Մեր երաժշտությունը մարդուն ստիպում է մտածել ու հուզվել. դուդուկահար Արսեն Պետրոսյանի հարցազրույցը ՕՐԵՐ-ին՝  Բռնոյի համերգի նախօրեին

  • 09.11.2022
  • 0
  • 761 Views

Երիտասարդ դուդուկահար Արսեն Պետրոսյանը ծնվել է  1994 թվականին Չարենցավանում։ Վեց տարեկանից սովորել է արվեստի դպրոցում, նախ սկսել է շվի նվագել, իսկ հինգ տարի անց սկսել է  դուդուկ նվագել։ Երաժշտական ընդունակությունները ժառանգել է տատիկից ու պապիկից, որոնք օժտված երգիչներ են եղել, տանը միշտ հնչել է ժողովրդական երգը։ Նա իր մանկությունն անցկացրել է ժողովրդական երգի ազդեցության տակ։ Իսկ տատիկի հայրը՝ Արտավազդ Հովհաննիսյանը, որը Ջավախքից էր, դուդուկահար է եղել։  Դեռեւս 1820-ական թվականներին նրանք Ջավախք էին տեղափոխվել Էրզրումից։  Կոնսերվատորիայի վերջին կուրսում ուսանելիս, նա հայտնաբերել է, որ 1980-ականներին Ջավախքում պրակտիկա անցկացրած  կոնսերվատորիայի ուսանողների եւ երաժշագետների հավաքած ձայնագրությունների մեջ է նաեւ իր մեծ պապի ելույթները։ 2016ին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան՝ դուդուկի մասնագիտացմամբ։ Բացի իր ակտիվ ձայնագրություններից և հյուրախաղերից, Արսենը դուդուկի վերաբերյալ վարպետության դասեր է անցկացրել եւ դասախոսություններ ունեցել այնպիսի կազմակերպությունների համար, ինչպիսին է Համաշխարհային երաժշտական ​​ինստիտուտը (WMI) Նյու Յորք Սիթիում  և Apollo Chamber Players-ը (Հյուսթոն, Տեխասում, ԱՄՆ): Նրա ելույթները հեռարձակվել են այնպիսի նշանավոր միջազգային լրատվամիջոցներում, ինչպիսիք են՝  Medici.tv-ն, Mezzo TV-ն, BR-KLASSIK-ն,  BBC Persia-ն։ Նրա համար ներշանքի մեծ աղբյուր են եղել  դուդուկի հայտնի վարպետներ  Ջիվան Գասպարյանն ու իր ուսուցիչ Գևորգ Դաբաղյանը։  Համագործակցել է  շատ երաժիշտների հետ, այդ թվում՝  Սթիվ Հեքեթի (Genesis), էմիրաթցի կոմպոզիտոր Իհաբ Դարվիշի և ուդիստ Օմար Բաշիրի հետ։  Նրա կազմավորած երկու  անսամբլները՝ A.G.A Trio-ն և Արսեն Պետրոսյան քառյակը  ելույթ են ունեցել  Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում: Իսկ իբրեւ մենակատար Արսենը շրջագայել է Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև վերը նշված տարածաշրջաններում։

Անցյալ տարի «Արսեն Պետրոսյան քառյակը» մասնակցել է չեխական Բռնոյից ոչ հեռու անցկացվող «Ֆոլկ Հոլիդեյս» փառատոնին, իսկ այս տարի նոյեմբերի 15-ին քառյակը հանդես կգա Բռնոյի ֆիլհարմոնիայի դահլիճում՝ ներկայացնելով «Հոգին ճանապարհ» ծրագիրը։

Հարգելի Արսեն, ո՞ր թվականից սկսվեցին ձեր ելույթները։

-Կարող եմ ասել 2008 թվականից, արդեն  14-15 տարեկան էի եւ  առաջին ելույթներն ունեցա, երբ «Երազ Արթ»  նախագծով շրջագայեցինք Ամերիկայում եւ Կանադայում։ Դա առաջին արտասահմանյան ելույթն էր ինձ համար եւ մեծ ոգեւորություն պարգեւեց։

-Իսկ ե՞րբ որոշեցիր քառյակ ստեղծել։

-Քառյակի գաղափարը 2018 թվականին ծագեց։ Մոսկվայից հրավեր էի ստացել՝ Ռախմանինովի դահլիճում ելույթ ունենալու, եւ այդ նպատակով ներկա կազմով քառյակ կազմավորեցի, թեեւ գաղափարն արդեն կար։

Հիմնական նպատակը հայկական հոգեւոր, ժողովրդական, աշուղական, դասական մեղեդիները ներկայացնել էր։ Սա ընդամենը իմ նախագծերից մեկն էր։ Կախված հրավերից եւ նախագծերից, նաեւ հանդես ենք գալիս «Արսեն Պետրոսյան եռյակով», դուետով կամ էլ միայնակ։ Նաեւ Ա.Գ.Ա. տրիո նախագծով ենք հանդես գալիս` հայ, վրացի եւ թուրք երաժիշտներով։ Նվագում ենք երաժշտություն, որը տարածաշրջանում հայտնի է կամ էլ բոլորս նվագում ենք, ինչպես նաեւ մեր հեղինակային ստեղծագործություններն ենք կատարում։ ԱԳԱ-ն դա Արմենիա, Ջորջիա եւ Անատոլիա բառերից ստեղծված հապավում է։ Այս եռյակով հիմնականում  Եվրոպայում ենք ելույթ ունեցել, նույնիսկ ձայնասկավառակ ենք թողարկել, իսկ  երաժիշտները ապրում են Գերմանիայում։

-Ձեր փորձառությունից ելնելով, հայկական հոգեւոր եւ ժողովրդական երաժշտությունն ինչպե՞ս են ընդունում Եվրոպայում։

– Այդ ժանրում, որն այսօր ընդունված է անվանել  աշխարհի երաժշտություն, որի մեջ  է մտնում ֆոլկլորային երաժշտությունը, ազգայինը, արդեն ունի այնպիսի հանդիսատես, որը  գիտի ուր է գալիս եւ ինչ երաժշտություն է ցանկանում լսել։ Հիմնական կապը այդ հուզական դաշտի ստեղծումն է։ Մարդիկ գալիս են այդ խորությունը զգալու, հուզական դաշտը զգալու, մարդիկ հուզվում են համերգներից հետո, գալիս են իրենց կարծիքն են հայտնում եւ խոնավ աչքերից զգում ես, որ ազդված են։ Այն, որ ասում են մեր երաժշտությունը տխուր է, դա այդպես չէ, այն ավելի ազդեցիկ է։ Մարդուն ստիպում է մտածել, մարդուն ստիպում է հուզվել։

-Ձեր «Հոգին ճանապարհ» ծրագիրը, որը պատրաստվում եք ներկայացնել Բռնոյում,  ի՞նչ հեղինակների գործեր է իր մեջ ներառում։

Դա իմ նոր ձայնասկավառակի անվանումն  է, որը թողարկվել է անցյալ տարի բրիտանական Arc Music հայտնի ձայնագրման ստուդիայի կողմից, եւ հիմնականում  շրջագայություններիս երգացանկը նվիրված է այդ սկավառակին, իսկ  «Հոգին ճանապարհ»ը այդ ալբոմի անունն է։ Սա իրոք իմ հոգու ճանապարհն է, որ ներկայացնում ենք հոգեւոր ու ավանդական երաժշտություն։ Հաճախ ենք կատարում Նարեկացի, Ներսես Շնորհալի, Սիմեոն Երեւանցի, Սայաթ Նովա եւ այլոց գործերը։ Սրանք այն ստեղծագործություններն են, որ իմ վրա մեծ ազդեցությունն են ունեցել,  ներշնչել են ինձ եւ այդ ամենը փորձում եմ փոխանցել հանդիսատեսին։ Մեր քառյակի եւ մեր երաժշտության նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, մեզ հրավիրում  են տարբեր փառատոնների։

