Կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր Վահե Շահվերդյանը

  • 31.10.2022
  • 0
  • 214 Views

Հայաստանի թատերական գործիչների միությունը խորը ցավով հայտնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը:

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Շահվերդյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։»,- ասվում է ցավակցական ուղերձում։

Վանաձորաբնակ հայտնի դրամատուրգ Սամվել Խալաթյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայտնի ռեժիսորի կորստին, գրելով. «Անդարձ հեռացողների մասին սովորաբար ասում են՝ ի՞նչ տարավ աշխարհից… Մինչդեռ, պետք է ասել՝ ի՞նչ թողեց աշխարհին: Վահե Շահվերդյանը մեզ և սերունդներին թողեց բարձրակարգ, յուրօրինակ մեկնաբանություններով 85 բեմադրություն, մեր թատերարվեստի տարեգրության մեջ չխամրող էջ, թատերական կրթության ասպարեզում նոր սերնդի դերասանների ու բեմադրիչների բույլ և արվեստագետի ընկերակցության հմայք…

Լույսերի մեջ լինես, Մաեստրո»։

Վահե (Ֆլոբեր) Սուրենի Շահվերդյանը ծնվել է 1945 թվականի օգոստոսի 19ին Կիրովականում/այժմ Վանաձոր/։ Նա ՀԽՍՀ վաստակավոր արտիստ էր, Հայաստանի ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վասատակավոր գործիչ։

1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (ուսանել է Ռաֆայել Ջրբաշյանի մոտ)։ 1973-1996 թվականներին եղել է Վանաձորի դրամատիկական թատրոն գեղարվեստական ղեկավար։ 1992 թվականից դասախոսել  է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1994-1998 թվականներին՝ ռեկտոր, 2003 թվականից պրոֆեսոր, 1996-2008 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար։ ՀՀ Աժ պատգամավոր է եղել  1995-1999 թվականներին։ 2008 թվականից Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր ։ Աշխատում էր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, ինչպես նաև ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղում։

Վահե Շահվերդյանը ութսունհինգ բեմադրությունների հեղինակ է, որոնցից շատերը հաջողությամբ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում՝  ՌուսաստանԼիտվաԼատվիաՎրաստանՈւկրաինաՄոլդովաՊորտուգալիաՖրանսիաՇվեյցարիաԻտալիաԿոլումբիաԼեհաստանՉեխիաԹուրքիաՊարսկաստան։

Շահվերդյանի լավագույն ներկայացումը համարվում է Ա. Չեխովի «Երեք քույր» ներկայացումը, որը Լիսաբոնոմւ արժանացել է Առաջին մրցանակի, մեծ ընդունելության է արժանացել նաեւ Ֆրանսիայում։

Ինքնատիպ աշխատանք է համարվում նաև Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբայի աղջիկները» դրաման, որտեղ անսամբլային դերակատարման շնորհիվ ներկայացումը հաջողություն գրանցեց, իսկ ինքնատիպ դերակատարումով առանձնացավ և «Վահագն» մրցանակի արժանացավ Պոնսիայի դերակատար, Հայաստանի վաստակավոր արտիստուհի, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Գրետա Մեջլումյանը։

Շահվերդյանական բեմադրությունների հատկապես առաջին և երկրորդ շրջանում նկատելի էր աճեմյանական ռեժիսորական ձեռագրի ազդեցությունը։

Պետք է արձանագրել, որ հատկապես 1970-80ական թվականներին, երբ Շահվերդյանը ղեկավարեց Կիրովականի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը, այդ տարիները դարձան թատրոնի վերածննդի եւ զարգացման շրջան։ Նա կարողացավ հավաքել տաղանդավոր դերասանների մի աստղաբույլ, որոնց մեջ էին հին սերնդի եւ նոր սերնդի անվանի դերասաններ, ինչպիսիք էին Լենա Փաշինյանը, Վլադիմիր Գրիգորյանը, Ռոզա Մխիթարյանը, Նաիրա Քալաշյանը, Գրետա Մեջլումյանը, Հակոբ Ազիզյանը, Ռազմիկ Խոսրոեւը, Ժակ Գաբրիելյանը, Արամ Մխիթարյանը եւ շատ ուրիշներ։ Նրա Երեւան տեղափոխվելուց հետո, նաեւ ցրվեց ու նոսրացավ թատրոնի դերասանական կազմը։ Շահվերդյանի ղեկավարման տարիներին Կիրովականի թատրոնի բեմադրությունները ցուցադրվում էին նաեւ Հայկական հեռուստատեսությամբ, հյուրախաղերի էին մեկնում ոչ միայն Խորհրդային Միության տարբեր քաղաքներ, այլեւ ՝ արտասահմանյան երկրներ։

Այսօր, անվանի ռեժիսորի աշխատանքը շարունակում է նրա որդին՝ բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը, որի բեմադրությունները նույնպես արժանանում են մրցանակների արտերկրում, նաեւ՝ Չեխիայում։ Նրա աշխատանքը շարունակում են նաեւ այն բազմաթիվ ուսանողները, որոնց ժամանակին դասավանդել է Վահե Շահվերդյանը։

ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմի անունից խորապես ցավակցում ենք Սուրեն Շահվերդյանին եւ ընտանիքի անդամներին։ Աստված հոգին լուսավորի։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում