ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿԱՆՆ ԾՈՎԱՓՆՅԱ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԶԲՈՍՈւՂԻՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՖՐԱՆՍԱՀԱՅ ՇԱՆՍՈՆՅԵ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈւՐԻ ԱՆՈՒՆՈՎ
Հոկտեմբերի 26-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի ծովափնյա Կանն քաղաքում մասնակցեց հանրահայտ Կրուազետ բուլվարի հարևանությամբ գտնվող զբոսուղիներից մեկի՝ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով անվանակոչման հանդիսավոր արարողությանը։ Զբոսուղին գտնվում է Հայաստանի անունը կրող այգու և Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ու հանուն Ֆրանսիայի զոհված հայ մարտիկների հիշատակին նվիրված հուշաքարի անմիջական հարևանությամբ։
Ելույթներով հանդես եկան Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնարը, շանսոնյեի որդին՝ Նիոկլա Ազնավուրը, Կաննի և շրջակա քաղաքների հայերի միության նախագահ Յասմին Ալֆիերի-Յարդիմյանը և դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Միջոցառումն ուղեկցվեց Ազնավուրի անմահ կատարումներով և ֆրանսահայ «Երազ» համույթի պարային ելությով։
Դեսպանն իր խոսքում հարգանքի տուրք մատուցեց մեծանուն ֆրանսահայ երգչին և նրա թողած անգնահատելի մշակութային ժառանգությանը։ Լինելով Հայոց ցեղասպանությունից փրկվածների զավակ՝ Ազնավուրը Ֆրանսիայում ապաստան գտած իր հայրենակիցների հավաքական ձայնն էր, նրանց ինքնության, արժանապատվության և հիշողության մարմնավորումը տասնամյակներ շարունակ։ Դեսպանը հիշեցրեց, որ Ազնավուրն իր Մայր հայրենիքի կողքին էր ամբողջ կյանքի ընթացքում, ինչպես 1988-ի ավերիչ երկրաշարժի, Ղարաբաղյան առաջին պատերազմի և նորանկախ Հայաստանի կայացման դժվարին տարիներին։ Լինելով հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամության ամենավառ խորհրդանիշերից մեկը՝ Ազնավուրը հավատում էր, որ հայ ժողովուրդն անկասկած վերգտնելու է իր ծաղկուն գարնանային գեղեցիկ օրերը, և այսօր ևս՝ հայ ժողովրդի համար այս ծանր օրերին, Ազնավուրի անունով զբոսուղին հիշեցնելու է մեզ այդ անխախտ համոզմունքի մասին։
Ավարտելով խոսքը՝ դեսպան Տոլմաջյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Կաննի քաղաքային խորհուրդին և քաղաքապետ Դավիդ Լիսնարին՝ զբոսուղու անվանակոչման որոշման և հայ-ֆրանսիական բարեկամությանը հավատարմության համար։
orer.eu