-Այս փառատոնի ելույթում ամբողջությամբ ալբոմի ստեղծագործություններն են, թե  այլ  կատարումներ էլ կհնչեն։

-Իհարկե, ոչ ամբողջությամբ են ալբոմից, մեր ընդհանուր երգացանկից էլ կլինեն կատարումներ։ Ցանկացած ելույթ կարեւոր է մեզ համար, եւ հանդիսատեսին պետք է պահել համերգի սկզբից մինչեւ վերջ, եւ երկխոսություն ստեղծել մեր ու դահլիճի միջեւ։ Համերգը կտեւի 75  րոպե, որի ընթացքում  կնեկայացնեմ ոչ միայն ստեղծագործությունները, այլեւ մեր ազգային գործիքները։  Բռնոյում առաջին անգամ ենք ելույթ ունենում եւ գիտենք որ շատ պատրաստված հանդիսատես է։

-Ձեզ հետ երբեմն նաեւ երգիչներ են ելույթ ունենում։ Անցյալ տարի էլ Շվեյցարական փառատոնում նման ելույթ ունեցաք սոպրանո Կարինե Մկրտչյանի հետ։

-Ես կողմ եմ նման համատեղ ելույթներին, բայց դա էլ կախված է նախագծից։ Շատ կարեւոր է, որ երաժշտական երգացանկը ճիշտ լինի, քանի որ միայն ազգային գործիքներով խումբ պահելը շատ դժվար է։ Ամենադժվարը երաժշտական դաշտ ստեղծելն է։ Եվ  երբ մարդիկ սովորում են, իրենք արդեն «շրջագայում են» այդ երաժշտության մեջ։ Ամեն ինչ կա այսօր, բայց զգացական դաշտն է պակաս։ Մեր երաժշտությունը գալիս է լրացնելու այդ բացը։

-Իսկ դուք, բայցի հյուրախաղերից, որտե՞ղ եք հիմնականում ելույթներ ունենում, որեւէ տեղ աշխատում ե՞ք։

–  Նախկինում ելույթներս սկսել եմ Չարենցավանից, ապա Հայաստանի տարբեր մարզերում եմ հաճախ եյլույթներ ունեցել, այսօր ավելի Հայաստանից դուրս՝ հյուրախաղերի ժամանակ։ Հնարավորության դեպքում սիրով Հայաստանում եմ ելույթներ ունենում, քանի որ այստեղից ենք սնվում, մեր ուժն այստեղից է գալիս։

Համերգներից զատ, դասավանդում եմ նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցում։ Այնտեղ նոր ծրագիր ունեն, շաբաթական մեկ անգամ  դուդուկի դասեր եմ տալիս։ Ովքեր հետաքրքրված են, դուդուկին եմ ծանոթացնում, այդ աշակերտները նույնիսկ անցյալ տարի իրենց ավարտական միջոցառմանը նվագեցին։ Այս տարի վեց հոգի են սովորում։ Գաղափարն այնքան հետաքրքիր է, որ ովքեր դուդուկ են ցանկացել սովորել, նաեւ այդպիսով մոտենում են հայկական մշակույթին եւ ուզում են հայոց լեզուն սովորել։

-Եվ վերջում, Բռնոյից հետո այլ համերգներ ունե՞ք Եվրոպայում։

– Այո, շրջագայության ենք մեկնելու Շվեյցարիա։ Նոյեմբերի 16-ին համերգ ունենք Բիել քաղաքում, իսկ 17-Ին՝  Ցյուրիխում։ Այնուհետեւ մեկնելու ենք Լատվիա եւ Ռումինիա, համերգներ ունենք Բուխարեստում եւ լատվիական Ռեզեկնե ու Լիեպայա քաղաքներում։

Վերջում ցանկանում եմ նաեւ իմ շնորհակալությունը հայտնել Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը եւ դեսպան Աշոտ Հովակիմյանին իրենց աջակցության համար։

Զրույցը վարեց Հ. Ասատրյանը

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում