Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել գործընթացի ղեկը

  • 28.11.2022
  • 0
  • 82 Views

Radar Armenia-ի թղթակից Հայկ Մագոյանը զրուցել է միջազգայնագետ Շահան Գանտահարյանի հետ։

-Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ հավաքական անվտանգության նիստը, որի վերջնական փաստաթղթերը Հայաստանը չստորագրեց։ Ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցածը։

-Կարծում եմ՝ օրինաչափ է Երևանի չստորագրելը։ ՀԱՊԿ-ն անպայման պետք է քաղաքական գնահատական տար և հաստատեր, որ Ադրբեջանը ներխուժել է ՀԱՊԿ-ի անդամ՝ ՀՀ ինքնիշխան տարածք և պահանջեր, որ ադրբեջանական զորքերը վերադառնան ելման կետեր։ Նման գնահատական չտալը, կարծում եմ, կապված է սահմանազատման-սահմանագծման գործընթացի հետ, որտեղ ՀԱՊԿ ղեկավարող ՌԴ-ն ուզում է ստանձնել միջնորդի դեր, իսկ միջնորդ լինելը ենթադրում է հավասար հեռավորություններ։

-Հիմա ՀԱՊԿ հռչակագիրը պետք է լրամշակվի։ Հայաստանին կհաջողվի՞ ցանկալի փաստաթուղթ ստանալ, թե՞ սա տարբերակ էր, որ թեման առժամանակ հետաձգվի։

-Կարծում եմ՝ գործընթացը կձգվի որոշ ժամանակով։ Լրամշակված փաստաթղթում պետք է ներառել հայկական կողմի համար կարևորագույն կետեր՝ ռազմագերիների, պահվող անձանց և աճյունների վերադարձը, հրադադարից հետո արցախյան շփման գծի խախտումը, ադրբեջանական զորքերի հեռացումը հայաստանյան տարածքներից, Ադրբեջանի գործադրած ռազմական հանցագործությունների քրեականացման անհրաժեշտությունը և այլն։ Պարզ է, որ ներկա պայմաններում Երևանը չունի դիվանագիտական առաձգականություն։ Այդուհանդերձ, պետք է արծարծել, որ Բաքուն չի կատարում այն պայմանավորվածությունները, որոնք երաշխավորված են ռուսական միջնորդությամբ, և դա ունի իր տրամաբանությունը։ Չի կարելի անցնել մեծ օրակարգերի (ինչպիսին ապաշրջափակումն է) այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն չի գործադրում համաձայնությունները։

-Ինչպե՞ս կգնահատեք նաև ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումը. ՌԴ նախագահը հայտարարեց, որ Փաշինյանի հետ քննարկել են տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման:

-Ըստ էության, քննարկումը վերաբերում է նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնության 9-րդ կետին։ Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել ամբողջ տարածաշրջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող 9-րդ կետի իրականացման գործընթացի ղեկը։ Կարծում եմ՝ քննարկումների ամբողջ մեխը տարածաշրջանային տարողունակություն ունեցող 9-րդ կետի փուլային իրականացման խնդիրներին է վերաբերում։

-Միաժամանակ, Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Լաչինի միջանցքը փակելու մասին. արդյո՞ք այս իրավիճակում սա պատահական է։

– Բաքվի պատկերացմամբ Լաչինի միջանցքի փակման հոխորտանքը «Զանգեզուրյան միջանցք»-ի բացման աշխատանքներն արագացնելու համար ճնշման միջոց է։ Հայկական կողմը հաստատակամ պետք է ընդգծի, որ նոյեմբերի 9-ի և դրանից բխած ածանցյալ հայտարարություններում ու փաստաթղթերում «միջանցք» ձևակերպում գոյութուն չունի։

Ալիևի ասածը պարզապես «միջանցք՝ միջանցքի դիմաց» ռազմավարության բանաձևն է։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում