
Նոյեմբերի 15-ից մինչեւ 22-ը Չեխիայում, Շվեյցարիայում, Լատվիայում եւ Ռումինիայում փայլուն ելույթներով հանդես եկավ «Արսեն Պետրոսյան քառյակը», որը ներկայացրեց «Հոգին ճանապարհ» ծրագիրը։ ՕՐԵՐ-ն արդեն անդրադարձել է քառյակի հիմնադիր, տաղանդավոր դուդուկահար Արսեն Պետրոսյանի գործունեությանը։ Մեր երաժշտությունը մարդուն ստիպում է մտածել ու հուզվել. դուդուկահար Արսեն Պետրոսյանի հարցազրույցը ՕՐԵՐ-ին՝ Բռնոյի համերգի նախօրեին – Orer

Այժմ անդրադառնանք համերգային շրջագայության արդյունքներին եւ գնահատականներին։ Առաջին ելույթը նոյեմբերի 15-ին էր, չեխական Բռնոյի ֆիլհարմոնիայի դահլիճում։ Այն անցել է ջերմ ընդունելությամբ եւ հանդիսատեսի ոգեւորիչ ծափահարությունների ներքո։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Բռնոյի ֆիլհարմոնիայի դրամատուրգ Վիտեզսլավ Միկեշը. «Ես սիրում եմ հայկական երաժշտությունը՝ և՛ ավանդական, և՛ այսպես ասած՝ լուրջ, այնպես որ միշտ ուրախ եմ, երբ այն կենդանի հնչում է այստեղ՝ Բռնոյում: Գերազանց դուդուկահար Արսեն Պետրոսյանի և նրա քառյակի համերգը, որն անցած շաբաթ տեղի ունեցավ Բռնոյի ֆիլհարմոնիկ դահլիճում, այսպիսով ինձ համար մեծ փորձառություն էր (ինչպես վերջերս Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ եւ իր անձնական մասնակցությամբ տեղի ունեցած համերգները, Հայաստանի Ֆիլհարմոնիկի կողմից Ավետ Տերտերյանի, Արամ Խաչատուրյանի երաժշտության կատարումը կամ էլ «Նաղաշ» համույթի ելույթը): Հայկական գեղեցիկ մեղեդիները, դուդուկի և հայկական ավանդական այլ նվագարանների տպավորիչ ձայնը իմ մեջ արթնացրեցին իմ երազած Հայաստանի պատկերները, ուր, հուսով եմ, մի օր կայցելեմ»:

Համերգին ներկա Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ում հովանու ներքո անցկացվել էր հայկական համույթի ելույթը, նույնպես տպավորված էր։ Մեզ հետ զրույցում Հայաստանի դեսպանը նշեց.«Հրաշալի համերգ էր, յուրահատուկ եւ գեղեցիկ կատարումներ ներկայացրեց մեր քառյակը, մեր տաղանդավոր երաժիշտները ցույց տվեցին ամենաբարձր մակարդակ։ Չեխ հանդիսատեսը նույնպես բարձր գնահատեց իր ջերմ ծափահարություններով։ Գնահատելի է, որ քառյակի ղեկավար Արսեն Պետրոսյանը հրաշալի անգլերենով ներկայացնում էր նաեւ հայկական երաժշտական գործիքները եւ ստեղծագործությունները։ Ուրախ եմ նաեւ, որ Բռնոյի ֆիլհարմոնիայի հետ մեր համագործակցությունը շարունակվում է, եւ համերգն անցավ ոչ միայն մեր բարձր հովանու ներքո, այլեւ վերջում ընդունելություն կազմակերպեցինք մեր երաժիշտների համար։ Բռնոյի ֆիլհարմոնիան եւ նրա ղեկավարությունը արդեն մի քանի տարի շարունակ մեզ նման անակնկալներ է մատուցում՝ հանձինս բարձրակարգ հայ երաժիշտների, ինչպես օրինակ Հայաստանի ֆիլհարմոնիկի ելույթը, Մանսուրյանի գործերի կատարումը՝ մաեստրոյի ներկայությամբ, ինչպես նաեւ «Նաղաշ» անսամբլի ելույթները։ Այս անգամ էլ ամենաջերմ զգացումներով բաժանվեցինք Բռնոյից, հույս ունենալով, որ մարտին կրկին կվերադառնանք՝ Տիգրան Համասյանի համերգին, Մանսուրյանի գործերի կատարմանը»։

Եվրոպական շրջագայությունը մեր խնդրանքով ամփոփեց նաեւ Արսեն Պետրոսյանը։
Արսեն Պետրոսյան.«Բռնոյում շատ պատրաստված հանդիսատես էր։ Երեւում էր, որ բուռն մշակութային կյանք կա այդ քաղաքում, բարձր որակի համերգներ են կազմակերպում։ Դահլիճի ակուստիկան հրաշալի էր, տարբերվում էր մյուս դահլիճներից, եւ հատկապես ֆիլհարմոնիայի դահլիճում ելույթը մեծ պատասխանատվությունն էր։ Մեծ պատիվ էր նաեւ նման հանդիսատեսի առաջ ելույթ ունենալը։ Համերգի վերջում իբրեւ բիս նվագեցինք Ներսես Շնորհալու 12-րդ դարի «Առավոտ Լուսո» ստեղծագործությունը, որը կարծես թե բնական շարունակությունը լիներ համերգի սկզբի, երբ հոգեւոր երաժշտությամբ՝ Տեր ողորմյա ստեղծագործությամբ սկսեցինք մեր ելույթը։ Հետաքրքիր էր, որ մարդիկ հուզվել էին, եւ այդ ազդեցությամբ հեռանում էին համերգից։
Շվեյցարական համերգներն ավելի հետաքրքիր էին այն առումով, որ այստեղ նոր էին լսում նման երաժշտություն։ Յելում հայկական երաժշտություն երբեք չէր հնչել։ Համերգն, իհարկե, փոքր ֆորմատով էր, իսկ Ցյուրիխում շատ յուրահատուկ ակուստիկայով դահլիճում էինք նվագում։ Համերգից հուզված հայեր մոտեցան եւ ասացին, որ չէին սպասում նման հանգստություն եւ վայելք։ Մեր ելույթն իրենց համար բացահայտում էր։ Հանդիսատեսը նաեւ շատ սիրեց, երբ խոսում ենք գործիքների մասին, ներկայացնում ենք ստեղծագործությունները, մեր հայկական երաժշտության պատմությունը։ Այս ձեւաչափն իրենց հետաքրքիր է։
Լատվիայի համերգները տեղի ունեցան Ռեզեկնե քաղաքի Գոլս դահլիճում եւ Լիեպայայի Գրեյթ Ամբր դահլիճում, եւ ինչպես մեզ ասացին, իրենց ստեղծման օրվանից ոչ մի հայկական երաժշտություն չէր հնչել այնտեղ։ Համենայնդեպս ինձ այդպես ասաց տնօրենը։ Լիեպայայի դահլիճը համարվում է Բալթյան երկրներում լավագույն սրահներից մեկը։ Համերգից հետո նաեւ հարցեր ուղղեցին, հետաքրքիր էր հարցուպատասխանի բաժինը։ Կազմակերպիչները նաեւ հայտնեցին, որ համերգներից հետո մարդիկ են մոտեցել եւ ցանկություն հայտնել ճամփորդելու Հայաստան։ Ահա թե ինչպես է մշակույթը ազդում տուրիզմի զարգացմանը։ Դա հանդիսատեսի տված լագագույն գնահատականն է։ Մարդիկ կային, որ հեռավոր Կաունասից կամ Ռիգայից հասել էին այդ քաղաքներ, որ մեր համերգին ներկա լինեն։ Դա շատ ոգեւորիչ է։


Շատ բարձր մակարդակով էր կազմակերպված նաեւ Ռումինիայում։ Հրաշալի անցավ համերգը։ Իրենց լավագույն դասական համերգների դահլիճներից մեկում էր՝ Ազգային արվեստի թանգարանի դահլիճում։ Մեր ելույթը անցավ «Բուխարեստ Վաղ երաժշտություն» փառատոնի շրջանակներում։ Համերգին աջակցել էր նաեւ Ռումինիայի հայերի միությունը, որի նախագահ Վարուժան Ոսկանյանը նույնպես ներկա էր, ինչպես նաեւ ներկա էր Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը։ Համերգին ավելի երիտասարդներ էին ներկա, ինչը ուրախալի էր եւ շատ լավ ընդունեցին։ Իսկ Վարուժան Ոսկանյանի կինը, որը նաեւ հայտնի կոմպոզիտոր է Ռումինիայում, բարձր գնահատեց մեր կատարումը։ Ուրախ եմ, որ մեր կատարումը տեղ է հասել, ընդունվել է ոչ միայն հանդիսատեսի, այլեւ մասնագետների կողմից։

Բոլոր համերգներն անցել են հոտընկայս ծափահարություննեով եւ իսկապես կարող եմ ասել, որ մեր շրջագայությունը կայացավ»։
Մեր այն հարցին, թե արդյոք խիտ համերգային ժամանակացույցը եւ ճամփորդություններից հոգնածությունը չեն ազդում համերգների որակի վրա, Արսեն Պետրոսյանը պատասխանեց՝ «Բնականաբար ֆիզիկապես հոգնում եմ ճանապարհից, այդ ամենօրյա գրաֆիկից, բայց դա երաժշտի կյանքն է, բայց նաեւ մեծ փորձառություն է՝ զգալ, կիսվել, կոփվել եւ ավելի ուժեղանալ։ Ինքս այս շրջագայություններից հետո ավելի եմ ուժեղանում։ Անկախ այն հանգամանքից, թե արտիստը ճանապարհից հոգնած է, թե ոչ, պետք է պատրաստ լինի իր առավելագույնը տալ բեմում։ Կարեւորը նաեւ, երբ տալիս ես այդ էներգիան եւ ստանում ես հանդիսատեսից այդ ջերմությունը, հավասարակշռությունը պահպանվում է։ Իսկ ցանկացած համերգ բնականաբար տարբեր է՝ տարբեր հանդիսատես ու տարբեր էներգետիկ դաշտ։ Համերգներից լիովին բավարարված եմ։ Ինձ համար հետաքրքիր է այս փորձառությունը։ Ես ամեն մի շրջագայությունից հետո ավելի եմ ուժեղանում»։
Հ.Ասատրյան
Օրեր
Լուսանկարները՝ Բռնոյի ֆիլհարմոնիկի, Միխալ Սիկորայի



