Նոյեմբերի 4-5-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում անցկացվել է Կիոկուշին կարատեի KWF Եվրոպայի 35-րդ առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները՝ Սպարտակ Գասպարյանի գլխավորությամբ, 19 մասնակցով 17 մեդալ են նվաճել։ Հատկանշական է, որ հավաքականի 19 մարզիկից 13-ն Արցախից են: Այս մասին հայտնում է Armsport.amը։
Թիմին ուղեկցել են նաև մարզիչներ Հրաչ Գրիգորյանը, Արմեն Կիրակոսյանն ու Արթուր Առուշանյանը, որը հանդես է եկել նաև որպես մարզիկ ու կարիերայում 6-րդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Առաջնության ընթացքում Առուշանյանը նաև ստացել է «Լավագույն տեխնիկա» մրցանակը։
Արցախցի Առուշանյանն ArmSport-ի հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի առաջնությունն ու իր հերթական չեմպիոնությունը.
«Անբացատրելի զգացողություններ են. նկարագրելը դժվար է: Մինչև մենամարտը շատ լարված ես լինում՝ ունենալով պատասխանատվություն նորից հաղթելու և տիտղոսը պահելու համար: Ինձ համար շատ տպավորիչ էին նաև աշակերտներիս հաղթանակները, քանի որ իմ մրցումից մեկ օր առաջ պատանիների առաջնությունն էր, որտեղ բավական լուրջ արդյունքներ ունեցանք: Այդ օրվա լավ էմոցիաներն ինձ ավելի մեծ ուժ և եռանդ տվեցին, որ հաջորդ օրն արդեն ինքս պայքարեմ հերթական չեմպիոնության համար»,- խոստովանում է Արթուր Առուշանյանը:
Ավելի վաղ, ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը մեզ հետ զրույցում առանձնացրել էր իր սաներից Վարդան Ադամյանի գրանցած հաջողությունը, որը կիսաեզրափակչում առավելության էր հասել Նիդերլանդների ներկայացուցչի՝ աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնի նկատմամբ, իսկ եզրափակչում զիջել էր արցախցի Արթուր Առուշանյանին՝ դառնալով Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Առուշանյանը ևս անդրադարձել է եզրափակիչ մենամարտին՝ պատմելով, որ սկզբում երկուսն էլ նկատողություն են ստացել՝ պասիվ գործելու համար. «Վարդանը մեր լավ մարզիկներից է, մասնակցել է 44-օրյա պատերազմին: Ի սկզբանե, նա պետք է մենամարտեր 18-21 տարեկան երիտասարդների խմբում, բայց հետո պարզվեց, որ 21 տարեկանը լրացած մարզիկները պետք է մրցեն մեծահասակների հետ: Նախքան եզրափակիչը՝ մենք տարբեր խմբերում էինք ընդգրկվել: Կիսաեզրափակչում շատ ծանր մենամարտ անցկացրեց շատ ուժեղ հոլանդացի մարզիկի հետ, իսկ հետո արդեն իրար հետ մրցեցինք: Սկզբում նկատողություն ստացանք պասիվ գործելու համար, քանի որ չէինք ցանկանում իրար հետ շատ կոպիտ աշխատել: Երկրորդ նկատողության դեպքում երկուսս էլ կորակազրկվեինք, այնպես որ ստիպված սկսեցինք գրեթե ամբողջ ուժով մենամարտել»:
Սա 2022 թվականի նախավերջին մրցաշարն էր, նոյեմբերի վերջին նաև Հայաստանի առաջնությունը կանցկացվի: Արթուր Առուշանյանի խոսքով՝ այս տարի ամենամեծ նվաճումները գրանցել են Եվրոպայի առաջնությունում. «Ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից, ինչպես նաև Հայաստանում և Արցախում տիրող վիճակից՝ չենք կարողացել շատ մրցումների մասնակցել. հայտերը ներկայացրել էինք, բայց չկարողացանք ներկա գտնվել: Տարվա կտրվածքով սա արտերկրում մեր երկրորդ մրցաշարն էր: Կարելի է ասել՝ տարին շատ լավ արդյունքներով ենք եզրափակում: Արդեն պետք է պատրաստվենք հաջորդ տարվա մրցումներին»:
Առուշանյանի խոսքով՝ հաջորդ տարվա գլխավոր ստուգատեսը 2023 թվականի նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունն է Ամստերդամում:
Նշենք նաև, որ այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում դափնեպսակներով և աղուհացով են դիմավորել Լիսաբոնում անցկացված Եվրոպայի 35-րդ առաջնությունում մրցանակային տեղեր նվաճած Արցախի կիոկուշին կարատեի հավաքական թիմի մարզիկներին:
«Մեր 13 մարզիկից 12-ը հայրենիք են վերադարձել մրցանակային տարբեր տեղեր զբաղեցրած: Նրանցից հինգը զբաղեցրել է 1-ին, հինգը՝ 2-րդ, իսկ երկուսը՝ 3-րդ մրցանակային տեղեր: Նշեմ, որ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավել է 3-րդ տեղը, որն աննախադեպ է»,- ասել է Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր, մարզիչ Արմեն Պետրոսյանը:
Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղեր նվաճած արցախցի մարզիկներին դիմավորելու էին եկել Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, սպորտի ոլորտի պատասխանատուներ, մարզիկներ ու մարզասերներ: