Արման Թաթոյանը նշում է, որ կառավարությունը երկու տարի հետո միայն հանգում է իր պնդումներին, բայց դեռեւս մնում են լուրջ խնդիրներ

  • 11.11.2022
  • 0
  • 389 Views

Պատերազմից 2 տարի անց Կառավարության երեկվա նիստին ասվեց այն, ինչ ես պնդում եմ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո։

Խոսքն Ադրբեջանի հետ շփման գոտիներով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իմ առաջարկի մասին է, որը Կառավարությունը հետևողականորեն անտեսում էր, իսկ երեկ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին հայտարարել է ՀՀ Կառավարության ղեկավարը՝ նշելով, որ նման առաջարկ է փոխանցվել Բաքվին (թեև հարց է, թե ինչ մանրամասներ կան):

Իմ այս մոտեցումը մեր մեծ ջանքերով անցյալ տարի անգամ տեղ գտավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ-ի հատուկ բանաձևում։

Բայց այս հայեցակարգին աջակցելու փոխարեն ՀՀ կառավարությունը (ԱԺ կառավարող խմբակցության ու նույն քաղաքական թիմի տեղական պաշտոնյաների հետ միասին) անում էր հակառակը` հետևողականորեն հերքում էր սահմանային բնակավայրերում ադրբեջանական անօրինական արարքների վերաբերյալ իմ հայտարարությունները, արդարացնում էր ադրբեջանական անօրինական տեղակայումները, թաքցնում էր խախտումների փաստերը, օրինակ՝ գողություններ, քաղաքացիների նկատմամբ սպառնալիքներ, կրակոցներ և այլն։

Հաշվի առնելով նրանց չդադարող հանցանքները մեր ժողովրդի նկատմամբ և անպատժելիության հովանավորության, թշանամանքի ադրբեջանական պետական քաղաքականության ապացույցները` ինձ համար ակնհայտ էր ի սկզբանե, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի կամ Արցախի հետ։

Այս ամենի ֆոնին ՀՀ կառավարությունը միակողմանի խոսում է խաղաղության դարաշրջանի մասին:

Ակնհայտ է, որ սա երկրի անվտանգության ապահովումը ձախողման տանող քաղաքականություն է:

Ես շարունակում եմ հիմնավորել ու պնդել, որ ադրբեջանական զինված ծառայողները, նրանց ենթակառուցվածքները պետք է հեռացվեն մեր գյուղերի ու ճանապարհների մոտից, ընդ որում` ոչ միայն ներխուժած հատվածներից։

Մեկ կարևոր բան պետք է հաշվի առնել, որ նրանց հեռացումը չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ այս կամ այն վայրը ո՞ր երկրի սահմանների մեջ է:

Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել, որ մինչ այդ մարդկանց նորմալ կյանքը, իրավունքները և անվտանգությունը վերականգնվի:

Սա է առաջնայինը և չի կարող սպասել որևէ րոպե:

Միջազգային հանրությունն այս հարցում կարևորագույն անելիք ունի, որովհետև Սյունիքում, Գեղարքունիքում, ցավոք, արդեն Վայոց ձորում սահմանների հետ կապված վիճակը սկզբունքային առումով հակասում է այն ամենին, ինչ ստեղծել ու հաստատել են այդ նույն հանրությունը:

Բայց մենք ինքներս պետք է ճիշտ աշխատանք տանենք այդ ուղղությամբ:

Սա էլ ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ իմ զեկույցը` միջազգային փորձի վերլուծությամբ, որին կցված է նաև ինտերակտիվ քարտեզ (https://www.ombuds.am/…/26a9d7838a4f87fc198e65daadbc4ef…):

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում