Գլխավոր մրցանակ հայկական «Ակնարկ» ֆիլմի օպերատորին՝ Իտալական Մոնտեկատինիի կարճամետրաժ ֆիլմերի 73-րդ կինոփառատոնում

  • 08.11.2022
  • 0
  • 157 Views

Օրերս իտալական Մոնտեկատինիի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի 73-րդ կինոփառատոնում առաջին անգամ պատմության մեջ լավագույն օպերատորական աշխատանք մրցանակին արժանացավ հայկական ֆիլմի օպերատորը։

Գլխավոր մրցանակը տրվեց երիտասարդ կինոռեժիսոր Արամ Մանուկյանի «Allusion» (Ակնարկ) կարճամետրաժ խաղարկային ֆիլմի օպերատոր  Արմեն Գեւորգյանին։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ այս փառատոնում, որի պաշտոնական բացումը կատարվեց այս ֆիլմով։ Մրցանակին կից խոսքում նշված է, որ «Ֆիլմում լույսի խաղը սյուրռեալիստական մակարդակներում ակնարկում է նախնիների ոգեղենությանը՝ արվեստագետի ստեղծագործական ճգնաժամի առկայության դեպքում: Պրիզման, ինչպես Կուբրիկի Զուգահեռներում, մեր էքզիստենցիալ հայեցակարգի հիմնաքարն է: Մենք փորձարկման դաշտում ենք»։

Մրցանակի հանձնմանը ներկա էին ֆիլմի պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ Արամ Մանուկյանը, օպերատոր Արմեն Գեվորգյանը և ֆիլմի թողարկման օգնական Արտուշ Կիրակոսյանը։ Արամ Մանուկյանը ստեղծագործական թիմի անունից շնորհակալություն  է հայտնել կազմակերպիչներին եւ ժյուրիի անդամներին նման բարձր գնահատանքի եւ ջերմ ընդունելության համար։

Փառատոնի փակման երեկոյին կինոփառատոնի նախագահ Մարչելլո Զեպպին ՝ ի պատիվ հայկական պատվիրակության, հագել էր հայկական ազգային տարազ, իսկ կինոբեմադրիչ Մարիա Պաոլա Վիալոն  հայ կինոգործիչների համար կատարել է «Էրեբունի-Երեւան» երգը։

ՕՐԵՐ-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը նշեց, որ նկատի ունենալով փառատոնի կազմակերպիչների հետ այլ պայմանավորվածություները,  կարելի է ասել նոր  էջ է բացվում հայ- իտալական բարեկամության ու մշակույթի համար։

Հիշեցնենք, որ Allusionը՝ «Ակնարկը» Արամ Մանուկյանի երկրորդ կարճամետրաժ ֆիլմն է։  Քսան րոպեանոց ֆիլմում երկխոսություն չկա, այն հիասթափված նկարչի մասին է, որը  ձգտելով տեսնել իրեն շրջապատող աշխարհի գեղեցկությունը, այն գտնում է քառակուսի հիմքով փոքրիկ պրիզմայի օգնությամբ։

Հիշեցնենք, որ  Արամ Մանուկյանի նախորդ՝ «Թույլ Տվեք» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը նույնպես հաջողութույնների էր հասել, ցուցադրվել էր 53 միջազգային տարբեր կինոփառատոններում եւ արժանացել նույնքան մրցանակների, այդ թվում հաղթող  ճանաչվել Կաննի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։

Շնորհավորում ենք մեր կինոգործիչներին՝ մաղթելով մշտական հանդիսատես եւ նոր հաղթանակներ։

Orer.eu

Օրեր Եվրոպական ամսագիր

Լուսանկարները՝ հայ կինոգործիչների

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում