«Արցախն այսօր» կամ «Մենք ընտրել ենք մեր հողը կյանքի գնով պահելու տարբերակը»՝ երկխոսություն գերմանահայերի հետ

  • 04.11.2022
  • 0
  • 166 Views

Մեկշաբաթյա այցով՝ հոկտեմբերի 28–ից նոյեմբերի 3–ը,  Գերմանիայում էին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականներ Լուսինե Ղարախանյանն ու Ազատուհի Սիմոնյանը։ Տեղի հայկական համայնքներին հետպատերազմյան Արցախը ներկայացնելու նպատակով նրանց այստեղ էր հրավիրել գերմանահայերի հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։

Խորհրդականները նախ հանդիպումներ ունեցան Շտուտգարտի, Քյոլնի, Հաննաույի, Բրեմենի, Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և ապա նույն ասելիքով այցելեցին Բեռլինի հայկական եկեղեցական և մշակութային համայնք։

Բեռլինի «Հայ տանը» ողջունելով  ներկաներին՝ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը ներկայացրեց հյուրերին, նրանց այցի նպատակը՝ շեշտելով, որ Արցախի հարցը թևակոխել է մի նոր պայքարի փուլ, հարկավոր է ուշիուշով հետևել զարգացումներին և մասնակցել հայրենիքի շենացմանը։

ԱՀ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական տիկին Ազատուհի Սիմոնյանը, ով ծնունդով իրանահայ է, հայրենադարձվել  է մոտ քսան տարի առաջ և վերջին ութ տարին է, որ հաստատվել է Արցախում,  իր ելույթում  նշեց, որ իրենք Սփյուռք հայրենիք ամուր կապը կարևորում են․ «Մենք եկել ենք ձեզ պատմելու այսօրվա Արցախի, այնտեղ  ապրող մեր հայրենակիցների խնդիրների և առօրյա հոգսերի մասին, որը բոլորինս է։ Իմ օրինակով պիտի ասեմ, որ, եթե  մարդ մեկ անգամ  մտնում է Արցախ, սիրահարվում է, և այլևս անհնար է առանց Արցախի։ Մենք եկել ենք նաև ձեզ հրավիրելու Արցախ հենց այս դժվար օրերին, որովհետև թշնամին անընդհատ կեղծ լուրեր է տարածում, որ իբր Հայաստան Արցախ ճանապարհը վտանգավոր է։ Այն միակողմանի կիսադատարկ է , որովհետև որ դուք այժմ թշնամու կեղծ խայծերն եք կուլ  տալիս։ Եկե՛ք Արցախ, ինքներդ կհամոզվեք, որ դա սուտ է»։

Բանախոսը ներկայացրեց կորուստները՝  նյութական, հոգևոր, մարդկային և այլն։ Ցավալի փաստերից մեկի վրա շեշտ դնելով՝ պատմեց, թե ինչ ավերումներ են տեղի ունենում։ Դրան զուգահեռ  լայնածավալ  շինաշխատանքներ են կատարաում օկուպացրած մեր տարածքներում՝ թունելներ, կամուրջներ, ճանապարհներ և այլն։ Հատկապես ճանապարհներն անցկացնում են հայկական գյուղերի գերեզմանատների վրայով, պղծում են մեր գերեզմանները՝ բնականաբար դիտավորություն ունեն՝  հայկական հետքը վերացնելուց զատ հոգու ցավ առաջացնել ․ «Թշնամին անմարդկային ատելությամբ է մեզ հետ հարաբերվում և պահանջում խաղաղության պայմանագիր, երբ ինքը բոլոր ու բոլոր կարմիր գծերը հատել է շատ վաղուց»։

Ինչպես նշեց տիկին Սիմոնյանը, Արցախի տնտեսությունը հիմնված է մեծ մասամբ գյուղատնտեսության վրա, ինչպես օրինակ՝ ցորեն, այգիներ, անասնապահություն, բայց այժմ կորցրել ենք գյուղնշանակության հողերի մոտ 80 տոկոսը, անասնագլխաքանակի 50 տոկոսը։ Հայաստանի ցորենի պաշարի տարեկան քսանհինգ տոկոսի մատակարարը Արցախն էր, այժմ ինքը ցորենի կարիք ունի։ Նա խոսեց բազմաթիվ խնդիրներից, որոնք այժմ խիստ անհանգստացնում են կառավարությանը՝ պարենի խնդիր, հոսանքի, գազի, բնակարանների, տեղահանվածների և այլն։ 39․000 տեղահանվածներից 20․500–ն այժմ  գտնվում են ՀՀ–ում, որովհետև Արցախում չկա ազատ տուն։ Սակայն նրանց գերակշիռ մասնը ցանկանում է Արցախ վերադառնալ։ Կառուցման ընթացքի մեջ են 3․200 բնակարան ու տուն՝ Արցախի ու Հայաստանի պետբյուջեների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։

«Մեր կամքն աննկուն է, Արցախը մերն է, արցախցու ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ։ Վերջակետ։ 12․000 քառ․ կմ  Արցախի համար զոհվել է  12․000 հայորդի։  Սա չափազանցված թիվ չէ, այլ՝ իրականություն, այս հողը սրբացած հող է, իսկ սրբացած հողի հետ թղթով որոշումներ չեն անում,  և այն երբեք չի լինելու ադրբեջանական։ Դեռ ոչինչ վճռված չէ, ամեն ինչ առջևում է»,– իր խոսքն այսպես եզրափակեց տիկին Սիմոնյանը։

Արցախի Հանրապետության նախագահի կրթության, գիտության և մշակույթի հարցերով խորհրդական տիկին Լուսինե Ղարախանյանն իր խոսքում նշեց, որ այժմ մենք պատերազմի երկրորդ փուլում ենք՝ հոգևոր և մշակութային՝ պատմամշակութային արժեքների կորստյան։ Օկուպացված են մեր հուշարձաններից ավելի քան 2․000–ը, 12 թանգարաններ՝ մոտ 21․000 ցուցանմուշներով։

«Այժմ իրենք ավերում, պղծում են մեր հայրենիքը՝ քանդում են հուշարձանները, հանում են խաչերը, վերափոխում են եկեղեցիները մզկիթների, ինչ խելքներին փչում է, անում են։ Առանձնակի եռանդով են ոչնչացնում առաջին պատերազմից հետո զոհված տղաներին նվիրված հուշակոթողները, տապանաքարերը՝ ուրիշ ագրեսիայով։ Օրինակ՝ Մեծ Թաղերի, Սղնախ գյուղերի գերեզմանատների վրայով լայն ճանապարհ են կառուցում։ Ուդիների մի խումբ են ճարել, խեղճերը պատանդ են դրանց ձեռքին, բերում ինչ–որ ծիսակարգեր են անում՝ անվանում մեր եկեղեցիները աղվանական։ Միշտ նույն խումբն է գալիս, հետևում ենք։ Դասագրքերն ու հեքիաթները, որ ուսումնասիրում ենք, ապշում ենք՝ ատելություն են քարոզում։ Աշխարհի ոչ մի երկրում  նման բան չկա։ Պատերազմից հետո լույս տեսած գրքերն էլ բառեր չունեմ նկարագրելու, թե ինչ են իրենցից ներկայացնում, ինչպես են պատկերազարդված օրինակ՝ տարրական դասարանի գրքերը»,– ներկայացրեց տիկին Ղարախանյանը։

Բանախոսը պատմեց, որ իրենք անդադար տարբեր փորձեր են անում փրկելու մեր մշակույթի տարրերը։ Օրինակ՝ առաջին պատերազմից մնացած ադրբեջանցի նկարիչների աշխատանքները ցանկացել են հայկականի հետ փոխանակել, թշնամին սակայն չի համաձայնվել․ «իրենց, փաստորեն, չի հետաքրքրում իրենց ժառանգությունը»։

Պատերազմի հետևանքով Արցախը կորցրել է 112 դպրոց։ Այժմ  նոր՝ «Երկարօրյա դպրոց», ծրագիրն են իրականացնում, որ ընտանիքին ազատեն որոշ հոգսերից, իսկ ծնողն աշխատի կամ ինքնակրթությամբ զբաղվի։ Տիկին Ղարախանյանի հավաստիացմամբ, Արցախում մեծանում է մի սերունդ, ով շատ լավ գիտի, թե ինչ է կատարվել  և ինչու, մեծանում է վրեժխնդիր սերունդ։

«Մենք ընտրել ենք մեր հողը կյանքի գնով պահելու տարբերակը։ Ապրում ենք մեր հայրենիքում, արարում՝ տագնապը և վրեժխնդրությունը մեր սրտերում։ Մենք գիտենք՝ ինչ ենք ուզում և հետևողական գնալու ենք դրա հետևից, որովհետև մեր մեջ խոսում է չորսհազարամյա քաղաքակրթությունը, և դա մեր ազգի միակ ռեսուրսն է»,– ամփոփոց տիկին Ղարախանյանը։

Վերջում ունկընդիրները հարցեր ուղղեցին բանախոսներին։ Նրանցից դր․ Ժիրայր Քոչարյանն առավել կարևոր համարեց Բեռլինում Արցախի հարցերով զբաղվող հանձնախումբ ստեղծելու անհրաժեշտությունը։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի ընթացքում և դրա ավարտից ի վեր ցուցաբերած օգնության համար իր շնորհակալական խոսքն էր ուղղել գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանին՝ շնորհելով նրան «Վաչագան Բարեպաշտ» մեդալ։ Վերջինս էլ իր խոսքն ամփոփելով՝ նշեց, որ առաջնորդարանի միջոցով գերմանահայերը ևս մեկ փոքրիկ ծրագիր կյանքի կկոչեն Արցախում․ «Այս անգամ փորձենք 12 ընտանիքի ջրատաքացուցիչների գումարը տրամադրել»։  

Գայանե Առաքելյան

Բեռլին

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում