
Հոկտեմբերի 30-ին չեխական Յիհլավայում ավարտվեց Վավերագրական ֆիլմերի 26-րդ միջազգային կինոփառատոնը, որի ընթացքում փառատոնային 22 բաժիններում ցուցադրվեցին 376 տարբեր ֆիլմեր։
Երեկ փառատոնի «Հատուկ ցուցադրություն» բաժնում Հորացկե թատրոնի լեփ-լեցուն դահլիճում ցուցադրվեց Արտավազդ Փելեշյանի վերջին՝ «Բնություն» ֆիլմը։ Փառատոնի ծրագրում նշված է , որ հայ հանճար Արտավազդ Փելեշյանի էպիկական ֆիլմը վերաբերում է բնության տպավորիչ և կործանարար ուժին: Իսկ այս փառատոնին նվիրված գրքում անգլերեն եւ չեխերեն լեզուներով հրատարակվել է 1992 թվականին Փարիզում ձայնագրված Ժան-Լուի Գոդարի եւ Արտավազդ Փելեշյանի զրույցը։

Իրապես, ողջ ֆիլմն անցնում է բնության արհավիրքների ու մարդկային պայքարի միջեւ, հզոր երաժշտությունը մրցակցում է բնական աղետների հետ, իսկ ֆիլմի վերջում հասկանում ես, որ որքան անզոր է մարդ արարածը բնության ջրհեղեղների, հրաբուխների, փոթորիկների ու մրրկահողմերի դեմ։ Ֆիլմում, որտեղ ոչ մի խոսք չկա, երաժշտությունը խոսում է Բեթհովենի, Մոցարտի, Ավետ Տերտերյանի կամ Տիգրան Համասյանի միջոցով։
Ինչպես արդեն գրել ենք մի առիթով, ռեժիսորը ֆիլմը նվիրել է իր տիկնոջը՝ Աիդա Գալստյանին։

64 րոպեանոց ազդեցիկ ֆիլմը Ֆրանսիական, գերմանական եւ հայկական համատեղ արտադրություն է, որը իրականացվել է Ֆրանսիական «Կարտիե» հիմնադրամի, Գերմանիայի եւ Հայաստանի աջակցությամբ։ Ֆիլմի պրեմիերաններն արդեն տեղի են ունեցել Երեւանում, Փարիզում եւ Վենետիկում՝ Վարպետի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականին Յիհլավայի միջազգային կինոփառատոնը հյուրընկալեց Մեծ վարպետին՝ Արտավազդ Փելեշյանին, եւ փառատոնի գլխավոր տնօրեն Հովորկան նրան հանձնեց Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար մրցանակը։ Այդ օրերին փառատոնում անցկացվեց նաեւ վարպետի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։
Յիհլավայի կինոփառատոնում այս տարի «Չեխական ուրախություն» անվանակարգում «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել Լուսիե Կրալովայի «Կապրկոդ»/Kapr Code/ ֆիլմը, որը նվիրված է հայտնի կոմպոզիտոր Յան Կապրին։ Միջազգային մրցույթի Opus Bonum անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել Յուդիթ Աուֆրեյի/Judith Auffray/ ֆրանսիական «Սեւ ծիտ»/Blackbird/ ֆիլմը, իսկ Միջին եւ Արեւելյան Եվրոպայի լավագույն ֆիլմ է ընտրվել խորվաթական « Դասալիքներ»/Deserters/ ֆիլմը, Լավագույն դեբյուտային ֆիլմ է ճանաչվել կանադացի Ֆանիե Պելետերի/Fanie Pelletier/ «Բլում»/Bloom/ ֆիլմը։ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար մրցանակին է արժանացել սլովակ կինովավերագրող Դուշան Հանակը։ Այլ անվանակարգերում նույնպես տրվել են մրցանակներ եւ հատուկ պարգեւներ։
Հ.Ա.
orer.eu

