Արարատ Միրզոյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանին

  • 21.11.2022
  • 0
  • 322 Views

Արարատ Միրզոյանն ամփոփել է ՀՀ նախագահությունը Ֆրանկոֆոնիայում և Երևանի հռչակագրով կազմակերպության անդամների ստանձնած հանձնառությունների կատարումը

Նոյեմբերի 18-ին Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 43-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ամփոփել է 2018թ․ Երևանի գագաթնաժողովում անդամ-պետությունների ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը և անցած չորս տարիների ընթացքում Հայաստանի նախագահությունը Կազմակերպությունում։ Երևանյան գագաթնաժողովի արդյունքում բացի Երևանի հռչակագրից ընդունվել էին վեց բանաձևեր ֆրանսախոս աշխարհում ճգնաժամային, հետճգնաժամային և խաղաղության ամրապնդման իրավիճակների, Փարիզի սկզբունքների 25-ամյակի, քաղաքացիության և մարդու իրավունքների կրթության, անտեսված արևադարձային հիվանդությունների, մշակութային մասնակցության, գիտելիքների փոխանցման և հետազոտությունների խթանման հարցերի շուրջ։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Երևանի գագաթնաժողովի արդյունքում ընդունված Երևանի հռչակագրի առանցքային դրույթներն ու հանձնառությունները «Ապրել միասին» գաղափարի շուրջ էին՝ խարսխված մարդասիրական արժեքների, ֆրանկոֆոն համերաշխության և լեզվական ու մշակութային բազմազանությունը հարգելու վրա։ Անցած տարիների ընթացքում անհանդուրժողականության դրսևորումների, ատելության խոսքի և խտրական երևույթների տարածումը ցույց է տվել, թե որքան կարևոր է ստեղծել արդար հասարակություն, խթանել հանդուրժողականությունն ու մշակութային բազմազանությունը։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ անցած չորս տարիների ընթացքում խաղաղությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լավ կառավարումը և միասին ապրելու հանձնառություններն առավել քան երբևէ գտնվել են Ֆրանկոֆոնիայի ուշադրության կենտրոնում։ Անդամ երկրները հնարավորություն են ունեցել ՖՄԿ աջակցությամբ և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներգրավմամբ մի շարք միջոցառումներ իրականացնել՝ ի նպաստ խաղաղության և ժողովրդավարության խթանման ու մարդու իրավունքների պաշտպանության:

Նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադրած ջանքերը՝ ուղղված ֆրանկոֆոն աշխարհում խաղաղության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային գործընկերների հետ ճգնաժամերի կանխարգելման ու հակամարտությունների կառավարման ուղղությամբ հետևողական աշխատանքը, ինչպես նաև կանխարգելիչ դիվանագիտություն և միջնորդություն իրականացնելուն ուղղված քայլերը՝ առաջնորդվելով հավաքական ֆրանկոֆոն համերաշխության գաղափարներով։

Հայկական կողմը ողջունել է ֆրանկոֆոն տարածքում լեզվական ու մշակութային բազմազանությունը ամրապնդելու շրջանակներում իրականացված «Ֆրանսերեն լեզու, մշակութային և լեզվական բազմազանություն» նախագիծը, ֆրանսերենի գործածությունը միջազգային հարաբերություններում խթանելուն միտված «Ֆրանսերենը միջազգային հարաբերություններում» ծրագիրը, ինչպես նաև՝ ֆրանսերենի վերաբերյալ Ջերբայում նախատեսված հռչակագրի ընդունումը։

Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև հակամարտությունների կանխարգելման գործում երիտասարդության դերի, կայուն զարգացման, շրջակա միջավայրի, կանանց ու տղամարդկանց հավասարության, արմատականացման ու ծայրահեղականացման դրսևորումների կանխարգելման ոլորտներում կատարված աշխատանքներին։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանին

Պարո՛ն նախագահ, 

Ֆրանկոֆոնիայի տիկի՛ն գլխավոր քարտուղար,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Պարոն նախագահ, շատ ուրախ եմ մասնակցելու այս նախարարական համաժողովին Ձեր գեղեցիկ երկրում և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ցուցաբերված հյուրընկալության համար։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին այս դժվարին ժամանակաշրջանում մեր կազմակերպության գործունեությունը պատշաճ կերպով ապահովելու, կարևոր բարեփոխումներ իրականացնելու և գալիք տարիներին սպասվող նախաձեռնություններն ուրվագծելու համար։ Հիրավի, Ֆրանկոֆոնիայի նոր ռազմավարական շրջանակով Ֆրանկոֆոնիայի համար սահմանվում են առաջնահերթություններ և հավակնություններ, որոնց մենք լիովին հավատարիմ ենք:

Այսօր մենք այստեղ հավաքվել ենք բազմակողմանիության ճգնաժամի համատեքստում, որն ուղեկցվում է հակամարտությունների քանակի բազմապատկմամբ։

Մենք նկատում ենք, որ ՄԱԿ կանոնադրության սկզբունքների հարգման վրա խարսխված հավաքական անվտանգության մեխանիզմները, մասնավորապես՝ ինքնիշխան իրավահավասարությունը, որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժի չկիրառումն այլևս չեն կարող երաշխավորել պետությունների անվտանգությունը որոշ պետությունների ագրեսիվ քաղաքականությունից։

Վերջինիս առաջին զոհերից էր Հայաստանը, որի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ սկսած անցած տարվա մայիսից, վերջին անգամ՝ այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանն իրականացրել է ագրեսիաներ, ինչը հանգեցրել է մեզ բոլորիս հայտնի հետևանքների. ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիա, հարյուրավոր զոհեր ու վիրավորներ, հազարավոր տեղահանվածներ և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում։

Չմոռանանք նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների, ադրբեջանական զինուժի կողմից հայ գերիների, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ իրականացված սոսկալի վայրագությունների մասին, որոնք սարսափեցրել են աշխարհը։

Լարվածությունն այսօր էլ պահպանվում է Ադրբեջանի հետ մեր սահմանին, և չնայած ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու վերաբերյալ ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Լեռնային Ղարաբաղի բնակչության և Հայաստանի նկատմամբ ու ներկայացնել անհիմն տարածքային պահանջներ։

Այս առումով մենք ողջունում ենք, որ բազում երկրներ ճանաչել են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փաստը և պահանջել ադրբեջանական ուժերի դուրս բերումը ՀՀ ինքնիշխան տարածքից։

Հայաստանը հավատարիմ է մնում հակամարտության հետ կապված բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը, և շնորհակալություն է հայտնում միջազգային այն գործընկերներին, որոնք ջանքեր են գործադրում դրան հասնելու համար։

Պարո՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ,

Վերադառնալով մեր համաժողովի աշխատանքներին․ Հայաստանն իր աջակցությունն է հայտնում մեր հաստատմանը ներկայացված փաստաթղթերին, որոնք վերաբերում են Ֆրանկոֆոնիայի ռազմավարական շրջանակի նախագծին, ֆրանսերենի մասին հռչակագրին և անդամակցության ընթացակարգին վերաբերող կանոնակարգին։

Մենք նաև մեր համաձայնությունն ենք հայտնում Ջերբայի հռչակագրի նախագծին։ Այս կապակցությամբ ցանկանում ենք շնորհավորել Թունիսի նախագահությանը թվայնացումը մեր բոլորի ուշադրության կենտրոնում պահելու համար։

Ինչ վերաբերում է ֆրանսախոս տիրույթում ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ բանաձևի նախագծին, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հայաստանին վերաբերող պարբերությունների առնչությամբ։ Կարևոր է, որ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրներն ու կառավարությունները համերաշխություն են հայտնել Հայաստանին՝ իրենցը դարձնելով այն հիմնական խնդիրները, որոնք պայմանավորում են կողմերի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը։

Եզրափակելով խոսքս՝ վերջապես ցանկանում եմ վերադառնալ Ալբանիայի պատվիրակության դիմումին՝ վերաբացելու Հայաստանին վերաբերող պարբերությունների քննարկումը, ինչին Հայաստանի պատվիրակությունը համաձայն չէ հետևյալ մի քանի պատճառներով։

Առաջինը և ամենակարևորն այն է, որ այս պարբերությունները շատ հավասարակշռված են և փոխզիջումների արդյունք են հանդիսանում, որոնց ուղղությամբ Հայաստանը ջանքեր է գործադրել։

Երկրորդ պատճառն այն է, որ մենք պետք է հարգենք Փաստաթղթերի համաձայնեցման հանձնաժողովի, նրա նախագահի և անդամների աշխատանքը, որոնք երկար քննարկումներ են անցկացրել՝  խնդրահարույց տարբեր հարցերի վերաբերյալ բոլորի համար ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ։ Այս պարբերությունները նաև այդ աշխատանքի հանգուցալուծումն են հանդիսանում։

Ես կհավելեի ևս մեկ՝ վերջին պատճառը, այն է՝ այս համաժողովի աշխատանքների արդյունավետությունը։ Մենք չենք կարծում, որ Ալբանիայի պատվիրակությունը կարող է ներկայացնել, ինչպես քիչ առաջ հայտարարեց, պարբերությունների նախագիծ, որը կարող է կոնսենսուս գտնել մեր համաժողովի շրջանակներում։ Մենք համարում ենք ոչ արդյունավետ նոր քննարկումների վերսկսումը, որոնք կարող են հանգեցնել միայն փակուղու:

Փաստաթղթերի համաձայնեցման հանձնաժողովի քննարկումների ընթացքում Հայաստանին վերաբերող կետերի առնչությամբ արդեն իսկ ձեռք է բերվել կոնսենսուս, և եթե Ալբանիայի պատվիրակությունը որոշակի դժվարություններ ունի այն հաստատելու առնչությամբ, կարող է վերապահում հայտնել այս պարբերություններին, ինչպես որոշ պատվիրակություններ արել են որոշման նախագծի այլ կետերի շուրջ, ։

Շնորհակալություն ուշադրության համար։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում