Ադրբեջանի էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականությունը չի փոխվելու․ Գեղամ Ստեփանյան

  • 06.11.2022
  • 0
  • 41 Views

Այսօր Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակված թիրախային կրակոցներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ ատելության և ցեղասպանական քաղաքականության հերթական ապացույցն են:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկությունների համաձայն՝ դեպքն արձանագրվել է նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30 սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի վարչական տարածքում գտնվող դաշտում։ Արձակված կրակահերթերի հետևանքով վնասվել է Ստեփանակերտի բնակիչ Կ. Մարտիրոսյանին պատկանող «Բելառուս» մակնիշի տրակտորը, քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Կրակահերթերի հետևանքով ամբողջությամբ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։

Խաղաղության մասին խոսող և Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության կեղծ խոստումներ տվող ադրբեջանական իշխանությունները և զինված ուժերը շարունակում են վարել Արցախի ժողովրդի ամենատարրական իրավունքների լայնածաված խախտումների հանգեցնող, ֆիզիական և հոգեբանական անվտանգությունը խաթարող հանցավոր քաղաքականություն։

Բազմիցս ընդգծել ենք, որ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ գտնվող ռազմական հենակետերն ուղիղ սպառնալիք են խաղաղ բնակչության կյանքի և տարրական այլ իրավունքների համար, որի սպառնալից հետևանքներին հրադադարի հաստատումից հետո ականատես ենք եղել բազմիցս։

Ադրբեջանական էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականությունը չի փոխվել և չի փոխվելու։ Այն, ինչ արվում է կեղծ խաղաղասիրության քողի ներքո, միտված է մոլորցնելու միջազգային հանրությանը և թմրեցնելու մեր հասարակության զգոնությունը»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում