Մենք մեր պարտություններն ավելի շատ ենք սիրում, քան հաղթանակներն ենք արժևորում. Նարինե Մկրտչյան

  • 09.11.2022
  • 0
  • 161 Views

Այսօր նոյեմբերի 9-ն է՝ հայկական աղետալի պարտության օրը: Իրականում մենք մեր պարտություններն ավելի շատ ենք սիրում, քան հաղթանակներն ենք արժևորում: Մեր պարտությունները հետևանք են հենց այն աղետալի օրինաչափության, որ մենք երբեք չենք արժևորում-գնահատում, պահպանում-պաշտպանում մեր հաղթանակները, իսկ այն, ինչ չես արժևորում ու պաշտպանում, օրինաչափորեն կորցնում ես:

2020թ. հայկական կողմի աղետալի պարտության առաջին քարը դրվեց այն ժամանակ, երբ 90-ականների՝ հայկական կողմի հաղթանակի դժվար ժամանակահատվածն անվանեցինք «ցրտի ու մթի տարիներ»:

Այնուհետև այդ պարտության վրա դրվեց Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը մաշող՝ քաղաքական վառոդով լի բեռը, երբ օտար պետությանը, որը շարունակաբար դավաճանել է հայկական շահերին, հռչակեցինք ՀՀ անվտանգության երաշխավոր: Այդպես մեր ինքիշխանության հետ նաև մեր դիմադրողականությունն էր մաշվում:

Այնուհետև պարտության համառորեն բարձրացող շենքի վրա դրվեց հաջորդ քարը, երբ Ղարաբաղի ղեկավարները տեղափոխվեցին Երևան և ստանձնեցին ՀՀ կառավարումը, որի անարդարության աճող չափաբաժինները բաժանեցին Հայաստանն ու Ղարաբաղը:

Պետության և հանրության թուլացող դիմադրողականության պայմաններում այդ ամենին ավելացան փոխզիջումներին, միակողմանի զիջումներին պատրաստելու բանակցություններն ու անկանգ քարոզչությունը:

Այդ պարտության շենքն աղյուս առ աղյուս բարձրանում էր ամեն անգամ, երբ հեռուստատեսությամբ եղանակի տեսության ՀՀ քարտեզներից դուրս էր մնում Ղարաբաղը: Ամեն անգամ, երբ հայկական բանակում տիրող արատավոր բարքերի պատճառով Հայաստանից արտագաղթում էին մեր ապագա զինվորները:

Պարտության մեր շենքն ամրանում էր, երբ Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման փոխարեն պայքարում էինք Ղարաբաղի անկախության համար:

Այդ մեծ պարտության շենքի շաղախը Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի գաղափարական գիծն է, Սերժ Սարգսյանի «Աղդամը մեր հայրենիքը չէ» համոզմունքը, Ռոբերտ Քոչարյանի կառավարմամբ Հայաստանը ղարաբաղյան կլանին հնազանդեցնելու արատավոր ուղեգիծը:

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ որպես այդ մթնոլորտի նորօրյա հավակնոտ դրոշակակիր՝ հայ ժողովրդի համար Ղարաբաղի դերի և նշանակության մասին պատկերացումների բացակայությամբ, գաղափարազրկության թմբուկով, հայկական ազատագրված տարածքների պահպանման հանդեպ նսեմացուցիչ սարսափով, իր իսկ սերմանած ատելության մթնոլորտի հեղձուկի և հեղափոխության համազգային միասնականության փոշիացման ավերակների վրա՝ իր անմիջական նախորդների պես՝ իշխանատենչության տենդով վարակված:

Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ և ընթացավ դեպի նոյեմբերի 9-ը՝ քաղաքական անփորձության, ինքնահավանության, ապաշնորհ կառավարման, համընդհանուր դավաճանության մթնոլորտում, վստահ, որ հայ ժողովրդին ազատեց այնպիսի մի բեռից, ինչպիսին Ղարաբաղն էր:

2022թ․ նոյեմբերի 9-ի այս օրը մեզ չի հեռացրել 2020թ․ նոյեմբերի 9-ի չարագուշակ օրվանից, և հետագա տարիների նոյեմբերի ինները չեն նվազեցնելու կորուստների սոսկալի մորմոքը։

Ղարաբաղի համար բոլոր ժամանակներում զոհվածների արյունը փակել է Ղարաբաղի կորստի հետ ամոթալի հաշտեցման դուռը: Կորուստների մորմոքի միջից դժվար է ասել, բայց Ղարաբաղը մերն է ու մերն է լինելու:

Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ

Երեւան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում