Ֆրանսիայի Սենատը ընդունեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու բանաձեւը

  • 15.11.2022
  • 0
  • 194 Views

Ֆրանսիայի Սենատը քննարկում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևի նախագիծը: Այն հեղինակել են Սենատի վեց անդամներ՝ սենատորներ Բրունո Ռետայլոն, Քրիստիան Կամբոնին, Պատրիկ Քաններին, Էրվե Մարսելին, Էլիան Ասասիին և Ժիլբեր-Լյուկ Դեվինազին: Փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, ինչպես նաև վերադարձնել ռազմագերիներին և այլ պահվող անձանց:

Ներկա սենատորներից 295-ը կողմ է քվեարկել, մեկը՝ դեմ։

Հայամետ քաղաքական գործիչ Վալերի Բուայեն գրել է, որ Խորհրդարանական դիվանագիտությունն է, որ թույլ կտա Ֆրանսիային չկարմրել պատմության առջեւ։

Իր հերթին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը տարածեց հետեւյալ հաղորդագրությունը

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏՆ ԸՆԴՈւՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԱՌԱՋԱՐԿՈՂ ԲԱՆԱՁԵՎ

Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 295 կողմ և 1 դեմ ձայներով ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժմիջոցներ առաջարկող բանաձև։ Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը.

– պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը;

– կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք;

– առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում;

– վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ;

– առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը։

Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։

Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Արդեն իսկ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել իր ֆեյսբուքյան էջում՝

Շնորհակալ եմ Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների և մեր ժողովրդի համար այս կարևոր բանաձևն ընդունելու համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում սենատորներ Բրունո Ռետայլոյին, Քրիստիան Կամբոնին, Պատրիկ Քաններին, Էրվե Մարսելին, Էլիան Ասասիին և Ժիլբեր-Լյուկ Դեվինազին՝ բանաձևը ներկայացնելու համար: Բանաձևը մեզ համար շատ կարևոր ձևակերպումներ է պարունակում Արցախի սուբյեկտայնության տեսանկյունից:

Փաստաթուղթը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և ճանաչումը երկարատև խաղաղության հաստատման բանակցություններում որպես գործիք օգտագործելու անհրաժեշտությունը: Բանաձևում ընդգծվում է նաև, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ կրկնվող ագրեսիվ գործողությունները սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ազատությանը:

Սրանք այն կետերն են, որոնք կարևոր են Արցախի ու արցախահայության ապագայի համար: Իր հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու համար արցախահայության արդար պայքարը մեկ օր հասնելու է իր նպատակին՝ հայ ժողովրդի վճռականության և մեր բարեկամների աջակցության շնորհիվ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում