Հայաստանին նվիրված երեկո գերմանական Մագդեբուրգի Սուրբ Հովհաննես եկեղեցում

  • 24.11.2022
  • 0
  • 96 Views

2022թ. նոյեմբերի 17-ին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանին նվիրված երեկո: Սույն ձևաչափով միջոցառում Սաքսոնիա-Անհալթ երկրամասում անցկացվում է առաջին անգամ:

«Հայաստանի երեկոյի» անցկացումը նախաձեռնել է երկրամասի Լանդթագի նախագահ, դր. Գուննար Շելլենբերգերը: Վերջինիս հրավերով երկրամաս են ժամանել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Միքայել Թումասյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Շիրակ Թորոսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը։

«Հայաստանի երեկոյին» ընդառաջ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի և Սաքսոնիա-Անհալթի Լանդթագի պատգամավորների հանդիպումը՝ Վլադիմիր Վարդանյանի և Գուննար Շելլենբերգերի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև տարբեր հանձնաժողովների նախագահներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում համագործակցել պետաիրավական, գյուղատնտեսության, բնապահպանության և այլ ոլորտներում:

«Հայաստանի երեկոյի» ընթացքում ելույթով հանդես եկան Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ դր. Գուննար Շելլենբերգերը, փոխվարչապետ պրոֆ. դր. Արմին Վիլլինգմանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և ՀՀ Աժ պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի և Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձավ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ ձևավորված ինստիտուցիոնալ համագործակցությանը, այդ թվում՝ մշակութային ոլորտում: ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում մատնանշեց 2022 թվականը՝ որպես Ազգային Ժողովի և Լանդթագի համագործակցության տարի, ողջունեց Բուրգենլանդկրայզի և Արմավիրի մարզի, ինչպես նաև Նաումբուրգ և Արմավիր քաղաքների միջև գործընկերության հաստատման հուշագրերի ստորագրման կարևորությունը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի պատգամավորներ, քաղաքական-հասարակական գործիչներ:

Միջոցառումն ուղեկցվեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժշտական կատարումներով:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում