Հայաստանի եվրոպական ինտեգրման եկամուտներն ու ծախսերը

  • 04.11.2022
  • 0
  • 404 Views

Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ երկու ֆինանսական հաստատություն՝ «Եվրոպական ներդրումային բանկը» եւ «Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկը» Հայաստանում 2023 թ. ընթացքում պետք է ֆինանսավորեն 55 մլրդ 747 մլն դրամ հանրագումարային արժեքով ծրագրեր:

2022 թ. ճշտված բյուջեով նախատեսվում է, որ նման եղանակով իրականացվող ֆինանսավորման գումարը պետք է կազմի 42 մլրդ 712 մլն դրամ:  2021 թ. փաստացի ֆինանսավորման ծավալը կազմել է 20 մլրդ 497,8 մլն դրամ:

«Թվերը նկատելի ձեւով ցույց են տալիս, որ այդ աջակցության ծավալները գնալով ավելի մեծ նշանակություն են ստանում մեր նախարարությունների կողմից իրականացվող ծրագրերում»,- ընդգծել է Տիգրան Խաչատրյանը:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ նախարարության համար առաջնային են մնում քաղաքական երկխոսության ակտիվացումը, Հայաստանի եւ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետեւանքների վերացումը, առաջին հերթին՝ հումանիտար, հայկական տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը, հակամարտության վերջնական կարգավորումը, մարդասիրական աջակցության տրամադրումը: Առաջնային է նաեւ Եվրոպական միության եւ ԵՄ բոլոր կառույցների հետ ոլորտային համագործակցության խորացումը, իրավական փաստաթղթերով Հայաստանի ստանձնած հանձնառությունների ամբողջական իրականացումը, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու տնտեսական ցնցումների հաղթահարումը:

2023 թ. նախատեսվում է Հայաստան-ԵՄ կանոնադրական մարմինների նիստերի անցկացումը՝ Հայաստանում եւ ԵՄ երկրներում եւ այլն: Կշարունակվեն խորհրդարանական համագործակցության՝ ընդունված ձեւաչափերով աշխատանքները: Փոխնախարարը ներկայացրել է նաեւ մյուս ծրագրերը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաջորդիվ հայտնել է, որ Հայաստանի արտաքին առեւտուրն ընդհանուր առմամբ աճել է, աճել է նաեւ ԵՄ երկրների հետ առեւտրի ծավալը: Նախորդ տարվա համեմատ ԵՄ երկրների հետ առեւտուրն աճել է 24,5 տոկոսով: Առեւտրաշրջանառության ծավալն առաջին 8 ամիսների ընթացքում կազմել է 571 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումն աճել է 24,5 տոկոսով, ներմուծումը՝ 44,8 տոկոսով:

Նախարարը նաեւ հայտնել է, որ նախորդ ամիս Պրահայում կայացած ԵՄ-Արեւելյան  գործընկերություն համաժողովի ընթացքում եվրոպացի գործընկերների հետ քննարկվել է երկարաժամկետ դրամային ֆինանսավորման տրամադրման անհրաժեշտությունը: «Մեզ համար հիմա շատ կարեւոր է, որպեսզի  ստեղծենք խողովակ, որով հայկական բանկերը կկարողանան երկարաժամկետ դրամային ֆինանսավորում ստանալ եվրոպացի գործընկերներից, որը կուղղվի Հայաստանում տնտեսության զարգացմանն ու հայկական փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը»,-մասնավորապես, ասել է Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով հարցի ընթացքը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում