Լեհաստանում գործող Հայկական հինադրամի ջանքերով ստեղծվել է գիտակրթական խաղ՝ «Հայերն արքունիքում», որի նպատակն է անդրադառնալ Լեհաստանի հայերի պատմությանը՝ հայ դիվանագետների մասին խաղի միջոցով։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց հիմնադրամի տնօրեն Մարթա Աքսենտովիչ-Պողոսեւիչը, իրենք հսկայական ջանքեր են գործադրում, որպեսզի պահպանեն հայկական ինքնությունը, միաժամանակ լեհերին ցույց են տալիս, թե ինչպիսի դեր են խաղացել հայերը Լեհաստանի պատմության մեջ։ Արտասահմանում խաղն առաջին անգամ ներկայացվեց այս տարի չեխական Օստրավայում տեղի ունեցած հայագիտական համաժողովի օրերին։
Խաղի հեղինակները մեզ հետ զրույցում նշում են, որ սա ընտանեկան խաղ է, որը նվիրված է լեհահայության պատմության մեջ աչքի ընկած դիվանագետներին։ Լեհաստանում այժմ տարածված է խաղի միջոցով կրթական ծրագրերի իրականցումը։
1600-ական թվականներից Լեհաստանի պատմության ընթացքում եղել են վեց հայազգի դեսպաններ, որոնք աշխատել են Մոլդովայում, Թուրքիայում, Իրանում եւ Ղրիմի խանությունում։ Հայերը կանգնած են եղել Լեհաստանի դիվանագիտության ակունքներում։ Հայերը եղել են հայտնի առեւտրականներ, տիրապետել են բազմաթիվ օտար լեզուների, եւ նրանց գիտելիքները օգտագործել են դիվանագիտության մեջ։
Մարթա Աքսենտովիչ- Պողոսեւիչի ասելով, ամեն ինչ սկսվեց այն պատմությունից, երբ տեղեկացան, որ հայազգի Մուրատովիչը իբրեւ Լեհաստանի դեսպան ճամփորդել է Պարսկաստան։
«Լեհական թագավորը նրան ուղարկել էր, որպեսզի լեհ-պարսկական հարաբերությունների հետ կապված որոշ հարցեր լուծեր։ Եվ մենք հասկացանք, որ սա շատ հետաքրքիր պատմություն է եւ կարող ենք խաղ ստեղծել, եւ հայերը կարող են խաղալ՝ տեղեկանալով նաեւ Լեհաստանի պատմության այն էջերին, որոնք կապված են հայտնի հայերի հետ։ Դրանով ցույց կտանք նաեւ լեհական դիվանագիտության պատմությունը, որի սկզբնավորողներից են եղել հայերը։
Նշեմ, որ 16-17 դարերում Լեհաստանի դիվանագտների մեծ մասը հայեր էին։ Ինձ թվում է, դա նաեւ գիտնականների համար է կարեւոր, որպեսզի ուսումնասիրեն այս թեմաները։ Այսօր խնդիրն է, որ շատերը չգիտեն, թե ովքեր են հայերը։ Դա վերաբերում է ոչ միայն այսօրվան, այլեւ պատմությանը, եւ ոչ միայն Լեհաստանում, այլեւ տարբեր երկրներում։
Մինչդեռ Լեհաստանում հայերը եղել են շատ հայտնի եւ հարգված մարդիկ։ Մեր հիմնադրամը խոսելով այդ հայերի մասին, փորձում է դա ներկայացնել ոչ միայն երիտասարդ հայերին, այլեւ լեհերին, ցույց տալով, որ այդ փոքր ազգային խումբը ինչպիսի մեծ գործեր է կատարել, այն էլ այդ դարերում, երբ Լեհաստանն ավելի մեծ եւ ավելի ուժեղ պետություն էր։ Եվ շատ հաղթանակներ գրանցվել են, քանի որ կարեւոր դեր են խաղացել հայ դիվանագետները։ Հետեւաբար, մենք ուզում ենք, որ նաեւ միջնակարգ դպրոցներում ուսուցիչները տեղեկացված լինեն այս պատմություններին եւ փոխանցեն աշակերտներին։ Մինչեւ հիմա հայկական հարցերով հետաքրքրվողներ չկան, քանի որ հայոց պատմությունից ոչինչ չգիտեն»,- պատմում է մեր զրուցակիցը։
Խաղը նախատեսված է 10 տարեկան երեխաներից մինչեւ մեծահասակներ, այն ըստ էության նաեւ ընտանեկան խաղ է։
Այժմ աշխատանքային խումբը պատրաստում է եւս մեկ խաղ։ Այն նվիրված է լեհերի ազգային տարազի ամենակարեւոր մասին՝ գոտիներին։ Լեհերը շատ լավ գիտեն, որ մեծ գոտիները ազգային տարազի մաս են կազմում, բայց չգիտեն, որ այդ գոտիները ժամանակին Լեհաստան են բերել հայերը։ Նրանք նախ Պարսկաստանից, Հայաստանից եւ այլ երկրներից այդ գոտիները բերել են Լեհաստան, իսկ հետագայում տեսնելով, որ մեծ պահանջարկ ունեն, տեղում մի քանի ֆաբրիկա են բացել եւ սկսել են արտադրել գոտիներ լեհական ազգային հագուստների համար։ Ընդ որում, այդ գոտիները պատրաստել են ոչ միայն բնակչության, այլեւ լեհ թագավորների համար։ Այսպիսով, հեղինակները ցանկանում են ցույց տալ, որ հայկական ժառանգությունը նաեւ լեհերի ժառանգությունն է։
Ժամանակին Հայկական հիմնադրամը թողարկել է նաեւ լեհական բանակին նվիրված խաղ։ Պարզվում է դեռեւս մեկ դար առաջ երկու հայ զինվոր մասնակցել են 1920 լեհ-ռուսական մարտերին, եւ շատ կարեւոր դերակատարում են ունեցել այդ պատերազմի ընթացքում։
Մարթա Աքսենտովիչ Պողոսեւիչի ասելով, իրենք դպրոցներում հատուկ դասեր են անցկացրել եւ ներկայացրել պատմական ողջ տեղեկատվությունը, որից հետո երեխաներ փորձել են իրենց գիտելիքներն օգտագործելով՝ խաղալ ներկայացված խաղերը։ «Հայերն արքունիքում» խաղի մասին դրական արձագանքներ են ստացել դպրոցներից։
Հիմնադրամի կազմակերպած ամառային ճամբարների մասնակիցները նույնպես խաղացել են «Հայերն արքունիքում» խաղը։ Այն հաճախ են օգտագործում նաեւ Կրակովի եւ Վարշավայի հայկական դպրոցներում։ Նրա ասելով, բոլորը մեծ հաճույքով են խաղում։
Կազմակերպիչները նաեւ ծրագրում են խաղը լեհերենից թարգմանել հայերենի։
Խաղը կարող են պատվիրել եւ գնել նաեւ լեհահայերը՝ www.fundacjaormianska.pl կամ հետեւյալ էլեկտրոնային հասցեներով՝ marta@fundacjaormianska.pl, sekretariat@fundacjaormianska.pl։
Հակոբ Ասատրյան
Օրեր ամսագիր
orer.eu