Չեխական «Բժշկություն եւ արվեստ» /Medicína a umění / ամսագիրն այս տարվա վերջին՝ երրորդ համարում անդրադարձել է պրահայաբնակ հայտնի գեղանկարիչ եւ քանդակագործ Հովիկ Մուրադյանի արվեստին՝ պարբերականի շապիկին զետեղելով նկարչի աշխատանքը։
Ամսագրի տարբեր էջերում նույնպես տեղ են գտել հայ արվեստագետի գրեթե 10 աշխատանքների մեծադիր լուսանկարները, որոնք ինչ որ չափով ամբողջացնում են նրա արվեստի մասին պատկերացումները։ Նշենք, որ թեեւ գունազարդ ամսագիրը նախատեսված է բժիշկների համար, սակայն նրանում մեծ տեղ է հատկացվել արվեստի տարբեր ճյուղերին։
«Բժշկություն եւ արվեստ» ամսագիրն այս համարում տպարգել է ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հոդվածը՝ նվիրված նկարչի անցած ուղուն եւ ստեղծագործական նվաճումներին։
Հովիկ Մուրադյանը ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 3-ին Երեւանում՝ գեղանկարիչ Շավարշ Մուրադյանի ընտանիքում։ Ավարտել է Հակոբ Կոջոյանի գեղարվեստի դպրոցը եւ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1990 ականներից ընտանիքով տեղափոխվել եւ բնակվում է Չեխիայում։ Այստեղ Հովիկ Մուրադյանը դարձել է նկարիչների միության անդամ, մասնակցել բազմաթիվ ցուցահանդեսների, նրա աշխատանքները տեղ են գտել արտերկրի տարբեր անհատական հավաքածուներում։
Այսօր էլ նա տարբեր ցուցահանդեսների է մասնակցում թե՛ Չեխիայում, եւ թե՛ Եվրոպական երկրներում։ Գեղանկարչական աշխատանքներին ավելացել են նաեւ նրա նուրբ եւ տպավորիչ քանդակները, որոնք մեծ պահանջարկ են վայելում արվեստասերների շրջանում։ Դեռեւս Կոջոյանի անվան դպրոցում ուսանելիս, նա մասնակցել էր նաեւ քանդակագործության դասընթացներին։
Վերջին տարիներին Հովիկ Մուրադյանը Պրահայում բացել է «Հովիկ» արվեստի գալերիան, որտեղ ոչ միայն ցուցադրվում, այլեւ վաճառվում են նրա աշխատանքները։
Շնորհալի հայ գեղանկարիչը երբեք չի բավարարվում իր նվաճումներով, այլ անընդհատ ստեղծագործական պրպտումների ու նոր բացահայտումների մեջ է։
Այս տարի Պրահայում ավանդաբար անցկացվող Lughnasadh 2022 փառատոնում՝ Լապիդարիում ցուցասրահում կրկին ցուցադրվել էին ոչ միայն Հովիկի, այլեւ նրա հոր եւ որդու՝ Դավիթի աշխատանքները։ Վերջինս փորձում է շարունակել ընտանեկան ավանդույթները։
Եվ քանի որ այսօր մեր բազմաշնորհ հայրենակցի ծննդյանն օրն է, ջերմորեն շնորհավորում ենք նրան եւ մաղթում ստեղծագործական նորանոր նվաճումներ՝ հետաքրքիր աշխատանքների ու նոր ցուցահանդեսների ակնկալիքով։
Օրեր եվրոպական ամսագիր
orer.eu