Ընդդիմության հանրահավաքում ընդունվել է հայտարարություն. Հայաստանը միջազգային հարաբերություններում պետք է հանդես գա նոր բանակցողով

  • 05.11.2022
  • 0
  • 38 Views

Ֆրանսիայի հրապարակում միասնության հանրահավաքն ի աջակցություն Արցախի, սկսվեց 1988-ից ժողովրդին ծանոթ շեփորի հնչյունների ներքո եւ Տերունական աղոթքով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի կողմից:

Նշենք, որ Ղարաբաղյան շարժման  մասնակից «Շեփոր Աշոտը» 33 տարի առաջ Ազատության հրապարակում շեփորով հնչեցրեց հատված «Ինչու է աղմկում գետը» ֆիլմից, ինչն էլ դարձավ շարժման խորհրդանիշ:

 Հանրահավաքին մասնակցում նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բազմաթիվ քաղաքական ուժեր, հասարակական գործիչներ:

Այսօր Երեւանում տեղի ունեցած միասնության հանրահավաքը ընդունեց հայտարարություն, որն ընթերցեց արցախյան շարժման ակունքներում կանգնած Արցախի ՊԲ գնդապետ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը:

Հայտարարությունում ասվում է.

«Մենք ողջունում ենք արցախահայ մեր քույրերի ու եղբայրների պայքարը շարունակելու հավաքական կամքը. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այս գաղափարն է ՀՀ անկախության հռչակագրի հիմքում, եւ մենք այն պաշտպանելու ենք ամեն գնով:

Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ՀՀ անկախության հռչակագրում ամրագրված դրույթների կյանքի կոչումը, սպառնում է հայկական Արցախի գոյությանը, արցախահայերի անօտարելի իրավունքների իրացմանը, մեր երկիրը ներքաշում է աշխարհաքաղաքական արկածախնդրության, փչացնում մեր հարաբերությունները դաշնակից ու բարեկամ երկրների հետ, բերում է նոր պատերազմ, կորուստներ եւ կապիտուլյացիա:

Հայաստանը չպետք է հայտնվի Ռուսաստան-Արեւմուտք բախման կիզակետում: Արտաքին կողմնորոշումների քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում դնելը խիստ վտանգավոր է եւ անընդունելի: Մենք կողմ ենք հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց առանց նախապայմանների, ուժի կիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի:

«Զանգեզուրի միջանցքը» պահանջելու թուրք-ադրբեջանական պահանջը չունի որեւէ իրավական հիմք: Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները, վերադարձնի հայ ռազմագերիների, պահվող այլ անձանց, դուրս բերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:

Թուրքիան չպետք է Հայաստանի հետ խոսի վերջնագրերի լեզվով: Մեր առաջնային խնդիրները պետք է լինեն հանրային համերաշխության ապահովումը, բանակի վերականգնումը, Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստան-Արցախ, Սփյուռք եռամիասնությունը:

Համաձայն Հայաստանի գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման, ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:

Մենք արձանագրում ենք՝ ներկայումս հայ ժողովրդի թիկունքում բանակցվում են մեզ համար սկզբունքային եւ ճակատագրական նշանակություն ունեցող հարցեր: Հայաստանի օրվա իշխանությունն ամբողջությամբ դրժելով իր իսկ նախընտրական խոստումները եւ կառավարության ծրագիրը, այդ բանակցություններում գնում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախի գոյությունը հարցականի տակ դնող պայմանավորվածությունների: Այդ բանակցությունները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին, քանի որ ընթանում են Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ դրա սպառնալիքի պայմաններում:

Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Սահմանադրության ներպետական օրինական ընթացակարգերի եւ միջազգային իրավունքի նորմերի խախտումով Հայաստանի օրվա իշխանությունների գրավոր, թե բանավոր հայտարարությունները, խոստումները, համաձայնությունները չունեն որեւէ իրավական ուժ եւ անխուսափելի իշխանափոխությունից անմիջապես հետո դիտվելու են առոչինչ:

Մեր համոզմամբ Հայաստանը միջազգային հարաբերություններում պետք է հանդես գա նոր բանակցողով: Կոչ ենք անում ՀՀ եւ Արցախի  քաղաքացիներին հայ ժողովրդին, չտրվել հիասթափության ու հոռետեսության, պատրաստ լինել պայքարելու հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր երկրի անվտանգ ու բարեկեցիկ ապագայի»:

Հանրահավաքն ավարտվեց համերգով:

Այսօր մեր նպատակը մեկն է՝ Հայաստանը պետք է խուսափի վերահաս կապիտուլյացիայից. Հայաստանը չպետք է գնա նոր զիջումների և կորուստների ճանապարհով։ Արցախը չպետք է հայաթափվի, Հայաստանը պետք է պահպանի իր ինքնիշխանությունը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ֆրանսիայի հրապարակում իր ելույթում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը.

«Սիրելի քույրեր և եղբայրներ, սիրելի հայրենակիցներ,

Այսօր դուք մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ տեր եք Արցախին, տեր եք Հայաստանին, տեր եք մեր Հայրենիքին: Այս հանրահավաքը սովորական հանրահավաք չէ, սա ինչ-որ մեկի դեմ կամ ինչ-որ մեկի օգտին հանրահավաք չէ։ Այս հանրահավաքն ունի ավելի մեծ առաքելություն, ավելի կարևոր բովանդակություն։

Սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է։

միասնականություն՝ մեր ներսում

միասնականություն՝ Արցախին

միասնականություն՝ Սփյուռքին

Նախորդ կիրակի մենք լսեցինք Արցախի հստակ ձայնը. Արցախը երբեք չի եղել և  չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախահայությունը,Արցախի խորհրդարանը, պետական կառավարման համակարգը հստակ ասաց,որ Հայաստանի որևէ  իշխանություն չի կարող ստորագրել որևէ փաստաթուղթ,որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրացման իրավունքը:

Երեկ Հայ Առաքելական եկեղեցին՝ Գերագույն հոգևոր խորհուրդը՝ ողջ հայությանը հորդորեց համախմբվել ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։

Այսօր Երևանում մենք վերահաստատում ենք այդ պարզ ճշմարտությունը և

ասում՝ մայր Հայաստանը պատրաստ է պաշտպանել ինքն իրեն և իր

զավակին։

Ես վստահ եմ՝ Արցախից և Հայաստանից հնչող այս պատգամները արձագանք են գտնելու հայկական ամբողջ սփյուռքում։ Նաև՝ աշխարհում։Այս հանրահավաքը հիրավի դառնալու է աշխարհասփյուռ հայության միավորման սկիզբը ազդարարող հանրահավաք։

Տարիներ առաջ հրեշավոր ձեռքը մեր ժողովրդի մեջ մտցրեց պառակտում և թշնամանք։Մենք դրա ողբերգական հետևանքները տեսանք՝ ավերածություններ, հազարավորզոհեր, հայրենիքի կորուստ։

Կեղծիքը, սուտը, հուսահատությունը, ազգային ու բարոյական արժեքների,վեհ գաղափարների արժեզրկումը ամեն օր, ամեն ժամ հյուծում են մեր ազգային հավաքական ուժը։

Սրանց սուտը սահմաններ չի ճանաչում՝կեղծում են մեր պատմությունը, կեղծում են պատերազմի արդյունքները, կեղծում են մեր անցյալն ու ներկան,պարզվեց՝ կեղծում են իրենց ընտրությունները:

Սուտ է սրանց խոստացած խաղաղությունը։Սրանք բերելու են նոր պատերազմ, նոր զոհեր, նոր կորուստներ, նոր ավերածություններ։

Գործի է դրված մեզ քայլ առ քայլ բարոյալքելու եւ ոչնչացնելու հրեշավոր ծրագիր։ Ամեն կերպ փորձում են սասանել մեր հավատը, կոտրել հաղթելու մեր կամքը, արժանապատիվ ապրելու մեր իրավունքը։

Այսօր, այս հանրահավաքով սկսում ենք ազգային համերաշխության, ազգային միասնականության մեր ընթացքը. Ստեփանակերտից-Երևան-Մոսկվա-Լոս-Անջելես-Բեյրութ-Գյումրի-Տորոնտո-Նյու-Յորք-Աթենք-Փարիզ-Սյունիք-Թեհրան.ամենուր մենք միանական ենք ու մենք միասնական ենք Արցախի ևՀայաստանի ինքնիշխանության և պաշտպանության շուրջ։Մենք կիսելու և զիջելու հայրենիք չունենք։

Մենք ունենք  ՊԱՀԵԼՈՒ հայրենիք, և այն միակն է։  Մենք վերականգնելու  ու հզորացնելու ենք այն։

Ապագայի հզոր հայկական պետություն ունենալու առաջին քայլը այսօր կապիտուլյացիայի կանխումն է, իսկ կապիտուլյացիան բացառելու առաջին քայլը մեր բոլոր ուժերի համախմբումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումը։

Այս հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից պետք է իմանա, որ ինքը մասնակից է դառնում եռամիասնության և համազգային համերաշխության վերականգման մեկնարկին։

Կա մեկ բաժանում,և յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր պաշտոնյա իրեն այդ հարցը պետք է տա։

Մենք խոսում ենք թշնամու  հետ սահմանազատման մասին,  բայց մինչ այդ մենք պետք է կատարենք ամենակարևոր սահմազատումը մեր ներսում. լինել Նիկոլի՞ հետ, թե՞ հայրենիքի։Իշխանության մեջ քաղաքական, հայեցողական պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուրը իրեն պետք է այդ հարցը տա. ինքը Նիկոլի՞ հետ է, թե՞ հայրենիքի։   Ուրիշ ոչ մի բաժանում Հայաստանում չպետք է լինի։

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԱՅՍ ՀԱՐՑԸ ՀՆՉԵԼՈՒ Է ԱՆԴԱԴԱՐ ու հասցեական, ու պատասխանն էլ  պիտի լինի հստակ։

Այս բախտորոշ ընտրության առջև կանգնածեն բոլորը՝ կամ նիկոլի հետ ես, կամ հայրենիքի:

Հաջորդ կարևոր որոշումը, որ մենք պետք է այսօր ընդունենք հետևյալն է.

Մեկ հոգին չի կարող որոշել ողջ ժողովրդի, միլիոնավոր մարդկանց, մեր ընտանիքների ու մեր հայրենիքի ճակատագիրը։  Մեկ հոգին չի կարող որոշել ներկա և գալիք սերունդների ճակատագիրը։

Դիմում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ,

Դուք համաձա՞յն եք, որ մեր պետության, մեր հայրենիքի ճակատագիրը, Ձեր երեխաների, Ձեր ընտանիքների ճակատագիրը որոշի այդ մեկ հոգին։

Ո՝Չ

Ո՞վ ա էդ մեկ հոգին, որ իրեն իրավունք  է վերապահել պատերազմ բերել մեր տուն, հազարավոր զոհեր տալ, մի ողջ սերունդ կորցնել, զիջել մեր հայրենիքից մասեր, հարցականի տակ դնել Արցախի հայկականությունը, որոշել մեր ճակատագիրը:

Այսօր մենք արձանագրում ենք՝ մեկ մարդը չի կարող վճռել հազարամյա ժողովրդի ճակատագիրը, նա ժողովրդի կողմից նման  մանդատ չունի։

Մեզ հաճախ հարցնում են՝ ո՞րն է մեր պայքարի հիմնական նպատակը։ Պատասխանում եմ պարզ և հստակ.

Ունենալ խաղաղ և անվտանգ Հայաստան ու Արցախ

Ունենալ զարգացող և արդար Հայաստան ու Արցախ

Ունենալ արժանապատիվ ու համերաշխ հայկական աշխարհ

Այս հավաքի յուրաքանչյուր մասնակից հստակ ուղերձ է հղում արտաքին աշխարհին՝ բարեկամներին, միջնորդներին ու բոլոր հարևաններին.

Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

Հայաստանը պատրաստ է քննարկել բոլոր բարդ հարցերը;

Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների, կոնկերտ լուծումների։

Բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման և հայրենազրկման գնով։

Չի կարող ստորագրվել և վավերացվել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Դա պատռվելու է մեր կողմից, և իշխանափոխությունից հետո հայտարարվելու է առոչինչ:

Միջազգային հանրությունը պետք է լավ հասկանա,որ Նիկոլը Հայաստանը չէ, Նիկոլը հայ ժողովուրդը չէ, Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտողը չէ:

Այսքանը այսօրվա հավաքի մասին։ Հիմա մեր առաջիկա անելիքները.

Սիրելի ժողովուրդ, քույրեր և եղբայրներ,

Ի՞նչ է կատարվում մեր շուրջը. օրվա իշխանությունը, ապագա կա կարգախոսի տակ, մեզ առաջարկում է նոր կապիլուլիացիա։Այս իշխանությունը մեր հայրենիքը դրել է վառոդի տակառի վրա։

Օրվա իշխանությունները մեր ժողովրդին  համոզում են, որ սպասվող զիջումները թեև ցավալի են, բայց կենսական չեն։Մեզ համոզում են, որ հնարավոր է զիջել հայրենիքի մի մասը, բայց ապրել երջանիկ։Մեզ համոզում են, որ հայրենիքի մի մասը պետք է զիջել,մնացած մասը պահելու համար:Եվ ամենագլխավորը,մեզ ասում են՝ եկեք հայրենիքի մի մասը տանք,որ փրկենք կյանքեր և ապրենք խաղաղ:

Աշխարում չկա մի ժողովուրդ, որն առաջնորդվել է այդ բանաձևով և այսօր պետություն ունի։ Արդպես մտածող ազգերը կամ վերացել են կամ վաղուց  դարձել թափառական:

Մեր ազգը հազարամյակներ գոյատևել է այլ սկզբունքով՝ կյանքը տալ հանուն հայրենիքի։Եթե այսօր մենք կանք,այստեղ ենք,հայրենիք ունենք,դա մեր ժողովրդի հերոսական զավակների շնորհիվ է,ովքեր իրենց կյանքի գնով պահել են հայրենիքը:

Փառք մեր հերոս տղերքին:

Կապիտուլիացիայից հետո մեզ համոզում էին հայրենիքի մի մասը զիջելով՝ խաղաղության դարաշրջան կբացեն,այլևս զոհեր չենք ունենա,բայց ի՞նչ եղավ՝հայ զինվորը զոհվեց արդեն Ջերմուկում և Վարդենիսում։Բոլոր նրանք, ովքեր ասում են զիջենք հանուն կյանքեր փրկելու խաղաղության անվան տակմեր ժողովրդին տանում են նոր ցեղասպանության։

Իրական խաղաղության հասնելու համար նախ պետք է ապահովել երկրի  պաշտպանությունն և անվտանգությունը։ Առանց դրա մնացածը ազգային նվաստացում է և նոր կապիտուլյացիա:

Սրիելի հայրենակիցներ,

Մենք բոլորս քաջ գիտակցում ենք՝ իսկապես ծանր վիճակում ենք, բայց երբհարցերը դրվում են հստակ, երբ նպատակները լինում են ազնիվ, հաջողությունն անխուսափելի է։ Ուրեմն՝ ոչ մի վհատվել, ոչ մի հուսահատություն։Կապիտուլյացիային դիմագրավելու մեր ներուժը սպառված չէ։

Մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցերին ՝ ինչպես կանխել Հայաստանի վերահաս կապիտուլյացիան։Ինչպես դիմագրավել առկա մարտահրավերներին:

Կապիտուլյացիան  կարող ենք կանխել ՝ միայն ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ դրոշով համահայկական զարթոնքի ալիք բարձրացնելով։Եւ որպես կարևոր հանգրվան՝ Ազգային իշխանություն ձևավորելով:

Ինչ պետք է անի ազգային իշխանությունը և ինչպես

  1. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում, համահայկական զորաշարժի իրականացում,
  2. պաշտպանության եւ անվտանգության հրատապ խնդիրների լուծում,
  3. կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցության ապահովում:

Այս երեք ուղղություններով հետեւողական, ամենօրյա տքնաջան աշխատանք պետք է իրականացվի նոր որակի իշխանության կողմից՝ կարող, բանիմաց, նվիրյալ ազգային գործիչների ջանքերի մեկտեղմամբ։ Ուժեղ Հայաստան ունենալու համար մենք պետք է ունենանք ազգային իշխանություն, նոր բանակցող, նոր որակի իշխանություն:

Մենք այս ընթացքում մի շարք քննարկումներ ենք ունեցել  դիվանագետների, զինվորականների,պրոֆեսիանալմասնագետների հետ  և պատասխանատու կերպով հայտարարում ենք՝ այս երեք կենսական գործողություններն իրականացնելու ռեսուրս հայ ժողովուրդ ունի, և մենք դա անելու ենք։

Իսկ ինչպե՞ս պետք է ձևավորվի նոր իշխանությունը և ե՞րբ. սրանք հարցադրումներ են որ հնչում են ամեն օր:

Մեզ առաջիկայում սպասվում են շրջադարձային իրադարձություններ. իրադարձություններ, որոնք որոշելու են մեր լինել-չլինելու հարցը։

Հայաստանի ազգային ուժերը հասկանում են պահի օրհասականությունը և ունեն կամք ու պատասխանատվություն կանխելու վերահաս կապիտուլյացիան։

Մենք  ձեռքներս ծալած նստած չենք:Այսօրվա հավաքը ապացույցն է:

Սիրելի հայրենակիցներ

Դուք մեզ տվել եք Արցախը և ՀայաստանիՀանրապետությունը պաշտպանելու մանդատ, մենք դա անում ենք, կամքի և  վճռականության պակաս չունենք,բայց վերջնական հաղթանակին հասնելու համար մեզ պետք է նաև փողոցում ու հրապարակներում հավաքված մարդկանց անհաղթահարելի ուժը։ Այդ ուժը պահովելու է ազգային իշխանության ձևավորումը։ Մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է արվի դա:Սենք հիմա խնդիր ունենք անհրաժեշտ եւ բավարար պայմաններ ապահովելու  և առանց ցնցումների համաժողովրդական պոռթկումով,  ճիշտ պահին ազատագրելու մեր երկիրը:

Սիրելի հայեր,

Մեզ պետք է համահայկական զորաշարժ, մեզ  պետք է մեր առաջ քաշած օրակարգին  հանրային լայն և անվերապահ աջակցություն, դա աջակցություն է Հայաստանին և Արցախին,յուրաքանչյուրիսընտանիքին։Մենք չենք պայքարում, որ իշխանություն ունենաք։Մենք պայքարում ենք, որ հայրենիք ունենանք։Մենք չենք պայքարում, որ մեզանից մեկը վարչապետ դառնա։Մենք պայքարում ենք, որ Հայաստանըլինիև առհասարակ վարչապետ ունենա:

Հետևաբար մեր պայքարը նահանջ չի ճանաչում, մենք համակերպվող, հուսահատվող տեսակ չենք, գնալու ենք մինչեւ վերջ։

Սիրելիընկերներ, քույրեր և եղբայրներ,

Գիտեմ, որքան մեծ է ստեղծված իրավիճակից վայրկյան առաջ դուրս գալու բոլորիս ցանկությունը։Գիտեմ՝ վերջնական հաղթանակի ուշանալը որքան է հուսահատեցնում, հիսաթափեցնում հատկապես ամեն օր պայքարող մարդուն:

Մենք ընդունել և ընդունում ենք բոլոր առողջ և սրտացավ քննադատությունները

Մենք մեր սխալներից և բացթողումներից դասեր քաղել ենք,մենք այլևս վրիպելու և չհաջողելու տեղ չունենք:

Սա իսկապես ծանր, բայցև կենսական պայքար է։

Բայց չէ որ մեր զինվորներն աննահանջ և հերոսական կռվիվ են տվել պատերազմի ամբողջ ընթացքում, չեն լքել խրամատը, ընկերոջը։

Որոշողը հրապարակում կանգնած հայ մարդն է լինելու, նաէորոշելու իր ճակատագիրը և ապագան:

Ոչ մի թղթի կտոր չի երաշխավորելու մեր ինքնիշխանությունը, մեր անվտանգությունը, խաղաղ ու  արժանապատիվ ապրելու մեր իրավունքը։ Ոչ մի երկիր պարտավոր չէ եւ չի պաշտպանելու մեզ, եթե ինքներս մեզչպաշտպանենք։ Ոչ մի դաշնակից մեր շահերը չի պաշտպանի, եթե մենք ինքներս այդ շահերը չենք գիտակցում։

Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերակերտելու հրամայականի առջեւ ենք։

Դեռ Դարեհ առաջիննէասել՝ հայերին հնարավոր չէ հաղթել, նրանց պետք է պառակտել:

Այսօր՝ ազգային համերաշխության այսհանրահավաքով, ձեզանից յուրաքանչյուրը հաստատեց՝ մենք կրկին կդառնանք միասնական և կհաղթենք:

Աստված պահապան մեր պետությանը և ազգին։Ձեզանից յուրաքանչյուրին։

Խաղաղությունն Արցախն է։

Խաղաղությունը Հայոց պետականությունն է։

Խաղաղությունը ծնվում է այս հրապարակում։

Հավատացեք, ուժեղ եղեք։ Մենք հաղթելու ենք։

Նաիրի Հոխիկյանի ելույթը

Թշնամու հաջորդ թիրախը Սեւանա լիճն է. Արդեն Արտանիշի, Փամբակի, Գեղամասարի վերեւում կանգնած են, եւս մեկ նահանջ մեր կողմից եւ թշնամին կհայտնվի Սեւանա լճի ափին, դուք պատրա՞ստ եք Սեւանա լճում տեսնել ադրբեջանական նավեր Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ազատության հրապարակում միասնության հանրահավաքի իր էլույթում նշեց լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը:

«Թշնամին խնդիր ունի գրավել Վարդենիսից մինչեւ Ճամբարակ, Արտանիշ, Փամբակ, Գեղամասար, Ակունք  գյուղերը եւ առաջ գալ: Դրա մասին նա հայտարարել է անթաքույց: հանգիստ չենք ապրի Արցախը հանձնելով: Արցախը հանձնելուց հետո կորցնելու ենք ամբողջ Հայաստանը, թշնամի հաջորդ թիրախում Տավուշի մարզն է, որովհետեւ խնդիր ունի Վրաստանի հարավը գրավելու, Մառնեուլը գրավելու: Սա նաեւ վրացիները թող լավ հասկանան»,-ասաց նա:

Հոխիկյանի խոսքով, թուրքերը 900 տարի շարունակ նաեւ այսօր մտածում են փողով հայերին հաղթելու մասին. «Էլի փողով, էլի ասֆալտ անելով, էլի թոշակներ բարձրացնելով փորձում են մեզ խաբել: Արդյոք մենք պատրաստ ենք հանուն այդ թոշակլի, ասֆալտի վաճառել Արցախն ու մեր հայրենիքը: Իհարկե պատրաստ չենք: 1921-ին Աթաթուրքն ասում էր՝  պայքար Հայաստանի դեմ հնարավոր է մեկ տարբերակով, հայերին համոզել հրաժարվել բանակից եւ նրանց խաղաղության պայմանագրի անվան տակ տանել կործանման: 100 տարի հետո Էրդողանը նույնն է անում Ալիեւի հետ: Խաղաղության պայմանագիրը մեզ այսօր տանելու է ամբողջական կործանման: Հետեւաբար, ոչ մի դեպքում չի կարող խաղաղություն լինել ամեն պայմանով»,- ընդգծեց Հոխիկյանը:

Նրա կոչով հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «Ղարաբաղը մերն է»:

Լուսանկարները՝ Ազդակ օրաթերթի, լրատվությունը ՝ news.am-ի/Լուրեր Հայաստանից – NEWS.am/

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում