Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. Լրացավ Վեհափառ Հայրապետի օծման եւ գահակալության 23րդ տարին

  • 06.11.2022
  • 0
  • 622 Views


Նոյեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Պատարագիչ Սրբազանը, իր քարոզում շնորհավորելով Հայոց Հովվապետին օծման և գահակալության տարեդարձի կապակցությամբ, ի մասնավորի նշեց. «Վեհափառ Տե՛ր, մենք բոլորս երախտապարտ ենք ձեզ, որ քաջությամբ շարունակում եք դիմագրավել առկա դժվարություններին ու մարտահրավերներին և ճանապարհներ որոնում դրանք հաղթահարելու համար։ Աղոթում ենք, որ Ձերդ Սրբության սիրո և միասնականության կոչերը լսելի դառնան մեր ժողովրդի զավակներին՝ առանց խտրության, որովհետև այդ կոչերին անսալը և դրանք կյանքի վերածելը պիտի լինի մեր ժողովրդի փրկության ու հաղթանակի ճանապարհը։

Վեհափառ Տե՛ր, բոլորս՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հայրերը և մեր հավատացյալ ժողովուրդը խոնարհվում ենք Ձեր առջև, համբուրում Ձեր օծյալ աջը և մեր հավատարմություն ու որդիական սերն ենք հայտնում Ձեզ։ Շարունակում ենք աղոթել Ձեզ հետ և զորակից ենք Ձեզ Ձեր բոլոր ծրագրերի, երազների իրականացման ճանապարհին, որովհետև դրանց իրականացումը պիտի լինի ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հաղթանակը, այլև՝ մեր հայրենիքի և համայն ժողովրդի»։

Սուրբ Պատրագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 23-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք: Սրբազան արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ներկա եկեղեցականաց դասն ու հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության, բազմամյա գահակալության, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության համար: 

Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 23-րդ տարեդարձը՝ մաղթելով, որ Բարձրյալն Աստված անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Նորին Սրբությանը շնորհի քաջառողջ երկար գահակալություն և ազգօգուտ ու եկեղեցաշեն գործերի նորանոր հաջողություններ՝ ի պայծառություն Առաքելական Մայր Եկեղեցու և ի բարօրություն հավատավոր մեր ժողովրդի։

Թող Տերն Ամենակալ խաղաղություն ու բարգավաճում պարգևի հայրենի մեր երկրին և հավատավոր ժողովրդին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում