Մտահոգիչ է` խաղը գնում է Ադրբեջանի կանոններով, օրակարգում բացակայում են Արցախի մասով ՀՀ լրացումները. Շահան Գանտահարյան

  • 10.11.2022
  • 0
  • 51 Views

Անվերջ Հայաստան-Ադրբեջան խաղաղության մասին խոսելն ու կողմերի միջև միջնորդություն անելը նշանակում է հիմնական օրակարգի փոփոխություն։ Այս մասին 24News-ին ասաց լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը։

Հիմնական օրակարգի փոփոխությունը, ըստ Գանտահարյանի, ինչ-որ կերպ նպաստում է թուրք-ադրբեջանական մոտեցմանը, որ «ԼՂ հակամարտությունն անցյալում է»։

Նոյեմբերի 7֊ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ, հանդիպել էին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նախարարները հյուրընկալվել էին Բլեր Հաուսում, որտեղ տեղի էր ունեցել նաև համատեղ հանդիպում Բլինքենի հետ։

Տարածված տեսանյութի և ԱՄՆ ՊՔ պաշտոնական կայքում զետեղված հրապարակման համաձայն՝ ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, նշել էր, որ այն կորցրած կյանքեր, խորը սպիներ է թողել: «Բայց այն, որ հիմա տեսնում ենք, իրական և խիզախ քայլեր են երկու երկրների կողմից՝ անցյալը հետ թողնելու և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են այդ նպատակով և, ի վերջո, Հարավային Կովկասի ավելի պայծառ ապագայի համար», – նշել էր Բլինքենը։

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի խոսքերով, բանակցություններում չի բարձրաձայնվում, չի խոսվում Արցախի կարգավիճակի մասին։

«Որոշ հետքայլ կա այն առումով, որ Ֆիլիփ Ռիքերի՝ ամերիկյան համանախագահ նշանակումով ամերիկացիներն այն տպավորությունն էին ստեղծել, որ ուզում են վերագործարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Նույնիսկ Ռուսաստանին էին կոչ արել այդ ձևաչափում, այդ հարթությունում աշխատել։ Եվ Ռիքերի նշանակումը՝ իբրև կովկասյան թղթածրարի մասնագետ, փորձագետ, օգնական և այլն, որոշ մեկնաբանության դուռ էր բացել, որ արցախյան հակամարտության մեջ առնվազն Արցախի կարգավիճակի խնդիրը կվերադառնա բանակցային դաշտ, ակտիվ կներգրավվեն նաև գերտերությունները՝ այդ բանակցությունները վերստին հունի մեջ դնելու ակնկալիքով։ Հիմա արդեն այդ առումով խոսք չկա: Հիմա պետդեպարտամենտն անվերջ խոսում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի շուրջ՝ առանց նշելու Արցախի կարգավիճակի անլուծելի մնալը կամ հակամարտության չկարգավորումը», – նշեց Գանտահարյանը։

ՀՀ ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը, ի թիվս այլնի, ԱԳ նախարարները «մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։ Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները»:

Ըստ միջազգայնագետ Գանտահարյանի՝ թե՛ ռուսաստանյան, թե՛ արևմտյան կողմերը նույն բանն են ասում՝ «խաղաղություն, անվտանգություն, ապաշրջափակում, նոր պայմանագիր» և այլն։

Գանտահարյանի կարծիքով, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ Մոսկվայի և Բրյուսելի միջև տարաձայնություններ չկան, առկա է միջնորդական մրցակցություն։

«Հիմա նաև Վաշինգտոնը։ Անվերջ այս օրակարգով Ռուսաստանը և հավաքական Արևմուտքը միջնորդական նախաձեռնություններ են իրականացնում, և, մեծ հաշվով, հայտարարություններում հիմնական, սուր տարբերություններ չկան։ Իհարկե, երանգային տարբերություներ կան, բայց բոլորն էլ փորձում են պայմանագրի շուրջ բանակցություններ վարել։ Մտահոգիչ են Արցախի բացակայությունը և հայկական կողմի լրացումները, որովհետև սեղանին կա Ադրբեջանի 5 կետանոց առաջարկը՝ փաստաթղթավորված, և կա հայական կողմի գրավոր պատասխանը՝ լրացումներով։ Այդ լրացումները չեն բարձրաձայնվում կամ որևէ կերպ հայտարարություններում չեն ներառվում։ Հայկական լրացումներից 2-ն են ամենահիմնականը՝ 1. Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորում և իրավունքների հարգում
և 2-րդ` ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդություն։ Այս 2 լրացումները չկան հայտարարություններում՝ ո՛չ Սոչիում, ո՛չ Բրյուսելում, ո՛չ էլ, ըստ երևույթին, Վաշինգտոնում։ Այսինքն՝ խաղը գնում է Ադրբեջանի նշած կանոններով, ինչը մտահոգիչ է», – եզրափակեց Շահան Գանտահարյանը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում