Չեխաբնակ անվանի գեղանկարիչ Գագիկ Մանուկյանի հոբելյանական ցուցահանդեսը Երեւանում

  • 29.10.2022
  • 0
  • 143 Views

Դեռեւս անցյալ ամիս Հայաստանի նկարիչների միությունում հանդիսավոր արարողությամբ բացվեց չեխաբնակ հայտնի գեղանկարիչ  Գագիկ Մանուկյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված նրա 70-ամյա հոբելյանին։ Արվեստասեր հանրության դատին ներկայացված 120-ից ավելի մեծադիր կտավները ընդգրկել են նկարչի տարբեր տարիների ստեղծագործությունները, ինչպես նաեւ նոր աշխատանքներ։

Ստեղծագործական գործունեության ընթացքում նա բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի բազմաթիվ երկրներում, սակայն հոբելյանական  ցուցահանդեսը նրա ստեղծագորական անցած ուղու գրավականն էր, տարիների անդուլ աշխատանքի արգասիքը։

Գագիկ Մանուկյանը ծնվել է 1952 թ. Երևանում: 1976 թ.  ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական ուսումնարանը: 1989 թ. սկսած Հայաստանի Նկարիչների միության անդամ է:

Երեւանյան հոբելյանական  ցուցահանդեսի բացմանը ելույթ են ունեցել Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Հայկ Փայասլյանը: Շնորհակալական խոսքով հանդես է եկել նաեւ նկարիչը։ Տեսաուղերձով Պրահայից ներկաներին է դիմել  արվեստի հայտնի մեկենաս Միրո Սմոլակը, ով տարիներ շարունակ համագործակցել է նկարչի հետ, կազմակերպել նրա նկարների ցուցադրությունը ոչ միայն Պրահայում, այլեւ՝ Բեռլինում։

Այնուհետեւ ներկաները դիտել են Գագիկ Մանուկյանի անցած ուղու մասին ֆիլմ, թե ինչպես է նա 1991 թվականից հայտնվել Եվրոպայում, իսկ 1996 թվականից՝ հաստատվել Պրահայում: Այսօր նրա աշխատանքները գտնվում են  աշխարհի բազմաթիվ երկրներում, հասարակական և մասնավոր հավաքածուներում: Նրա աշխատանքներն արժանացել են մի շարք մրցանակների, այդ թվում՝ 1996 թվականին Պրահայի  Մասարիկի անվ. Գեղարվեստի ակադեմիայի մրցանակին, 1999  թվականին՝   Ֆրանց Կաֆկայի անվան Եվրոպայի նկարիչների միության դիպլոմին եւ
2000 թվականին՝  Սալվադոր Դալիի անվան արվեստի մրցանակին։ Այն հարցին, թե ի՞նչ են տվել չեխական տարիները, Գագիկ Մանուկյանը պատասխանում է.« Շատ է ընդլայնվել ու փոփոխվել իմ ոճը, որի վրա ազդեցություն են ունեցել թե՛ եվրոպական, չեխական շրջապատը, թե՛ շփումները արվեստասեր հասարակայնության հետ։ Բայց այդ ամենով հանդերձ, հայկական գույները մնացել են»։

Պրահայում ստեղծագործող հայ նկարիչների շրջանում էլ նա առանձնանում է իր յուրահատուկ ոճով, որն անմիջապես մատնում է հեղինակին, նրա վրձնի հարվածների «մանուկյանական դրոշմը» ճանաչելի է նույնիսկ հեռվից։ Երբ նայում ես նրա գունեղ կտավներին, միանգամից պարզ է դառնում, որ նկարիչը ոչ միայն հայ է, այլ հենց Գագիկ Մանուկյանն է։ Հատկապես տպավորիչ են նրա բնապատկերները, ֆիգուրատիվ աբստրակտ կտավներն ու դիմանկարները։

Գագիկ Մանուկյանը եւ Միրո Սմոլակը

Նկարչի աշխատանքների հիմքում ընկած են հայաստանյան մշակույթի ու արվեստի արմատները, ինչպես նաև հայկական ավանգարդի լավագույն ավանդույթները՝ մասնավորապես, սարյանական գծերն ու գույները: Մանուկյանի ստեղծագործություններում արտացոլվում են նաև ժամանակակից արվեստի այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կուբիզմը, էքսպրեսիոնիզմը և համաշխարհային աբստրակցիոնիզմը: Նրա աշխատանքներում նկատելի են բազմազան ոճեր: Լանդշաֆտների և լիրիկական աբստրակտ նկարների պատկերավոր գույներից ներթափանցում է արևի լույսը՝ ընդգծելով լույսը մեկնաբանելու հեղինակի յուրահատուկ սերը: Գունային երանգների ուրույն հակադրության և մեղմ անցումների շնորհիվ նա ստեղծել է դինամիկ բովանդակությամբ լի կտավների աշխարհ:

Հաճախ նրա ստեղծագործական ոգեշնչումը կանացի գեղեցկությունն է, ինչը վերածվում է կտավի՝ իր ողջ հոգեբանական խորությամբ և հարուստ գույներով:

Մանուկյանը վառ և անբռնազբոս գույներով արտահայտված կտավների և նոր փորձարկումների սիրահար է։ Նրա աշխատանքները զգացմունքային են և զարմանալիորեն արտահայտում են մարդկային հոգեբանության բարդ էությունը։

Այսօր էլ Պրահայում գործում է Գագիկ Մանուկյանի  ցուցասրահը։ Հասցեն՝   Jilska 7 B, Պրահա։

Կայքէջը՝  www.gagikgallery.com

Մաղթում ենք նորանոր հետաքրքիր աշխատանքներ եւ ստեղծագործական նոր վերելքներ անվանի նկարչին։

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում