Վահագն Դավթյանի 100-ամյակին նվիրված գրական հանդիսություն Հայաստանի գրողների միությունում

  • 11.11.2022
  • 0
  • 724 Views

Բոլոր բառերից ամենաշատը

Կապույտն եմ սիրում

Կապույտ աստղի պես

Հանգչում ես հեռվում

տուն իմ հայրենի․․․

Նոյեմբերի 11-ին, Հայաստանի գրողների միության (ՀԳՄ)  Մեծ դահլիճում տեղի ունեցավ Վահագն Դավթյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական հանդիսություն։

Հանդիսությունը բացեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը` պատմելով Վահագն Դավթյանի կյանքի, նրա ունեցած դժվարությունների, ու ստեղծագործությունների մասին:

«Նա և´ բանաստեղծ էր, և´ մշակութաբան, և´թարգմանիչ, և´ հրապարակախոս»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա բանաստեղծությունները հնչել և հնչում են Հայաստանի և Սփյուռքի տարբեր բեմերից:

Հայաստանի վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը, որ երկար տարիներ եղել է գրողի կողքին,նախաձեռնել և հրատարակել է Դավթյանի արձակ և չափածո անտիպ գործերը, բեմում էր:

Ներկաները հնարավորություն ունեցան լսելու և վայելելու  Ս. Յուզբաշյանի ասմունքը: Նրա կատարմամբ հնչեցին Դավթյանի բանաստեղծություններից` համեմված կենսագրական դրվագներով:

Միջոցառման ընթացքում ժամանակ առ ժամանակ հաղորդավարը ընթերցում էր բանաստեղծի մասին գրված խոսքեր, մտքեր, նամակներ, որոնք գրել էին հայտնի գրողները, երաժիշտները և, պարզապես, Դավթյանին ճանաչողները, այդ թվում`  Գուրգեն Մահարին եւ Հրանտ Մաթևոսյանը:

Հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, ով ինչպես նշեց, վերջերս էր եղել Վահագն Դավթյանի ծննդավայր Արաբկիրում, պատմեց իրենց ընկերության, ծանոթության պատմություններից, նշեց,որ Դավթյանը առանձնահատուկ տեղ է զբաղեցրել իրենց շարքերում:

Միջոցառմանը երաժշտական դադարները ապահովվում էին Վահագն Դավթյանին նվիրված՝  Ռոբերտ Ամիրխանյանի երգերի տեսագրություններով:

Արձակագիր եւ բանաստեղծ Լևոն Բլբուլյանն  իր ելույթի ժամանակ կարդաց մի բանաստեղծություն,որը նվիրված էր  Վահագն Դավթյանին:

Նշեց,որ բանաստեղծությունը նախ տպագրվել է «Գարուն» ամսագրում, ապա հենց իր գրքերում: Ասաց,որ միշտ ամաչել է բարձրաձայն կարդալ այս բանաստեղծությունը, սակայն այսօր հաղթահարեց ամոթը։ Մի օր նրան Դավթյանն ասել է,- « Լևո´ն, այս գրքում կա՞ իմ մասին բանաստեղծությունը»: Լևոն Բլբուլյանն ուրախությամբ նշեց` հպարտ է,որ Դավթյանը հասցրել է կարդալ իր այս բանաստեղծությունը:

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը և արցախցի բանաստեղծ Սերժ Մկրտչյանը  նույնպես խոսեցին Դավթյանի կյանքից, ընթերցեցին մեծ բանաստեղծի մի քանի բանաստեղծություններ:

Վերջում երաժիշտ և երգիչ Ռուբեն Բագրատունին կիթառային երկու անզուգական  կատարում նվիրեց 100-ամյա Վահագն Դավթյանին:

Նատալի Մինասյան

Երեւան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում