ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնում, որ ԱՄՆ-ում ներքաղաքական զարգացումները կլինեն այնպիսին, որ Նահանգների ներգրավվածությունը տարածաշրջանում չի նվազի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ կոնգրեսում ընտրությունները, 2024-ին նախագահի ընտրություններն ինչպե՞ս կարող են անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա:
Ըստ Փաշինյանի՝ այն քաղաքական դասավորությունը, որ 2020 թվականի դրությամբ կար ԱՄՆ-ում, շատ կոնկրետ ազդեցություն է ունեցել տարածաշրջանի իրավիճակի վրա:
«Նախագահ Թրամփի ադմինիստրացիան, կարծես թե, արտաքին քաղաքականության ոլորտում ավելի շատ հենվում էր Միացյալ Նահանգների՝ իզոլիացիոնիստական ավանդույթի վրա, երբ կարծում էր, որ ԱՄՆ-ն իր ներքին հարցերով ավելի շատ պետք է զբաղվի, քան արտաքին հարցերով: Եվ, իհարկե, այդ ազդեցությունները կան, այդ ազդեցությունները շատ կոնկրետ են, բայց մենք հույս ունենք և ուրախ ենք, որ ԱՄՆ-ն ներգրավված է նաև տարածաշրջանում: Եվ հույս ունենք, որ ներքաղաքական զարգացումները կլինեն այնպիսին, որ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը չի նվազի»,-ընդգծել է վարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հնարավորություն տեսնում է. խոսակցությունը զարգանում է, կանգ չի առել:
Փաշինյանը նման տեսակետ հայտնեց «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում` անդրադառնալով դիտարկմանը, որ հայ-թուրքական հնարավոր կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, սակայն թուրքական կողմը խոսում է Ադրբեջանի մասին:
«Այո, ասվում է՝ առանց նախապայմանների, բայց բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանն այդ խոսակցության մեջ ներկա է: Բայց, այն, որ պաշտոնական մակարդակում արձանագրվում է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, առնվազն վատ չէ»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց, որ Թուրքիան կարող էր նաև պաշտոնական մակարդակում արձանագրել, որ կա նախապայման՝ հարաբերությունների կարգավորման համար: Վարչապետը հավելեց.
«Իսկ ո՞վ է ասել, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել: Մենք էլ ենք ուզում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորենք: Եվ ես Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ փորձել եմ ներկայացնել նաև մի շարք նրբություններ, թե Հայաստանը մի շարք հարցերի վերաբերյալ ինչպես է տեսնում Թուրքիայի դիրքորոշումները, ինչպես է ընկալում, ինչպես է մեկնաբանում: Եվ փորձել եմ նաև հասկանալ, թե Թուրքիան Հայաստանի կամ Ադրբեջանի մի շարք դիրքորոշումներ ինչպես է ընկալում»:
Փաշինյանն արձանագրեց, որ վերջին շրջանում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, որոնք որոշակի նոր խոսույթ են բերում:
«Օրինակ, վերջերս ես նկատեցի, որ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը, որը նաև արտաքին քաղաքական հարցերով խորհրդական է, իր հարցազրույցում կարևորեց ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը, որը նույնպես շատ կարևոր և նուրբ բաղադրիչ է: Այո, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները շատ սերտ են, սակայն, չգիտեմ՝ Թուրքիայի մոտեցման փոփոխություն կլինի՞, թե՞ չի լինի, եթե բոլորի համար ակնհայտ լինի, որ Ադրբեջանն ուղղակի խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ առանց դրա հիմնավորման համատեքստ ունենալու»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների շփման, նաև իր և Թուրքիայի նախագահի անձնական շփումների արդյունքում տեսնում է, որ կան հնարավորություններ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման:
«Սակայն դա չի նշանակում, որ ես երաշխավորում եմ, որ կլուծվեն այդ հարցերը: Դա նշանակում է, որ խոսակցությունը ավարտված չէ, ընդհակառակը` խոսակցությունը սկսվել է և զարգանում է, կանգնած չէ»,-ասաց նա:
Փաշինյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի քայլերին, ասելով՝ «Եթե Ադրբեջանի համար կոմունիկացիաների բացումը ոչ թե էսկալացիայի առիթ է, այլ հաղորդակցության խնդիր, ապա այդ հարցը լուծված է, պետք է գնալ և ընթացք տալ այդ լուծմանը»:
Նրա խոսքով՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը գնում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը սպասարկելու ճանապարհով, ապա պարզ է, որ այդ շփումները պետք է կազմակերպվեն ինչ- որ ձևով:
«Մենք առարկություն չունենք, եթե Ադրբեջանի կողմից, օրինակ լինի Թուրքիայի սամանապահ ծառայությունը, մեր կողմից էլ ՝Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը: Եթե այդ տարբերակն ընդունելի չէ, Ադրբեջանի սահմանին պետք է հսկողություն իրականացնեն ադրբեջանցիները, Հայաստանի սահմանին՝ հայաստանցիները: 21-րդ դարում բազմաթիվ գործողություններ հնարավոր է անել էլեկտրոնային գործիքների կիրառմամբ»,-ասաց Փաշինյանը:
Նա նաև հիշեցրեց, 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքների հետ կապված:
«Ադրբեջանի նախագահը ինքն է հրաժարվել այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթղթի ստորագրումից»,-ասաց վարչապետը:
Աղբյուր՝ gov.am