Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ Հայաստանում կմեկնարկի Զինվորի տան նոր՝ Armenia 301 նախագիծը

  • 07.11.2022
  • 0
  • 57 Views

2022թ. նոյեմբերի 27-ին և 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ տեղի են ունենալու Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերը: Այս մասին հայտնում է Զինվորի տունը։

Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ նոյեմբերի 27-ին կմեկնարկի Զինվորի տան նոր՝ Armenia 301 նախագիծը, որի խորհուրդը միասնականությունն է և համայն հայության համախմբումը մեկ գաղափարի շուրջ՝ Զինվորի տան շուրջ, որպեսզի կարողանանք շարունակել օգնել, աջակցել, բարեկեցիկ կյանք ու ապագա ապահովել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձանց։

Armenia 301 նախագծի հիմքը Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է՝ ստեղծագործություն, որ 100 տարի առաջ դարձավ հույսի, հավատի, արևշատության ու միասնականության խորհրդանիշ և ուղերձ՝ դժվարությունների մեջ հայտնված մեր ժողովրդի համար: Զինվորի տունն առաջարկում է համայն հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին համախմբվել, միասնաբար ստեղծել կտավի կրկնօրինակը՝ այդպիսով մասնակից դառնալով հայրենիքի պաշտպանների բարեկեցիկ ապագայի ստեղծման գործին:

Այս համերգի ընթացքում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Որպես մենակատար նվագախմբի հետ հանդես կգա հայազգի հանրահայտ մեներգչուհի, Մեծ թատրոնի մենակատար Աննա Ագլատովան:

Համերգի տոմսերից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

Նոյեմբերի 28-ին ունկնդրին կներկայացվեն ռուս կոմպոզիտորներ Ս. Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Պ. Չայկովսկու Թիվ 5 սիմֆոնիան, մենակատար` միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Կլյուչկո (դաշնամուր):

Տոմսերը կարող եք ձեռք բերել Tomsarkgh.am-ի միջոցով և Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղում:

Համերգի կազմակերպիչն է «Արվեստ 23» ՀԿ-ն:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում