Նոյեմբերի 16-ին Նոր Զելանդիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանն (նստավայրը՝ Տոկիո) իր հավատարմագրերը հանձնեց Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Սինդի Կիրոյին: Վելինգտոնի կառավարական տանը, մաորիների ավանդական ողջույնի պոուհիրի ծիսակարգի իրականացմամբ, մաորի ժողովրդի ավանդական պարի ու երգի ուղեկցությամբ և պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի ունեցավ հավատարմագրերի հանձնման արարողությունը:
Դեսպան Հովհաննիսյանն իր խոսքում փոխանցեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնները, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ իր համար պատիվ է լինել Նոր Զելանդիայում Հայաստանի առաջին դեսպանը և ներկայացնել իր երկրի շահերը բարեկամ Նոր Զելանդիայում: Դեսպանը կարևորեց, որ երկու երկրները կիսում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքներ, որոնց վրա հիմնվելով հնարավոր է զարգացնել երկու երկրների հարաբերությունները:
Գեներալ-նահանգապետ Սինդի Կիրոն հայտնեց, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա տարեդարձին հաճելի է ողջունել Հայաստանի առաջին հավատարմագրված դեսպանին: Նա Նոր Զելանդիայի թագավորի և կառավարության անունից հաջողություն մաղթեց դեսպանին և խոստացավ ամենայն աջակցություն՝ կարևոր առաքելության կատարման գործում: Նա խնդրեց լավագույն մաղթանքներ փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և ընդգծեց, որ Հայաստանի և Նոր Զելանդիայի ժողովուրդներին կապում են միջազգային իրավունքի հանդեպ հավատարմությունը, ինչպես նաև Նոր Զելանդիայի աշխույժ հայ համայնքը:
Նույն օրը գեներալ-նահանգապետ Սինդի Կիրոն ընդունելության էր հրավիրել նոր հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, որի ընթացքում անկեղծ ու անմիջական շփումների առիթ եղավ։