օրինակ՝ միմյանց միջև փոխանցվող վարակներից զերծ պահելու համար, ներարկիչների կամ փոխարինող դեղերի հատկացում և այլն)։

Ըստ Վոբորիլի առկա է նաև ամբուլատոր օգնության բացակայությունը, հետևաբար պետք է փոխվի բժշկական ապահովագրության ֆինանսավորման համակարգը։ Նախորդ տարի պետությունն ավելի քան երկու միլիարդ կրոն է ծախսել հակաթմրամիջոցների քաղաքականության օգտին, որի համար նախատեսված գումարը 2015թ.-ից մինչ օրս աճում է։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում